ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է


«Արայ» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր Արմեն Պետրոսյանի սպանության մասին շարունակում են խոսել` հակադրվելով ոստիկանության առաջ քաշած այն վարկածին, թե կատարվել է ինքնասպանություն: Հայաստանի ոստիկանության համար ինքնասպանության վարկածն ամենացանկալին է, քանի որ այդ դեպքում մեղավորներ չգտնելը չի հասցնում որևէ լուրջ պատասխանատվութ յան: Հիմնական պատասխանատուն հենց ինքնասպանություն գործողն է, մանավանդ որ Պետրոսյանը մեղադրվում է ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեջ: Իսկ որ նրան ինչ-որ մեկը հասցրել է ինքնասպանության` դեռ պետք է ապացուցվի. եթե չապացուցվի, կստացվի, որ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել ինքնակամ, չպարզված հանգամանքներում: Իհարկե, կատարվածն ինքնասպանություն որակելիս` ոստիկանությունը փորձում է բոլորին միամիտի տեղ դնել, մինչդեռ ակնհայտ է, որ մարդը չէր կարող ատրճանակը քունքին պահել, քաշել ձգանը, ինքն իրեն սպանել, ապա շատ հանգիստ ձեռքը դնել ծնկին` մատն էլ ատրճանակի ձգանին պահած... Հենց այս հանգամանքն է այսօր դարձել հանրային քննարկման առարկա, մինչդեռ ոստիկանությունն ամեն ինչ անում է` հաստատելու համար ինքնասպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու վարկածը: Թե ինչո՞ւ է այսպես շահագրգիռ ոստիկանությունը` առայժմ կարելի է միայն ենթադրել, սակայն առանց կրակ ծուխ չի լինում...