Հակատոնածառային արշավ


 

Եթե Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Սուրբծննդյան ու Ամանորի եղևնուց հրաժարվելն իշխանությունները որպես սեփական նախաձեռնություն մատուցեցին (ասելով, թե մահմեդականներին կարող է վիրավորել քրիստոնեական այդ խորհրդանիշը), ապա դանիական մի քաղաքում` մայրաքաղաք Կոպենհագենի հարևանությամբ, մուսուլմանները թույլ չեն տվել տոնածառ զարդարել:

Քաղաքային իշխանություններն արդեն պաշտոնապես արգելել են եղևնի տեղադրել, որովհետև տեղական ինքնակառավարման մարմնում մեծամասնություն են կազմում մահմեդականները: Եվ նրանք անիմաստ են համարում փող ծախսել` իրենց քիչ հասկանալի այդ տոնի համար: Պետբյուջեն «աննպատակ» չմսխելու մտահոգությամբ տառապող վարչարարները արգելել են` նույնիսկ քաղաքացիների անձնական միջոցներով ամանորյա խորհրդանիշը տեղադրել քաղաքում: Մինչդեռ բոլորովին վերջերս մահմեդական Կուրբան-բայ րամը մեծ շուքով նշվեց դանիական այդ քաղաքում. այն էլ` պետական միջոցներով:

Ինչպես ֆլամանդական քրիստոնյա դեմոկրատների ղեկավարներից մեկը` Բիանկա Դեբատեսն է հայտարարել` «տոնածառի արգելանքը» բացառապես պայմանավորված է քրիստոնյաներին ճնշելու միտումով:

Երբ լրատվամիջոցներով տարածվեց Բրյուսելում ավանդական «Սուրբծննդյան շուկա» և «Ձմեռային հաճույքներ» տոնական միջոցառումներից հրաժարվելու լուրը, Բելգիայի իշխանություններն աճապարեցին հավատացնել, թե դա բնավ մուսուլմանների պատճառով չէ: Փոխարենը` 12 հազար բրյուսելցիներ արդեն հանրագիր են ստորագրել` պահանջելով քաղաքի գլխավոր հրապարակում տեղադրել եղևնին: Իսկ դեկտեմբերի 8-ին նրանք պատրաստվում են Գրանդ-Պլյաս հրապարակ գալ` իրենց եղևնիներով: