ՀԻՇԵՆՔ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍԻՆ


 

Խորհրդային տարիներին Վանաձորը հանրապետության երկրորդ քաղաքն էր` արդյունաբերական արտադրանքի ծավալներով: Աստիճանաբար քաղաքը նաև գիտական ու մշակութային կենտրոն դարձավ: Հանգամանքներ, որոնք հնարավորություն տվեցին քաղաքին ընդարձակելու իր հեռանկարները, ձևավորելու քաղաքային կենցաղի ու մշակույթի առանձնահատկություններ:

Վերջին տարիներին, սակայն այն տպավորությունն է, թե մոռացության է տրվել այս քաղաքը, որի բնակչությունը, ցավոք, հազիվ մոտենում է 60 հազարի սահմաններին` այն էլ լավատեսական հաշվարկների դեպքում: Հզոր արդյունաբերական և գիտական ներուժ ունեցող քաղաքում, ի տարբերություն Գյումրու, շատ ֆիզիկական ավերածություններ տեղի չունեցան, կանգուն մնացին մի քանի տասնյակ ձեռնարկություններ, գիտական հաստատություններ: Սակայն անտարբերությունն ու պետական ծրագրի բացակայությունը հանգեցրին նաև դրանց բարոյական ու նյութական կորստին` քաղաքը զրկելով իր արդյունաբերական և տնտեսական, գիտական ներուժից:

Անցած տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները լուծեցին միայն գոյատևման խնդիրներ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինն էլ լուծելով իր գործառութային խնդիրները, բավարարվեց քաղաքային տնտեսության կազմակերպմամբ, իր ենթակայության տակ գտնվող մշակութային ու կրթական հաստատությունների պահպանմամբ: Քաղաքային իշխանություններից ավելին սպասել անհնար էր, որովհետև մեզանում ՏԻՄ օրենսդրությունը կենտրոնացած է միայն լոկալ դրույթների վրա` առավել գլոբալ համարվող խնդիրները վերապահելով կառավարությանը: Վերջինս էլ իր մի քանի նախարարություններով, գրեթե մոռացության է տվել այս քաղաքը` մինչև օրս քաղաքի արդյունաբերության վերականգն ման որևէ հստակ ծրագիր չներկայացնելով: Միակ խնդիրը, որը հայտնվեց կառավարության տեսադաշտում, «Պրոմեթևս Քիմպրոմն» էր, որն էլ շատ երկար ժամանակ մատնվեց անգործության, իսկ այսօր գործում է նվազ արտադրողականությամբ` փոշիացնելով միլիարդավոր դոլարների օգուտները, որոնք կարող էր մեզ բերել այս երբեմնի նշանավոր ձեռնարկությունը:

Առհասարակ, Էկոնոմիկայի նախարարության գրեթե անհասկանալի դարձած գործառույթների շրջագծերում այդպես էլ չհայտնվեց քիմիական արդյունաբերության վերականգնման կարևորագույն խնդիրը: Նույն այս նախարարությունը գրեթե ոչնչացնելով «Նաիրիտը»` իսպառ մոռացության տվեց Վանաձորի քիմգործարանն ու քիմիական մանրաթելերի ձեռնարկությունը: Երկու գործարանի դեպքում էլ մեր իշխանությունները փնտրում էին գործընկերներ, գնորդներ, իսկ այդ գնորդներից շատերը եկան Հայաստան, կաթվածահար արեցին առանց այն էլ վատ շնչող մեր արդյունաբերությունն ու հեռացան: Մինչդեռ անհրաժեշտ էր հոգ տանել, որ վանաձորյան քիմիական հսկաների գնորդներ լինեին մեր հայրենակիցներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Կառավարությունը պետք է մշակեր պետական աջակցության և պետական պատվերի հայեցակարգեր: Վերջապես Էկոնոմիկայի նախարարությունը պիտի կարևորեր իր գոյությունը: Հիմա էլ, իհարկե, ուշ չէ: Ավելին, ճիշտ ժամանակն է, որպեսզի մեր Ազգային ժողովը խնդիր դնի կառավարության առջև` պետական բյուջեի ձևավորումը չպայմանավորել միայն արդեն գոյություն ունեցող կառույցների հարկային պարտավորություններով: Հարկ է պահանջել` զարկ տալու մի շարք արդյունաբերա կան ճյուղերի, որոնք կարող են ոչ միայն ապահովել ֆինանսական մուտքեր, այլև Հայաստանն ու նրա մարզերը դուրս բերել ծանր պայմաններից, աղքատության բեռան տակ կքված Վանաձորի մեջքն ուղղել: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը գուցեև լավ առիթ էր, որպեսզի Հայաստանում մտածեին տնտեսության զարգացման ու մասնավորաբար քիմիական արդյունաբերության վերականգնման մասին:

Պարզապես անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը վերջապես ականջալուր լինի անընդհատ հնչող պահանջներին և ստեղծի երկրի տնտեսական զարգացման հայեցակարգը` առաջնությունը տալով մարզերին: Դիցուք` Լոռու մարզկենտրոն Վանաձորը կարող է տարածաշրջանի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկը դառնալ: Երևի ճիշտ է ասված, որ փողերի վրա նստած` մենք դրանց տեղը չգիտենք: Ավելի ճիշտ` գիտենք, պարզապես բավարարվում ենք նեղլիկ քայլերով...