Նրանք հասարակության լիարժեք անդամներ են


Դեռ 60-ական թվականներից աշխարհում սկսվեց հաշմանդամ մարդկանց իրավունքները պաշտպանող շարժում, երբ հաշմանդամության բժշկական մոդելը հաշմանդամ մարդուն դիտարկում էր որպես խնամքի օբյեկտ: Նրա փոխարեն հիմնականում որոշում էին կայացնում ուրիշները` (խնամող, ընտանիք), իսկ հասարակությունը սահմանափակում էր կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները հաշմանդամի համար, որին համարում էր հիվանդ, միայն խնամքի կարիք ունեցող: Ինչ խոսք, այսօր ավելի գործնական են դառնում քայլերը հաշմանդամին աջակցելու, հասարակությունից չզատելու համար: Հայաստանում այս ուղղությամբ ևս մտահոգություն կա, և ամենակարևորը, նրանց հիմնախնդիրները մտահոգում են հատկապես պետությանը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքը և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունը կազմակերպել են հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ: Միամսյակի նպատակն է բարձրացնել Հայաստանում հաշմանդամութ յան հիմնախնդիրների մասին իրազեկվածությունը և նպաստել հաշմանդամ անձանց հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այս մասին, Ժուռնալիստների տանը, լրագրողներին տեղեկացրին կազմակերպության ղեկավարները: Միամսյակի ծրագրով նախատեսված են «Քո վերաբերմունքն ավելի է ազդում իմ կյանքի վրա, քան իմ հաշմանդամութ յունը» ցուցապաստառների տարածում, կլոր սեղան-քննարկումներ և կինոդիտումներ Երևանում և Հանրապետության մարզերում, դասախոսություններ համալսարաններում և խաղ-քննարկումներ դպրոցներում: «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ, «Հաշմանդամ անձանց շահերի պաշտպանություն» հ/կ դաշինքի համանախագահ Սուսաննա Թադևոսյանի հավաստմամբ` - Արդեն երկու տարի է, որ կազմակերպում ենք այսպիսի միջոցառումներ: Սա հրաշալի օրինակ է մյուսներին: Այսօր, մեր հասարակության իրազեկվածության շնորհիվ, կարծես թե կոտրվում են կարծրատիպերը, մենք այլևս հաշմանդամին չենք դիտում որպես անկարող մարդ: Հիմա մենք կոչ ենք անում բոլոր պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, ողջ հասարակությանը միանալ այս նախաձեռնությանը, համախմբվենք և լրացնենք բաղթողումները, ինչն էլ թույլ կտա ծրագրել եկող տարվա անելիքները: Ի վերջո, հաշմանդամ մարդկանց համար ստեղծված միջավայրը իրականում օգնում է բոլորին:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ