Աշնանային մեկնարկ


 

2012-ի աշնանային զորակոչի մեկնարկը նշանավորվեց նորակոչիկների` արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած հանդիսավոր ճանապարհման արարողությամբ: Պատահական չէր նաև միջոցառման վայրի ընտրությունը` Սարդարապատի հուշահամալիր: Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկները շուտով կհամալրեն Զինված ուժերի շարքերը: Իսկ նրանց հուշերում երկար կմնան նախարար Սեյրան Օհանյանի գոտեպնդող խոսքերն ու պատգամը.

- Զինվորական ծառայությունն, անշուշտ, ուղեկցվում է դժվարություններով: Ծառայելը տղամարդու գործ է: Դրանք առանձնահատուկ դժվարություններ են` որոշակի ռեժիմ, կարգապահություն և ուսուցման ողջ գործընթացը, որը միտված է մեր զինվորներին հայրենիքի լավագույն պաշտպան դարձնելուն: Ես գտնում եմ, որ այդ դժվարությունները արժանավայել կերպով հաղթահարելը ևս տղամարդու գործ է: Ուզում եմ թե´ ծնողներին, թե´ նորակոչիկներին ասել, որ բանակում ձեռք բերված կամային հատկանիշները չափազանց կարևոր են ոչ միայն զինվորական ծառայության ընթացքում, այլև հետագա կյանքում` ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Ես կուզեի, որ մեր երիտասարդների համար օրինակ ծառայեն իրենց պապերն ու հայրերը: Իմացեք` ձեր ավագ սերնդակիցներն ամեն ինչ անելու են, որ այն ոգին, որ գոյություն է ունեցել Արցախյան գոյապայքարի տարիներին, փոխանցեն ձեզ: Ի ուրախություն բոլորիս` ես մեկ անգամ ևս պետք է փաստեմ, որ բանակի մարտական ոգին բարձր է և օրըստօրե ավելի է ամրապնդվում: Մենք հպարտություն ենք ապրում, որ այն, ինչ արել ենք Արցախյան ազատամարտի ընթացքում, շարունակվում է այսօրվա զինվորի շնորհիվ: Այսօր ժամկետային զինծառայողները նվիրումով են անցկացնում իրենց ծառայությունը, և նրանց շնորհիվ է, որ կարող ենք առանց որևէ երրորդ ուժի, մարտական ոգու և զինվորի պատրաստության գերակայության, ուժերի հավասարակշռության շնորհիվ ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը: Ես կարծում եմ, որ այսօր էլ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք համաժողովրդական, համազգային բանակի վերածվելու:

Նորակոչիկների հետ մեր զրույցի ընթացքում համոզվեցինք, որ բանակի նկատմամբ դրական տրամադրվածությունն առկա է, և ընդհանուր առմամբ տղաները պատրաստ են ծառայությանը:

- Տրամադրությունս բավական բարձր է. լիովին գիտակցելով եմ գնում Հայաստանի Հանրապետությանը ծառայելու: Բոլոր զինվորներին և մեզ` նորակոչիկներիս անփորձանք ծառայություն եմ մաղթում, - ասում է Լենուղի գյուղից զորակոչվող Արտյոմ Գևորգյանը:

- Ես ծնունդով Արմավիր քաղաքից եմ, սակայն Ռուսաստանի Դաշնությունում եմ ապրել: Վերադարձել եմ, որ պարտքս կատարեմ: Ծառայությունից հետո կգնամ, ուսումս կշարունակեմ ու կրկին կվերադառնամ Հայաստան: Այստեղ կապրեմ ու կաշխատեմ` ի շահ իմ հայրենիքի: Այս պահին հպարտ եմ ու անբացատրելի զգացողություն ունեմ, ինչը մինչ այս անծանոթ էր ինձ: Այստեղ բոլորը կարծես հարազատ են, բոլորն իմ հայրենակիցներն են և ոչ մի բառով չեմ կարող արտահայտել զգացածս: Վստահ եմ ծառայելու, քանի որ թեկուզ հեռվից միշտ լսել եմ, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Ամեն ինչ կանեմ, որ իմ ծառայությամբ, իմ ուժերի շրջանակներում նպաստեմ մեր բանակի` է´լ ավելի հզորացմանը: Բարի ծառայություն բոլոր նորակոչիկներին,- իր տպավորություններն է կիսում նաև նորակոչիկ Մովսես Գալստյանը:

Բագարան գյուղի բնակիչ Մհեր Դանիելյանը եկել էր ճանապարհելու երկվորյակ զավակներին` Տիգրան և Վարդան Դանիելյաններին.

- Իրենք են ցանկացել, որ միասին գնան ծառաjության: Տրամադրությունս բարձր է, ուրախ եմ, որ այսպիսի լավ զավակներ ունեմ, որ այսօր գնում են հայրենիք պաշտպանելու: Մենք սահմանամերձ Բագարան գյուղից ենք: Մեր բոլոր տղաները գրեթե ծառայած են, շփվել են զինվորների հետ, դրա համար չեմ անհան-գստանում: Շատ մարտական են տրամադրված:

Զորակոչից զորակոչ ծառայության նկատմամբ դրական տրամադրվածությունն է´լ ավելի ակնառու է դառնում: Ասվածի լավագույն ապացույցը նախարար Սեյրան Օհանյանի խոսքերն են.

- Ես իմ սերնդակիցների կողմից կարող եմ ասել` հպարտ եմ, որ այսօրվա և´ նորակոչիկները, և´ բանակի անձնակազմը` հատկապես ժամկետային զինծառայողները, պատրաստ են մեր հայրենիքը պաշտպանել: Մենք ոչ մի մտավախություն չունենք: Եվ իրենց մարտական ոգով, և զորամասերում տիրող բարոյահո գեբանական վիճակով իրենք ոչնչով չեն զիջելու իմ սերնդակիցներին: Եթե անհրաժեշտություն լինի, ապա լավ են պաշտպանելու հայրենիքը, իհարկե իմ սերընդակիցների փորձը հաշվի առնելով և մեր անմիջական աջակցությամբ: Պարզապես կուզեի, մեր այսօրվա իրականության մեջ` և´ բանակում, և´ հասարակության մեջ, գերակայեր փոխադարձ հանդուրժողականությունը, սերը միմյանց նկատմամբ, զիջելու կարողությունը: Իհարկե հասկանալի է` երիտասարդների ըմբոստ ոգին, ավյունը դրա խանգարիչ հանգամանքներն են, բայց, այնուամենայնիվ, ովքեր ճանապարհ են անցել, արդեն գիտեն` բռունցքներով հարցը լուծելու փոխարեն կարելի է փոխըմբռնման գնալ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ