ՆԱՏՕ-ում Իվանիշվիլիին նեղացրել են


 

Կարելի է պատկերացնել հիասթափությունը շռնդալից հաղթանակ տարած այն գործչի, ում հանկարծ նսեմացնում են միջազգային ատյանում: Այն էլ` միջազգային առաջին պաշտոնական այցի ընթացքում:

Վրաց նորաթուխ վարչապետն ու վարդերի հեղափոխության ասպետ նախագահն իրենց տարաձայնությունները Բրյուսելի դատարան էին տեղափոխել: Եվ երկու առաջնորդ ներն իրարից անկախ` միաժամանակ էին ԵՄ մայրաքաղաք հասել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դա որակել էր որպես «ընդդիմության հետապնդում» և հրապարակավ դիտողություն էր արել իշխանավորին: Ընդդիմությունը հիմա Սահակաշվիլին է: Եզակի երևույթ է` պետության նախագահը, այսինքն` գործադիր իշխանության թիվ 1 ղեկավարը… ընդդիմադիր է:

Բայց Իվանիշվիլիի նսեմացումն այդքանով չէր սահմանափակվել: Բրյուսելի օդանավակայանում նրան չէին դիմավորել ո´չ Վրաստանի դեսպանը, ո´չ ՆԱՏՕ-ում իր երկրի մշտական ներկայացուցիչը:

Հանձին Անդրես Ֆոգ Ռասմուսենի` Սահակաշվիլին այնտեղ «միջազգային դատավոր», ավելի ստույգ թերևս` «միջազգային պաշտպան է ունեցել»: Տեղի հեռուստատեսությամբ և անձամբ գլխավոր քարտուղար Ռասմուսենին նա հայտարարել է, որ Վրաստանում կատարված վերջին ձերբակալություններն ազդել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացի վրա և տապալել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի այցն իր երկիր:

Գլխ. քարտուղարն էլ հրապարակավ սատարել է Սահակաշվիլուն.

- Ես շատ անհանգստացած եմ ընտրություններից հետո կատարված իրադարձություններով: Մասնավորապես` քաղաքական ընդդիմախոսների ձերբակալություններով,- ասել է Ռասմուսենը:

Վրաց նախագահն էլ, նույն հրապարակայնությամբ գնահատել է նման սատարումը.

- Իհարկե ցավալի է, որ գլխավոր քարտուղարն այսպես քննադատորեն է տրամադրված: Ես չեմ հիշում վերջին տարիներին ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի հանդեպ այսպիսի քննադատական երանգ: Եվ դժվարությամբ կկարողանամ ՆԱՏՕ-ի այսքան քննադատական վերաբերմունքը հիշել ցանկացած երկրի հանդեպ:

Փաստորեն հստակ ազդանշան է հնչել, որ Արևմուտքը գնահատում է Վրաստանի նախագահին, և ոչ մի դեպքում չի կարելի շեղվել նրա արտաքին քաղաքական գծից (տեղեկացրել է PrΖvdΖ-ru-ն):