Պարզվել է, որոշվել է


 

Եթե դիմել են դատարան, հարցի պարզելն ու որոշելն, իհարկե, իրենց գործն է: Գործի էությունը պարզաբանող փաստերը հավաքելն ու համադրելը, ըստ այդմ էլ արդար վճիռ կամ որոշում կայացնելն ու մարդու իրավունքները պաշտպանելը նույնպես դատարանի գործն է: Դժվարը դրանց արժանապատվությունը հաստատելն է: Ո՞ւմ հավատա անկողմնակալ դատարանը. դիմողի՞ն, թե՞ պատասխանողին: Այստեղ առաջին պլան է մղվում փաստը, որը միշտ չէ, որ ամենազոր է…

Փաստորեն Գառնիկ Իսաղուլյանն իր հարևան Հովհաննես Սահակյանից պահանջում է 11 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հավելյալ տարածք ստանալու արժեք: Բանն այն է, որ 2007 թ. Երևանի Օրբելու փողոցի թիվ 12 շենքի մի խումբ բնակիչներ իրենց շենքի կողային ճակատի կողմից կցակառույց իրականացնելու օրինական թույլտվություն են ստանում և համաձայնություն են տալիս, որ բոլոր հարցերով զբաղվի իրենց հարևան Գ. Իսաղուլյանը: Այս մասին տեղյակ են պահում նաև իրենց 1-ին հարկի հարևան Հովհաննես Սահակյանին, ով այդ ժամանակ իր ընտանիքով գտնվում էր ՌԴ-ում: Չէ՞ որ առանց հիմքի` առանց 1-ին հարկի, մնացած 4 հարկը չէր կառուցվի: Իմանալով այս մասին, Հովհաննեսը Գառնիկին պատասխանում է, որ իր համաձայնությունը կտա միայն այն դեպքում, եթե իր բաժին կցակառույցում լուսամուտ բացվի: Հակառակ դեպքում իր բնակարանը լրիվ կզրկվի ցերեկային լույսից, ինչը հակասում է սանհիգիենիկ պահանջների նորմերին: Հարևան Գառնիկը հավաստիացնում է, որ լուսամուտն անպայման կտեղադրվի: Հովհաննեսն էլ բանավոր համաձայնություն է տալիս, որ իր փոխարեն ստորագրի մյուս հարևան Ա. Մելիքսեթյանը:

Կապալառուի հետ պայմանագիր է կնքվում` 520 օրում կցակառույցն իրականացնելու մասին:

Տալիս-առնում են, գցում-բռնում են, որ յուրաքանչյուր սեփականատեր մինչև 2008-ի հունվարի 1-ը պարտավոր է մաս-մաս վճարել 11 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (ավելի քան 4 մլն դրամ): Ընդ որում կցակառույցի կառուցման վերաբերյալ կազմված նախահաշիվը պատվիրատուներին չի ներկայացվել: Արդյունքում յուրաքանչյուր պատվիրատու պարտավորվել է ընդհանուր առմամբ ներդնել ութ հազար ԱՄՆ դոլար: 2007 թ. աշնանը Հովհաննեսը բանկային փոխանցումով ՌԴ-ից ստացած 4 հազար 600 ԱՄՆ դոլարից 4 հազար 500-ը առձեռն տվել է Գառնիկի կնոջը` Ռուզաննային, որն ստացական չի տվել: Դրա համար էլ Գառնիկն այդ գումարը չի համարում մուծված:

Մինչդեռ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանի կողմից 2011 թ. փետրվարի 8-ին ՀՀ փորձագիտա-կան կենտրոնին տրամադրած նոթատետրի 32-րդ էջի փորձաքննությունից պարզվել է հետևյալը. «Փորձաքննությանը տրամադրված նոթատետրի 32-րդ էջի վերջին մասում առկա «29/XI գառ. տ. 4500 $ 305 դ = 1.372.500 դրամ» գրառումն, հավանաբար ունի կատարման երեք տարուց ավելի վաղեմություն...»: Այսինքն` I վճարումը կատարվել է իրոք նշված ժամկետում: Սա առաջին փաստի աղավաղված պատկերն է Գառնիկի կողմից: Երկրորդ փաստարկով, ըստ պայմանագրի, վճարումը կատարվում է, եթե չի խախտվում պայմանագրի որևէ կետ, եթե, իհարկե, չկա ֆորս-մաժորային իրադրություն (հրդեհ, բնական աղետ և այլն): Չկա: Կա միայն խախտում: Դա այն է, որ Հովհաննեսին պատկանող կցակառույցի մասում չի տեղադրվել Գառնիկի խոստացած լուսամուտը (ատամնաբուժարանի սեփականատերն իր համաձայնությունը չի տալիս նշված լուսամուտի բացման համար): Պայմանագիրն անպատշաճ կատարելու համար Հովհաննեսը հրաժարվում է կատարել գումարի մյուս կեսի մուծումը` 3 հազար 500 դոլարին համարժեք ՀՀ դրամը: Իսկ պատվիրատու Գ. Իսաղուլյանի և «ՍՊԻՏԱԿ ԿԱՄԱՐ» ՍՊԸ-ի տնօրենի միջև 2007 թ. սեպտեմբերին կնքված կապշին կապալի թիվ 4 պայմանագրի ուժով` պատվիրատուն պետական ավարտական ակտով դեռևս չի ընդունել կցաշենք կառուցելու աշխատանքի արդյունքը: Հետևաբար պատուհանի բացման հարցին լուծում տալու դեպքում միայն Հովհաննեսը կկատարի գումարի 2-րդ կեսի մուծումը:

Այս մասին պետք է նախօրոք պայմանավորվեին ատամնաբուժարանի սեփականատիրոջ հետ, հետո միայն Հովաննես Սահակյանին ներքաշեին կցակառույցին համաձայնութ յուն տալու հարցի մեջ: Այսօր էլ չէին հայտնվի դատարաններում և ի վնաս Հ. Սահակյանի չէր կայացվի վճիռ, որով նա պարտավոր է Իսաղուլյանին վճարել ոչ միայն 4500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այլև դրա տոկոսները` սկսած 01.03.2008 թ.-ից մինչև պարտավորության դադարման օրը: