Շեքսպիրյանի նոր դրսևորումները


Դեռևս մեկ տարի առաջ փառատոնի կազմակերպիչ և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հայտարարեց, որ շեքսպիրյան փառատոնի հետագա ճակատագիրը վտանգի տակ է, զի հնարավոր է ընդհատվի այն շարունակակությունը, որը վերջին տարիներին դարձել էր փառատոների կազմակերպման գլխավոր երաշխիքը: Այս վատատեսությունն իր հիմքերն ուներ. Երևանի քաղաքապետարանը, որը դարձել էր գլխավոր հովանավոր, մեկ տարի առաջ հրաժարվեց իր խոստումից` հավանաբար մտածելով, թե փառատոների աջակցությունը չի մտնում իր գործառույթների մեջ: Նման դիրքավորումն ինչ-որ տեղ «տրամաբանական» էր, որովհետև քաղաքապետարանը բավական կրավորական պահվածք ունի առհասարակ թատրոնի հանդեպ` անտարբերության մատնելով նաև իր հովանու ներքո գործող թատրոնները: Փառատոնն, այնուամենայնիվ, կայացավ: Ղազանչյանին հաջողվեց Մշակույթի նախարարության հետ իրականացնել վաղուց հղացված ծրագրերն ու երևանյան աշունը հագեցնել մի նոր թատերական իրողությամբ, որը բացվեց Մոսկվայի Չեխովի անվան Գեղարվեստական թատրոնի «Տասներկուերորդ գիշեր» ներկայացմամբ: Բացման հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ, Երևանն էլ չփայլեց փառատոնային ազդագրերի շքերթով. քաղաքապետ Կարեն Կարապետյանը պայքար է սկսել ազդագրերի դեմ... ՄԳԹ-ի և Լոնդոնի «Չիկ բայ Ջաուլ» թատրոնի համատեղ նախագծով ստեղծված «Տասներկուերորդ գիշերը» բեմադրել է Դեկլան Դոնելլանը, ով համարվում է ժամանակակից համաշխարհային ռեժիսուրայի ամենանշանավոր դեմքերից մեկը: Դիմելով Վերածննդի թատրոնի բեմադրական սկզբունքներին ու յուրովի վերականգնելով Պիտեր Բրուքի և Գորդոն Կրեգի ավանդույթները` Դոնելլանը ստեղծել էր իսկապես դիտարժան ներկայացում, ուր կարևորված էին շեքսպիրյան թատրոնին բնորոշ շարժման արտահայտչական սկզբունքները: Բեմադրիչի հաջողությունները պետք է համարել Օլիվիայի և Խեղկատակի կերպարների հանդեպ ձևավորված ռեժիսորական վերաբերմունքը, Մալվոլիոյի կերպարի մեկնաբանությունը: Սակայն այս բեմադրությունը ցնծություն և խանդավառ հիացում չծնեց, քանզի մի շարք բեմադրական վճիռներ և հղացումներ արդեն իսկ վկայում են, որ համաշխարհային թատրոնում ևս նկատելի են դառնում ճգնաժամի դրսևորումները, թատերաարտահայտչական համակարգի հնացածությունն իրեն նկատել է տալիս նաև աշխարհի նշանավոր թատրոններում և անվանի բեմադրիչների աշխատանքներում: Փառատոնային երկրորդ բեմադրությունը Վահե Շահվերդյանի «Լիր արքան» էր` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում: Դրա գլխավոր նորույթը ամբոխի կերպարի ռեժիսորական բացատրությունն է: Ամբոխն այստեղ ընդամենը մարդկանց խումբ էր` բռնության ու իշխանության, աղքատության ու վրիժառության խորհրդանիշը, որը դառնում էր բեմադրության գլխավոր կերպարներից մեկը, «Լիր արքան» մոտեցնում «Կորիոլանին» և «Հուլիոս Կեսարին», որոնցում ամբոխի դերը կարևորագույն է և ճակատագրական: Շահվերդյանի բեմադրության մեջ ամբոխը չունի ճակատագրականության ուժը, սակայն նա վերածվում է խորհրդանիշի, միավորվում այն մեծաթիվ մետաֆորներին, որոնք շեքսպիրյան տեքստն ու գործողությունը տանում էին դեպի բազմանշանակություն, վառ ու ցայտուն կերպարայնություն: Ռեժիսորական դրամատուրգիան` որպես բեմադրիչ-կոմպոզիտորի ինքնության հաստատման գլխավոր երաշխավոր, այստեղ ամեն ինչ պայմանավորել է մտահղացման և գաղափարական-գեղարվեստական հայեցադրույթի կենտրոնացվածությամբ, անգամ փոքր-ինչ շեքսպիրյան ողբերգությունից դուրս թողնելով հուզական դրսևորումները և ամեն ինչ կառուցելով փիլիսոփայական ակտիվ հոսքերի վրա: Սա նշանակում էր, որ XXI դարի հայ թատրոնում շեքսպիրյան բեմադրությունները ստեղծում էին նոր ճանապարհ և ուղի, գեղարվեստական հայեցակարգերի հստակ փոփոխություններ, ելակետ ունենալով Ռոբերտ Սթուրուայի «բանաստեղծական տեսիլ-կոլաժները», որոնք սերտակցվում են Սերգեյ Փարաջանովի «պոետիկ կինոյի» արտահայտչաձևերին, մղվում դեպի շեքսպիրյան տեքստի բանաստեղծական-փիլիսոփայական շերտերի այլաբանական-թատերային մատուցումները: Չնայած երկու բեմադրությունների առաջ բերած դրական տրամադրություններին, այնուհանդերձ 2011-ի փառատոնային ազդագիրն աչքի չի ընկնում հարստությամբ ու բազմազանությամբ, ուստի այն տպավորությունն է, թե ընտրություն չի կատարվել, հրավիրվել են նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել գալ Երևան…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ