ԹՈՒՐՔԻԱՆ ՇՓՈԹՄՈՒՆՔԻ ՄԵՋ Է


 

Թուրքիայում, նրա քաղաքական շրջանակներում, իսկապես սկիզբ է առել մեծ շփոթմունքի ժամանակաշրջանը: Արդեն իշխանական վերնախավում ու քաղաքական շրջանակներում խմորվում է մի բանավեճ, որը կարող է երկրում ստեղծել նոր իրավիճակ:

Ընդհուպ մինչև` իշխանափոխություն, ինչից շատ է վախենում իշխող կուսակցության առաջնորդ և վարչապետ Էրդողանը: Այս բանավեճի առանցքում սկսել են հայտնվել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար երկրների հարաբերությունները: Թուրքիայի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարաբերություններն այսօր գտնվում են բավական լարված վիճակում, երբեմն անորոշությունն ու անպարզությունը դառնում են գերիշխող` այս երկրին խճճեցնելով ինչպես հիշատակվող հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների մեջ:

Ներքաշվելով սիրիական հակամարտության մեջ և ստանձնելով առաջատարի դիրքերը, Թուրքիան արդեն կորցրել է իր հանդեպ վստահությունը ողջ արաբական աշխարհում: Նրա դեմ է ելել Իրանը, Իսրայելն է արդեն լուրջ դժգոհություններ հայտնում: Այս ամենը չի կարող լուրջ շփոթմունք չառաջացնել իշխանական վերնախավում` ստիպելով հրաժարվել մի շարք ծրագրերից:

Թուրքիայի համար առաջադիր է դարձել միջազգային մի շարք «միջոցառումներից» հրաժարվելը, մանավանդ որ այս երկիրը մշտական կախվածության մեջ է ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից: Սևեռվելով արտաքին դաշտի վրա և մոռացության մատնելով սեփական տնտեսությունը` Էրդողանն արդեն իր դեմ է հանել բազմաթիվ ընդդիմադիրների: Էրդողանը հասկացել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեծ ֆիասկո է ապրել, ձախողվել են բազմաթիվ նպատակադրումներ, երկիրը կորցրել է իր հանդեպ վստահությունը, ինչը բարոյական մեծ հարված է տարածաշրջանային առաջնորդության հավակնություններ ունեցող տերության համար: Էրդողանի կառավարությունը չունի իրավիճակի հիմնավորման և իմաստավորման «դեղատոմսեր», չունի արդարացումներ: Հենց այս հանգամանքն էլ ոգևորել է իշխող վարչախմբի ընդդիմախոսներին, որոնք պատրաստվում են մեծ արշավի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի իշխանության փոփոխության:

Թուրքիայում ստեղծված իրավիճակը «հետաքրքիր» է դառնում Ադրբեջանի համար: «Պուճուր ախպերն» արտաքին քաղաքականության մեջ մշտապես իր հույսը դրել է «մեծի» վրա և իր պահանջները թելադրել նրա միջոցով: Ուրեմն, շատ հաճախ հենց Թուրքիան է կանգնած եղել ադրբեջանական խնդիրների ակունքներում, ինչը երբեմն հաջողություն է բերել Բաքվին: Այսօր եվրոպական մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Թուրքիան այլևս ցանկություն և հնարավորություն չունի մեծ ուշադրություն դարձնելու Ադրբեջանի պահանջներին, քանի որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ճնշումներ են գործադրում Անկարայի վրա, նրան պահում մշտական կախվածության մեջ: Այս կախվածությունն էլ այսօր Թուրքիային ստիպում է միանգամայն այլ կերպ օգտագործել ադրբեջանական ներուժը` Բաքվին մղելով ինքնատիպ զոհողության: Չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանը, որոշակիորեն հեռանալով ղարաբաղյան խնդրից և հայ-ադրբեջանական հակամարտությունից, սևեռվի այլ խնդիրների վրա` ուղղորդվելով դեպի Ռուսաստան, Իրան կամ Իսրայել: Կամ էլ` հայտնվի ԱՄՆ և ՆԱՏՕ-ի «շառավիղներում»: Այսինքն, ժամանակավոր դադար հայտարարելով և զբաղվելով ներքին խնդիրներով, Թուրքիան մտադիր է «մարտադաշտ» ուղարկել Ադրբեջանին` նրա միջոցով կենսունակ պահելով իր ներկայությունը միջազգային մի շարք խնդիրներում: Գիտենք, որ վերոնշյալ տերություններն ու կառույցները երբեք լուրջ չեն ընդունել Ադրբեջանը, երբեք չեն ցանկացել այս երկիրը դիտարկել միջազգային հարաբերությունների շրջագծերում: Ուստի «թուրքական մեսիջներ» կրող Ադրբեջանն ընդամենը կդառնա ձայնափող, որը միշտ կհիշեցնի Թուրքիայի մասին: Սակայն սրանից թե´ Անկարան, թե´ Բաքուն ոչինչ չեն շահելու…

Լ.Մ.