Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՇԽԱՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Կան երևույթներ, որոնց գոյության հետ մարդիկ դժվարությամբ և դժկամությամբ են հաշտվում: Դիցուք, ՀԴՄ-ների տեղադրման հարցի շուրջ ծայր առած իրարանցումը ակամայից հիշեցրեց, որ հայրենի տնտեսվարողները մի քանի տարի առաջ էլ էին ոչ պակաս ջանասիրությամբ պայքարում` փոքրիկ այդ արկղիկից չօգտվելու իրավունքը ձեռք բերելու համար: Այն ժամանակ դա մասնակիորեն հաջողվեց, և ներկայում կարելի է ամփոփելով արձանագրել, որ հիմա պայքարի երկրորդ փուլն է սկսվել: Իսկ մինչ այդ` նախորդող տարիներին, ՀԴՄ-ների համատարած կիրառման հարցը ձգձգելով, իշխանությունը հօգուտ տնտեսվարողների ժամանակ է շահել` հատկապես փոքր և միջին բիզնեսի կայացման ու զարգացման գործը խթանելու ակնկալիքով: Զարմանալի է, սակայն նշված խավի ներկայացուցիչներն այսօր էլ են ժամանակ խնդրում… Այսքանով հանդերձ, գրեթե կասկածից վեր է, որ եթե ներկայում ծայր առած գործընթացը դարձյալ հետաձգվի, ասենք մեկ տարի, գործարարները ՀԴՄ-ների գոյությանը դարձյալ նույն անհանդուր ժողականությամբ են վերաբերվելու: Այդ մեկ տարին, իհարկե, շահած ժամանակ կլինի, որն անկասկած գործարարների օգտին կաշխատի, բայց զուգահեռաբար տասնյակ հազարավոր տնտեսվարողներ կշարունակեն հարկային պարտավորություններին հայեցողաբար վերաբերվել: Նման դանդաղկոտությունն, իհարկե, խանգարելու է ոլորտի առողջացմանը. երևույթ, որին ցանկացած գործարար անվերապահորեն կողմ կլիներ, եթե, իհարկե, խնդիրը սեփական գրպանին չառնչվեր: Դեռ մի քանի շաբաթ առաջ, ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, երևանյան ավելի քան մեկ տասնյակ սուպերմարկետներ խոշոր տուգանքների ենթարկվեցին` ժամանակավորապես հարկադրված լինելով դադարեցնել գործունեությունը: Այն ժամանակ հավանաբար մանր ու միջին շրջանառություն ունեցող խանութների ու կրպակների տերերը նույնպես հույս ունեին, թե իրենց ահեղ մրցակիցներին հարկային տեսչությունը փորձում է կարգի հրավիրել: Հիմա, երբ խնդիրն իրենց է վերաբերում, չգիտես ինչու, դժգոհության ալիք է բարձրանում: Ի վերջո, ոլորտի պատասխանատուները խոստովանում են, որ հարկային բեռի ավելի քան 70 տոկոսը խոշորների ուսերին է դրված, և խնդիրը բոլորովին էլ փոքր ծավալներով հարկ վճարողների կարգավիճակի վերանայմանն ու այս համամասնությանը արհեստականորեն հակազդելուն չի առնչվում: «Յուրաքանչյուրը պետք է վճարի իր դրամային շրջանառության չափով»,- մոտավորապես այս բանաձևում է ընդհանրանում իշխանության ներկայիս քաղաքականությունը: Իր հերթին վարչապետ Տ. Սարգսյանն ավելացնում է. «Ամբողջ փաթեթի տրամաբանությունն այն է, որ բեռը դրվելու է խոշոր բիզնեսի` առևտրի կենտրոնների կազմակերպիչների վրա»: Այլ կերպ թերևս չէր էլ կարող լինել, քանի որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական դրույթներից մեկն էլ, ինչպես հայտնի է, փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանելն է, ինչը, անկասկած, նաև հարկաչափերի բեռնաթափում է ենթադրում: Եվ հիմքեր, թե ՀԴՄ-ների տեղադրմամբ զարկ կտրվի հակառակ գործընթացին, դեռևս չկան: Համենայն դեպս, հարկայինի պատասխանատուները վստահեցնում են, որ տնտեսվարողները չեն կարող տուժել, քանի որ ՀԴՄ-ների տեղադրմամբ և վերահսկմամբ շուկաների ղեկավարությունը պետք է զբաղվի: Մնում է հուսալ, որ սկսված գործընթացի արդյունքում նաև ապրանքների առանց այն էլ ոչ այնքան մատչելի գները նորից չեն բարձրանա: