Անողոք պայքար` անտառի թշնամիների դեմ


 

Անցյալ ուրբաթ օրը ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի անտառտնտեսության մի շարք տարածքներում իրականացված ստուգմամբ արձանագրվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տեսակի 134 ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 5.998.886 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունն այս օրերին միջոցառումներ է իրականացնում չարագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Վերջին շրջանում ոստիկանությունը խոշորամասշտաբ, հետևողական և անողոք պայքար է սկսել ապօրինի անտառահատումների դեմ: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումները մեծ արձագանք և մեծ աղմուկ են հարուցել: Այս օրերին շարունակվող ստուգումների ընթացքում ոչ միայն հայտնաբերվում են անտառի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող վայ-ձեռնարկատերերը, այլև նրանց «տանիքները», որոնց անուններն առաջիկայում կներկայացվեն հանրությանը:

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով` միայն Տավուշի մարզում իրականացված ծավալուն գործողությունների ընթացքում, և ընդամենը մեկ գիշերում, կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ավտոմեքենա: Դրանց մի մասը բարձված է եղել տախտակով և ընկուզենու փայտով, որի մեկ խորանարդ մետրի շուկայական գինը 300 հազար դրամ է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև շուրջ հարյուր մեքենա:

Ստուգումներ են իրականացվել մի քանի տասնյակի հասնող փայտամշակման ձեռնարկություններում, սղոցարաններում և չորանոցներում: Ոստիկանության ստորաբաժանում ներ բերման են ենթարկվել տասնյակ անձինք, որոնց մեջ արդեն կան ձերբակալվածներ... Եվ ահա հերթական բացահայտումը: