Ակորդեոնի ու սաքսոֆոնի զուգանվագը


Անսովոր երաժշտական համադրությունների հաճախ կարելի է հանդիպել մեր երաժշտական փառատոներում: Բայց գերմանաբնակ Կորյուն Ասատրյանի սաքսոֆոնի զուգանվագը իսպանացի Էնրիկե Ուգարտեի ակորդեոնի հետ յուրահատուկ երաժշտափայլ հաղորդեց «Վերադարձի» այդ երեկոյին: 2002-ից Գերմանիայում հաստատված ու արդեն ճանաչում գտած մեր երիտասարդ հայրենակիցը 4 տարեկանից ակորդեոնով տարված, վեցում առաջին երգը գրած ու յոթում 1500 հոգուց բաղկացած հանդիսասրահում առաջին համերգով հանդես եկած` հանրահայտ ակորդեոնահարի հետ բազում ելույթներ է ունեցել: Միասին էլ վարում էին նրանք կամերային երաժշտության տանը կայացած հերթական համատեղ համերգը: Քաջածանոթ ստեղծագործություններից կազմված երկացանկը նորովի հարազատանում էր ունկնդիրներին կատարումից կատարում: «Բրազիլիերա»-ի (Դ. Միյո) և Արգենտինայում որպես երկրորդ հիմն երկրպագվող Պիացոլայի «Կոնտրաբայենդո»-ի զուգանվագով մեկնարկելով` շարունակություն գտնում Վիլոդոյի «El choclo-Tango»-ի ակորդեոնային մենանվագով, ապա սաքսոֆոնի մենակատարմամբ մատուցված սամուրայների լեգենդով (Ռ. Նոդա, «Mai»): Պիացոլաների առատությունը շոյում է ունկնդրի լսողությունը: Երաժիշտ կատարողների հընթացս անկեղծացող բացատրություններն ու հուզմունքի կապանքներից ազատագրված գործիքային մեկնաբանութ յունները մտերմիկ մթնոլորտ են ստեղծում համերգասրահում: Պլազայի երաժշտաբանաստեղծական «բանավեճի» պարային ռիմթերը զվարթացնում են ամենքին: Ծննդավայրի կարոտախառն զգացողությունները ջերմ ընդունելությամբ հաղթահարած Կորյուն Ասատրյանը շուտով գերում է ունկնդիրներին` իրենից ճառագող կենսախնդությանը միախառնված մասնագիտական վարպետությամբ: Չնսեմացնելով իսպանացի ակորդեոնահարի արժանավորությունը` ներքուստ ընդվզում եմ սաքսոֆոնի մենակատարումների սակավութ յան դեմ` տպավորված հայրենակցիս կատարողական հմտություններով: «Բրավոների» «հարկադրանքով» «բիսերը» սպասվածից ավելի են երկարաձգվում: Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի հարևանությամբ ունկնդրելով Գերմանիայում ձևավորված հայ-իսպանական այս երաժշտազույգի համերգը` ի սկզբանե «Վերադարձ»-ի հայրենականչի խտացման յուրատիպ խորհուրդն էի այդ պատահական օրինաչափության մեջ կենտրոնացրել: Գյումրիում ծնված, ԵՊԿ ստեղծագործական (պրոֆ. Գր. Եղիազարյան) և լարային (Հ. Վարդանյան) բաժիններում կրկնակի մասնագիտացած ու շուտով իր ստեղծագործական շնորհների զարգացման պաշտոնական բարձր գնահատականներին արժանացած, այսօր անվանի երաժիշտը 13 տարի Բեյրութում է գործել (1994-2007 թթ.): Լիբանանի «Համազգային» կրթամշակութային միության հրավերով մինչ այդ «Տաղարան» համույթը ղեկավարած (1987-1994 թթ.) փորձառու արվեստագետը ստանձնել է այնտեղ Բարսեղ Կանաչյանի «Գուսան» երգչախմբի գեղարվեստական առաջնորդությունը, ստեղծել «Հայաստան» կամերային նվագախումբը, ջութակահարների և հնագույն երաժշտության «Մադրիգալ» անսամբլները: Սփյուռքահայ գաղթօջախի երաժշտարվեստում մեծագույն ներդրումը գնահատվել է 1993-ին` Մեծի Տանն Կիլիկիո «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 350-ից ավելի հոգևոր և ժողովրդական երգերի մշակումները, տարաժանր մոտ 30 երաժշտակտավները` «Շուշանիկ» օպերան, «Օրեստ» և «Էդիպ արքա» բալետները, «Մոկաց Միրզա» օպերա-բալետը, «Հայկ և Բել» ու «Նեմեսիս» սիմֆոնիաները և բոլոր մյուսները կատարվել և հրատարակվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Արգենտինայում և այլուր: Օտար ափերում փրկություն գտածներից շատերի նման ինքն էլ կարող էր տաքուկ հաստատվել աշխարհի որևէ անկյունում, հենց Բեյրութում: Բայց… «Գնացել էր, որ դառնար…»,- ինչպես կերգեր ժամանակ առ ժամանակ հայրենի տուն վերադարձող Արթուր Մեսչյանը: Ուստի, օգտվելով բարեպատեհ առիթից, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի անմիջական գնահատությամբ եմ եզրափակում «Վերադարձի» «զենիթային» երաժշտափնջի մասնագիտական արժևորումը` հուսով, որ մեր ընթերցողներից շատերը ունկնդիրն են եղել եթե ոչ նախորդ երեքի, ապա գեթ հաջորդների և անպայման կձգտեն հոկտեմբերի 24-ի եզրափակիչ համերգից հավելյալ հոգևոր երաժշտալիցքեր ստանալ` Վահագն Պապյանի (Իսրայել) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյան) բեթհովենյան ու շոպենյան կատարումներով: «Հազվադեպ պատահող մի համերգ մեզանում, որը մեզ է վերադարձնում, կարծես, ընդմիշտ հիշողության գիրկն անցած-գնացած երանելի զգացողություններ ու հույզեր,- իր նկատառումն է անում նոթատետրումս վաստակաշատ երաժիշտը:- Երկու բարձրակարգ երաժիշտներ, բարձր պրոֆեսիոնալիզմով, ճաշակով, ընտրված երկացանկով: Ամեն ինչ չափի մեջ, կոկիկ, անբռնազբոս: Եվ միշտ վտանգի ծայրին` չգլորվելու համար էժանագինի անդունդը: Հրաշալի համադրություն և, բնականաբար, հրաշալի»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ