Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


n Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի «Մարիբուլակ» զորավարժարանում հետևել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2009» զորավարժությունների ավարտական փուլին: Այս զորավարժությունն առաջինն էր Արագ արձագանքման ուժերի ստեղծումից հետո: Զորավարժությանը Հայաստանը մասնակցում էր մեկ վաշտով և շարային սպաներով` ընդհանուրը 110 զինծառայող: Զորավարժությունը նպատակ էր հետապնդում մշակել սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների իրականացման պարագայում Արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության ալգորիթմները և միացյալ հրամանատարական շտաբի ու արագ արձագանքման ուժերի տեղակայման երկրի զինված ուժերի հրամանատարության համատեղ գործողությունների համադրումը, ինչպես նաև ուսումնասիրել բազմազգ զորամիավորումների տեղակայման տարբեր մարտավարությունները: ՀԱՊԿ-ի միացյալ հրամանատարական շտաբը և զորավարժությունների հրամանատարական կազմը բարձր են գնահատել հայ զինծառայողների մասնակցությունը զորավարժություններին և վերջիններիս մարտական պատրաստվածությունը: «Փոխգործակցություն 2009» զորավարժությունների ավարտական փուլին հետևել են ՀԱՊԿ-ի անդամ հինգ պետությունների` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահները: Անդամ պետությունների ղեկավարները բարձր են գնահատել զորավարժությունների արդյունքները և մեկ անգամ ևս ընդգծել, որ Արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորումը նոր բովանդակություն է հաղորդում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել նախորդ տարի դեկտեմբերին Ղազախստանի Նախագահի «Բորովոյ» կեցավայրում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, իսկ վերջնական որոշումը կայացվել էր 2009 թ. հունիսին` Մոսկվայում, Կազմակերպությունում մեր երկրի նախագահության ժամկետի ավարտին: ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման ուժերի առաջնային նպատակը բազմազգ ուժերի արագ տեղակայմամբ իր անդամ պետություններից մեկի նկատմամբ այլ երկրի կամ երկրների կողմից ռազմական ագրեսիայի կամ նման սպառնալիքի չեզոքացումն է: Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի նախագահությամբ տեղի ունեցած հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, ՀՀ մարզպետներ, Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, ՀՀ ոստիկանապետ Ա. Հարությունյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հրավիրվածներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը` իր խոսքում կարևորելով զորակոչի դերն ու նշանակությունը զինված ուժերի համալրման գործում: Ընդգծվեց զորակոչը արդարության սկզբունքով անցկացնելու անհրաժեշտությունը: Ապա ելույթ ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը: Իր ելույթում նա ներկայացրեց 2009թ. գարնանային զորակոչի արդյունքները և նշեց այն զինկոմիսարիատները, որոնք առավել արդյունավետ և պատշաճ մակարդակով են իրականացրել անցած զորակոչը: ԼՂՀ զինվորական կոմիսար, գնդապետ Ֆ.Գաբրիելյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում անցկացված զորակոչի արդյունքները: Ելույթներով հանդես եկան նաև հանրապետության մարզպետները, ովքեր անդրադարձան մարզերում իրականացված զորակոչային աշխատանքներին, տեղ գտած թերություններին և բացթողումներին, ինչպես նաև քննարկեցին 2009թ. աշնանային զորակոչի խնդիրները: Խոսվեց զորակոչի ընթացքում ծագող խնդիրների, զորակոչիկների առողջական վիճակի զննության կազմակերպման մասին: Արվեցին առաջարկություններ` որոշ հիվանդությունների բուժզննումն իրականացնել նաև մարզերում` ծնողների շրջանում առաջացող դժգոհություններից խուսափելու և պետական միջոցները խնայելու համար: ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ զինակոչիկների շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդություններին, բացթողումներին, հիվանդությունների վաղ հայտնաբերման և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2009թ.-ի գարնանային զորակոչը արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած հանրապետության մի շարք զինկոմներ և զինկոմիսարիատների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, բարձրաստիճան սպաներ, բուժծառա յության, ոստիկանության, ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով: Ամփոփելով նիստը` Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և շնորհավորեց խրախուսվածներին` հույս հայտնելով, որ վերջիններս էլ ավելի եռանդով կշարունակեն կատարել իրենց առջև դրված խնդիրները, նշելով, որ 2010թ.-ին բարեփոխումներ կիրականացվեն նաև այս բնագավառում, ինչը կնպաստի զորակոչի առավել արդյունավետ և արդարացի կազմակերպմանը: