Առավել կառավարելի ու ավելի հզոր


Բոլոր ժամանակներում, բայց առավել ևս այսօր չափազանց կարևորվում է ռազմական կրթության դերն ու նշանակությունը: Սպայակազմը Զինված ուժերի ողնաշարն է, որն ավելի ամուր է, իսկ պաշտպանական կառույցն է´լ ավելի մարտունակ է կիրթ, անհրաժեշտ գիտելիքների տիրապետող սպաներով: Հայաստանի Հանրապետությունում ռազմական կրթությունը ներդրվել է բարդ ու հակասական ժամանակահատվածում` 1994¬ին, ապա կատարելագործվել ջանադիր աշխատանքի համագործակ ցության շնորհիվ: Այսուհանդերձ, որակյալ կադրերով Զինված ուժերի շարքերը համալրելու խնդիրը մշտապես ոլորտի պատասխանատուների հոգածության առարկան է: Ռազմական կրթության ոլորտին առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ Պաշտպանության նախարարության Կադրերի և ռազմական կրթության վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդվարդ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ: - Ինչպե՞ս կներկայացնեիք ռազմական կրթության համակարգն ընդհանուր դրույթներով: Ի՞նչ ձեռքբերումներ և հեռանկարներ ունենք: - Ռազմական կրթության համակարգը ներդրվեց դեռ պատերազմական իրավիճակում: Ռազմաուսումնական հաստատություններ ընդհանրապես չունեինք: Խնդիր էր դրված մեր սեփական ուժերով պատրաստել համապատասխան կադրեր, մասնագետներ, ովքեր կկարողանային համալրել Զինված ուժերի շարքերը և, իհարկե, կդիմակայեին հակառակորդին: Անչափ կարևոր է ռազմաուսումնական հաստատությունների ստեղծման գործընթացը: Հայաստանում գործում են մի շարք այդպիսի հաստատություններ: Դրանք են` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որտեղ պատրաստում ենք հրետանավորներ և մոտոհրաձիգներ, իսկ հիմա 4-րդ կուրսի կուրսանտներից պատրաստում ենք ևս 3 մասնագիտությունների գծով սպաներ` հետախույզներ, ինժեներ-սակրավորներ և տանկիստներ: Հարուստ ավանդույթներ ունի նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը, որտեղ նույնպես մասնագիտությունների քանակը մենք ավելացրել ենք: Այստեղ պատրաստվում են ոչ միայն ավիացիոն, այլև հակաօդային պաշտպանության և կապի մասնագետներ: Բացի դրանից, մենք լայնորեն օգտագործում ենք նաև հանրապետության պետական բուհերի հնարավորությունները: Առաջին հերթին կցանկանայի շեշտել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, որտեղ մասնագիտանում են ցամաքային զորքերում բժշկական ծառայության մասնագետներ: Կարևորվում է նաև Պետական կոնսերվատորիայում զինվորական դիրիժորների պատրաստությունը: Նման շրջանակներն ավելի կընդլայնվեն, քանի որ հոգեբանների, լրագրողների և այլ նեղ մասնագետների պահանջարկ կա: Ակտիվորեն համագործակցում ենք Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկարժական համալսարանի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հետ: Այսօր արդեն խնդիր է դրվում թիկունքի մասնագետների պատրաստության ուղղությամբ. կարծում եմ` Ագրարային համալսարանի հետ ևս կհամագործակցենք: Այսինքն` ըստ նեղ մասնագիտության պահանջարկի` համապատասխան պետական բուհերի հետ մենք հարաբերություններ ենք ստեղծում` Զինված ուժերը սպայական կադրերով համալրելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է` հատկապես նեղ մասնագիտություների գծով կադրեր ենք պատրաստում նաև արտասահմանյան երկրների` ՌԴ, Հունաստանի, Չինաստանի, Լեհաստանի, ԱՄՆ¬ի, Անգլիայի և մի շարք այլ պետությունների ռազմական ուսհաստատություններում: Այսօր արդեն սերտորեն համագործակցում ենք նաև Գերմանիայի Դաշնության հետ: Այսինքն` նրանք հատկացնում են համապատասխան տեղեր, իսկ մենք համագործակցության շրջանակներում կարողանում ենք նաև ուսումնասիրել այդ երկրի և´ մարտավարությունը, և´ լեզուն, և´ ընդհանուր մշակույթը: Կցանկանայի խոսել ապագայի ծրագրերի մասին ևս: ՀՀ նախագահի կողմից հաստատված ծրագրով նպատակ ունենք զարգացնել կրթությունն իր բոլոր ուղղություններով: Դեռ 2005-ից Հայաստանում կրթությունն իրականացվում է Բոլոնյան ծրագրի շրջանակներում: Իսկ ռազմական կրթությունը, բնականաբար, չէր կարող հետ մնալ ընդհանուր կրթության համակարգից: Պաշտպանության նախարարության համակարգում արդեն իսկ մշակվել է ռազմական կրթության հայեցակարգը, որտեղ հանգամանորեն ներկայացված է, թե ինչպիսի՞ կրթություն պետք է ստանա մեր սպան, ի՞նչ առաջընթաց պետք է գրանցի, համապատասխան պաշտոնների նշանակվելու դեպքում ինչպիսի՞ կրթական մակարդակ պետք է ապահովի: Խնդիր է դրված զարգացնել հրամանատարաշ տաբային մակարդակը: Այդ առնչությամբ կազմակերպվող դասընթացները հետագայում կվերափոխվեն հրամանատարաշտաբային ակադեմիայի: Այսինքն` կունենանք ռազմական ակադեմիա: Այս պահին այդ խնդրի իրականացումն ամբողջությամբ աշխատանքային փուլում է: Ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, և կարծում եմ` առաջիկայում մենք կկարողանանք հաջողություններ արձանագրել: - Ինչպիսի՞ն է հասարակության հետաքրքրությունը ռազմական կրթության նկատմամբ: - Մենք շատ ակտիվ համագործակցում ենք համապատասխան ուսումնական հաստատությունների հետ` ռազմամարզական վարժարաններ, ավագ դպրոցներ և այլն: Ակտիվ տեղեկատվություն ենք փոխանցում այն երիտասարդներին, ովքեր ի սկզբանե հնարավորություն և ցանկություն ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում և իրենց կյանքը կապել բանակի հետ: Նրանց բավական լուրջ տեղեկատվություն ենք ներկայացնում, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել, քանի որ մասնագիտական ընտրության խնդիրն այսօր շատ կարևոր է: Փորձում ենք երիտասարդ ներին օգնել, կազմակերպում ենք համապատասխան հավաքներ` զինկոմիսարիատների, Ռազմական ինստիտուտի սպաների միջոցով, մեր համապատասխան վարչությունների հնարավորություններն օգտագործելով: Համենայնդեպս` ամեն ինչ անում ենք, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի, թե ռազմաուսումնական հաստատություններում ինչպես են իրականացվում ընդունելության, ուսումնառության և ծառայության գործընթացները: Կարևորում եմ այն փաստը, որ այս պահին համարյա բոլոր մարզերը ցանկություն ունեն ստեղծել ռազմամարզական վարժարաններ: Իսկ դա կապահովի երիտասարդների ներհոսքը ԶՈւ, և համապատասխան բարձրագույն կրթության միջոցով կկարողանանք համալրել սպայական կազմը: Հասարակությունը շատ լավ տեղեկացված է, թե ինչպիսի արտոնություններ ունի զինծառայողը, հատկապես` սպան: - Լինո՞ւմ են դեպքեր, երբ երիտասարդը, կրթություն ստանալով, չի ցանկանում շարունակել ծառայությունը Զինված ուժերում: - Այո, կան նաև այդպիսի դեպքեր: Մարդիկ իրավունք ունեն նաև սխալվելու: Այդպիսի դեպքերում համապատասխան օրենսդրական դաշտում նրանք փոխհատուցում են իրենց ուսման ծախսերը և իրենց ապագան կառուցում են Զինված ուժերից դուրս: Սակայն նման դեպքերը փոքր թիվ են կազմում: - Դուք կարևորեցիք համագործակցությունը արտասահմանյան երկրների հետ, որտեղ ուսում ստանալուց հետո հայ երիտասարդները զինվորագրվում են հայկական բանակին: Բնականաբար` նրանց ուսումնառության ընթացքը ևս մեր պաշտպանական կառույցի հոգածության ներքո է: - Մենք ուսումնասիրում ենք արտասահմանյան երկրների և Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդների հնարավորությունները, տարբերութ յուններն ու առավելությունները: Միանշանակ` Հայաստանի նմանատիպ հաստատություններն ավելի հայանպաստ, ավանդույթներին հարազատ կրթություն են ապահովում, քան արտասահմանյան երկրներինը: Դա հասկանալի է նաև այն պատճառով, որ արտասահմանն ունի իր մոտեցումները կրթության մակարդակների, դաստիարակության, բարոյահոգեբանական վիճակի և այլ խնդիրների շուրջ: Այդ մթնոլորտում ձևավորվում է անհատը և սպան: Մեր պատրաստած սպան ավելի կազմակերպված է: Միգուցե կրթական մակարդակի որոշակի տարբերություններ կան, բայց ավելի կայուն է բարոյահոգեբանական վիճակը: Նա ավելի լավ է տիրապետում Հայաստանի, ԶՈւ իրավիճակներին: Շատ ավելի արագ է մտնում շարք, ավելի ակտիվ է աշխատում զինվորի հետ: Դա իհարկե կախված է նաև մարդու ներքին հնարավորություններից, գիտելիքների պաշարից: Հիմնականում մեր վարչության նպատակը, խնդիրը նաև դրսում հայեցի դաստիարակություն ապահովելն է: Հաճախակի կազմակերպում ենք ֆիլմերի դիտումներ, գրականություն ենք ուղարկում համապատասխան երկրներ: Համայնքի հնարավորություններն ենք օգտագործում, որպեսզի կարողանանք հայրենասիրական գաղափարներ փոխանցել մեր երիտասարդներին: Մեծ շուքով նշվում են նաև մեր ազգային տոները: Այսինքն` այդ երկրներում կարողանում ենք ապահովել ազգային զարգացման խնդիրները: Այնուամենայնիվ, կրթական մակարդակն ապահովելով հանդերձ` դեռ չենք համարում, որ երիտասարդն արդեն սպա է: Սպա դառնում են ծառայության ընթացքում: Իսկ նոր որակ հաղորդելու, ավանդույթներ թելադրելու կարողությունը խիստ անհատական է, առանձնահատուկ է` կապված մարդու գիտելիքների, ներաշխարհի հետ: Կարևոր է նաև` թե ինչպես է նա հարաբերություններ կառուցում ընկերների, ծառայակիցների, հրամանատարների, ենթակաների հետ: Կարողանո՞ւմ է բացատրական աշխատանքներ տանել: Ես կարծում եմ` հրամանատարական կազմը զորամասերում բավական լուրջ աշխատանք է տանում, որ երիտասարդ սպաները կարողանան հնարավորինս շուտ մտնել շարք և անմիջապես ըմբռնել ծառայության առանձնահատկությունները: - Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ԶՈւ շարքերը համալրած երիտասարդ սպան ավելի նվիրված լինի ծառայությանը և հնարավորինս լավ տիրապետի հատկապես զինվորների հետ տարվող աշխատանքների հմտություններին: - Վերջերս հանրապետությունում անցկացվեց երիտասարդ սպաների համաբանակային կոնֆերանս: Թե´ ՀՀ Նախագահը, թե´ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, նաև մեր սպայակազմը ներկայացրին մի շարք առաջարկներ, որոնք կապված էին երիտասարդ սպաների աշխատանքի, զինվորների հետ փոխհարաբերությունների, բարոյահոգեբանական ընդհանուր մթնոլորտի, մեր բանակի կայունացման, հզորացման, ուժեղացման և այլ խնդիրների հետ: Հատկապես Պաշտպանության նախարարի ուղերձներն ու ցուցումները նպատակաուղղված են ԶՈՒ սպայական կազմի բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացմանը: Կոլեկտիվում մշտապես աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սպան կարողանա շատ ավելի հեշտ և արդյունավետ աշխատել զինվորի հետ, քանի որ վերջինս ծառայության է գալիս հասարակության տարբեր շերտերից: Կան որոշակի խնդիրներ, և դրանցով պետք է զբաղվի հենց այդ երիտասարդ սպան: Պետք է մեր սպաների կարգավիճակը բարձրացնել, գիտելիքները հզորացնել, որպեսզի կարողանանք բանակը դարձնել առավել կառավարելի և ավելի հզոր:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ