Էս` Գյումրիի ծածկած լողավազանը, էս էլ` գյումրեցի լողորդները


Լողը ոչ միայն մարզաձև է, այլև ամուր առողջության գրավական, մանավանդ աճող օրգանիզմի համար: Չենք պատրաստվում բժշկական զրույց սկսել, սակայն միանշանակ է, որ լողով զբաղվելն առողջ ապրելակերպի շատ կարևոր և էական բաղադրիչ է: Շուրջ 20 տարի գյումրեցիները այս բարիքից օգտվելու հնարավորություն գրեթե չունեին: Իհարկե, քաղաքում մեկ-երկու բաց լողավազան կար, որ բնակչությանը որպես այդպիսին ծառայում էր միայն ամռան ամիսներին: Իսկ մնացած երեք եղանակների՞ն: Դե, գարուն, աշուն, ձմեռ ուզեին-չուզեին այդ հաճույքի մասին պիտի մոռանային: Եվ, ահա, քաղաքն այսօր, արդեն մեկ տարի, շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող ծածկած լողավազան-մարզադպրոց ունի: Անցած տարվա նոյեմբերին, երբ այն բացվեց, 100 հաճախող ունեին: Ընդամենը մեկ ամիս անց այդ թիվը 300 դարձավ, իսկ արդեն ամռանը հասավ 800-ի: Լողավազանի տնօրեն, Շիրակի մարզի լողի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Կարապետյանը հպարտությամբ ասում է, որ մեկ տարում հասցրել են նաև մրցումների ավանդույթ ստեղծել: Մարզադպրոցը բացվելուց շուրջ երկու ամիս անց անցկացվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվան Գյումրիի բաց առաջնության մրցումներ, և ակնհայտ էր ընդամենը երկու ամիս մարզված երեխաների առաջընթացը: Մյուս տարի մրցումներին մասնակցեցին մայրաքաղաքի և Վանաձորի թիմերը: Առաջիկա մրցումներում մարզադպրոցի սաները իրենց ուժերը կչափեն հարևան Վրաստանի և Իրանի թիմերի հետ: Դե, եթե երկու ամսվա ընթացքում առաջընթաց կար, ուրեմն և սպասելի էր չեմպիոն և մրցանակակիրներ ունենալը: Ընդամենը 6 ամիս մարզված աղջիկների թիմը փոխանցումալողից մեծահասակ ների մրցումներում հանրապետությունում գրավեց II տեղը: Նշենք նրանց անուն առ անուն. Պապիկյան Օվսաննա, Հովսեփյան Շուշան, Այվազյան Արուսյակ, Հարությունյան Լուսինե: Պակաս հաջող չէր նաև տղաների թիմի (Կարապետյան Հովհաննես, Հայրապետյան Ցոլակ, Մխիթարյան Տելման, Վարոսյան Արա) ելույթը Համահայկական խաղերում, որն Իրանի թիմի հետ կիսեց 3-րդ տեղը: Այս ամենն, անշուշտ, մարզչական համակազմի աշխատանքի արդյունքն է: «Մեր մարզիչները բոլորն էլ փորձառու են, Հայաստանի չեմպիոններ, սպորտի վարպետներ. Հրանտ Մխիթարյան (բազմակի չեմպիոն), Հովհաննես Մելքոնյան, Պետիկ Հայրապետյան, Ֆերդինանդ Գուլյան: Պատրաստվում ենք ասպարեզ բերել երիտասարդներին»,- հներով հպարտանում, նորերին սիրով է սպասում տնօրենը: Լողավազանում բուժական հատուկ ծրագրերով մարզվելու հնարավորություն ունեն նաև հատուկ կարիքներով երեխաները: Իսկ բժշկական հսկողությունն առկա է բոլոր պարագաներում` ի դեմս անվանի մարզական բժիշկ Ազնաուրյանի: Դե ինչ, կա հրաշալի հարմարություններով, ձմռանը բավարար ջեռուցվող լողավազան, կան լողով հրապուրվածներ, կան հրապուրվածներին մարզելով հրապուրվածներ: Մնում է մարզվողներին մաղթել հաղթանակներ, սիրողաբար զբաղվողներին` առողջություն և ամրակազմություն: Թող լողը է°լ ավելի շատերի ապրելակերպի և առօրյայի տարրը դառնա:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ