Զուգերգ` նախագահի հետ


 

Զուգերգ` ամենաուղիղ իմաստով և ամենաիսկական իշխանավորի հետ:

Իսպանացի հռչակավոր տենոր Հուլիո Իգլեսիասը բարեգործական համերգ է նախապատրաստում` հօգուտ Հաիթիի: Երգիչը երկու երգ կատարելու է կարիբյան պետության առաջնորդ Միշել Մարտեյիի հետ: Ճիշտ է, այդ զուգերգերի անվանումները դեռ չեն բարձրաձայնվել, բայց պայմանավորվածությունը հստակ է:

Համերգը նախաձեռնել է Իգլեսիասը: 2010 թ. նա անձամբ էր տեսել երկրաշարժի սարսափելի ավերածությունները Հաիթիում և որոշել է իր նպաստը բերել` հաճելիի և օգտակարի զուգորդմամբ:

Բարեգործական ելույթը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին, աղետյալ Հաիթիի հարևան Դոմինկյան Հանրապետությունում, իսկ հավաքվելիք դրամական միջոցները կներմուծվեն հատուկ հիմնադրամին, որը օգնություններ է հատկացնում տուժածներին:

Ինքնաբուխ բարեսիրությունից բացի տպավորիչ է նաև երկրի նախագահի` համերգային բեմում հանդես գալու պատրաստակամությունը: Նախընտրական քարոզարշավ չկա, բայց նա փորձում է նաև այդ կերպ նպաստ բերել իր ժողովրդին: