Երեխաների համար` նրանց սիրով


Մանկան քնքուշ ներաշխարհին առնչվողին, նրան կրթելու և դաստիարակելու կոչվածին միայն մանկավարժությունը կբավե՞: Լավ է նաև հոգեբան լինել` երեխայի գաղտնախոր հուրդ աշխարհը թափանցելու համար: Այսպիսի մեկտեղումը պարզապես բարեբախտություն է: Ասվածի օրինակը Գյումրիի թիվ 6 նախակրթարանն է` իր նոր տնօրենով. Կարինե Մարկոսյան: Մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության բաժնի շրջանավարտը 1986-ին բուհից ոտքը դրել է նախակրթարան: Այնուհետև աշխատել է Գյումրիի մանկավարժական քոլեջում, տեսչական աշխատանք կատարել Շիրակի մարզային կառույցում, I կարգի մասնագետ` քաղաքապետարանում և ապա, արդեն մեկ տարի, դարձ ի շրջանս յուր` նախակրթարան: «Նախակրթարանը մշտապես գտնվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուշադրության կենտրոնում: Ցանկացած խնդրով դիմելիս ակնկալում ենք դրական լուծում և երբեք չենք սխալվում: Բոլոր պարագաներում նա գտնում է մանկապարտեզին սատարելու միջոցը: Առանց քաղաքապետի մշտական աջակցության մեր բազմաթիվ խնդիրներ թերևս դժվար լուծելի լինեին»,- գոհունակությամբ նշում է տնօրենը: Ինչ վերաբերում է նախակրթարանում իրականացվող կրթադաստիարակչական աշխատանքին, ապա այն կազմակերպվում է խաղի միջոցով, քանզի խաղն է երեխայի մտքին ու մարմնին թռիչք տվողը: Հայ մանուկը պիտի մեծանա ազգային արժեքներով, և դրանց սերմանումն այստեղ նույնպես ամենօրյա գործընթաց է: Պատահաբար ներկա գտնվեցինք ավագ խմբի աշնանային հանդեսի փորձին: Ակնհայտ է, որ դաստիարակ Մարիետա Միքայելյանը և Գոհար Մանուկյանը հանդեսին նախապատրաստվել էին այս արժեքների կարևորությամբ: Կոլեկտիվի հոգածու աշխատանքը, նվիրվածությունը դեռ մուտքից է զգացվում: Սեր ու ջերմություն կա, ժպի¯տ կա այստեղ: Բոլորը մեկ ընդհանուր պարտականություն ունեն, ամեն ինչ անել, որպեսզի փոքրիկն իրեն ջերմացած զգա, որպեսզի ճիշտ ընթանա նրա աշխարհաճանաչողությունը, և, վերջապես` որ մանկան հիշողության մեջ մանկապարտեզը մնա որպես մանկության պայծառ հեքիաթ: Նախակրթարանը հովանավոր ունի` «Արդա» բարեգործական հիմնադրամը, որը ոչ միայն սնունդն է հոգում, այլև կոմունալ ծախսերը: «Արդան» վերանորոգել է շենքը: Հիմնադրամի նախագահ Ստիֆ Լազարյանը տարվա մեջ մի քանի անգամ այցելում է նախակրթարան, և բարերարի յուրաքանչյուր այցի արդյունքում կրթօջախի համար կարևոր մի հարց լուծվում է: Մեզ մնում է ջերմորեն հիշատակել սիրագորով դաստիարակներին` Վիոլետա Մելքոնյանին, Զարուհի Գրիգորյանին, Լաուրա Կարապետյանին, Վեներա Հարությունյանին, Սոնյա Ավագյանին, ավագ մանկավարժ Սահականուշ Ձվակերյանին և նրանց նույնքան սիրագորով օգնականներին: Իսկ ամենափոքրիկներին իրենց գրկում են պահում Նաիրա Քերոբյանը և Լենա մորաքույրը` բուժքույր Անահիտ Մկրտչյանի աչալուրջ հսկողությամբ: Մեծ ու փոքրի հետ սիրով է աշխատում շնորհալի դաշնակահարուհի Աիդա Հունանյանը: Ուժ ու կորով` բոլորին, բարեգործներին նույնպես` երեխաներին այսպես ջերմորեն պահել-պահպանելու համար: Նրանք մե°ր երեխաներն են, մեր բոլորինը: