Նորից երկակի ստանդարտներ


Կովկասն այսօր կարևոր դեր է ստանում համաշխարհային քաղաքականության մեջ: Այստեղով են անցնում արևմուտքն ու արևելքը, հյուսիսն ու հարավն իրար կապող ճանապարհներն ու այստեղ են հատվում Արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական վեկտորները: Բոլորովին պատահական չէ, որ հատկապես Խորհրդային կայսրության` փլուզումից հետո Կովկասում բնակվող ժողովուրդները, Արևմուտքից եկող` ազատության, ժողովրդավարության լոզունգային քարոզներով հարբած, իրենք էլ չնկատեցին, թե ինչպես են ակամա վերածվում Ռուսաստանի և Արևմուտքի միջև մղվող պայքարի մատաղացուների` այս տարածքում նրանց ազդեցության, ներկայության պահպանման համար: Ոչ ոք կամ գրեթե ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն իրողության վրա, որ Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած պատերազմական գործողություններից ընդամենը մեկ-երկու օր առաջ Թուրքիայի տարածքում պայթեցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այն ավելի շատ քաղաքական և ոչ թե տնտեսական նշանակություն ունեցող նավթամուղ է և, ըստ էության, բարձրաձայնում է այդ տարածքում Արևմուտքի հետապնդած շահերի մասին: Ցխինվալիում կատարված ողբերգությունն ու դրա մեծաթիվ զոհերն իրենց վրա կենտրոնացնելով աշխարհի ուշադրությունը, կարծես, թույլ չտվեցին խորանալ նավթամուղի պայթեցման պատճառների մեջ: Ընդամենն ասվեց, որ դրա հեղինակը Քրդական աշխատավորական կուսակցությունն է: Գուցե նավթամուղի պայթեցման և Ցխինվալիում հայտնի իրադարձությունների օրերի մոտիկությունը պատահակա նությո՞ւն է. բայց, որպես կանոն, մեծ քաղաքականության մեջ այդպիսի պատահականություններ չեն լինում կամ գրեթե չեն լինում… Ինչևէ: Ընդամենը երեք օր տևած վրաց-օսական, ավելի ճիշտ կլինի ասել` վրաց-ռուսական ռազմական բախումից հետո սկսվեց դիվանագիտական պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որի ընթացքում կողմերն սկսեցին իրերն իրենց անուններով կոչել, ինչը հազվադեպ երևույթ է դիվանագիտության մեջ և վկայում է, որ ծայր առած բանավեճը տևական անզիջում է լինելու: ՌԴ արտգործնախարար Լավրովը Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի իրականացրած պատերազմական գործողությունները համարեց ամերիկյան նախագիծ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի և Վրաստանի, ինչպես նաև վերջինիս թիկունքին կանգնած Արևմուտքի միջև բորբոքված բանավեճին ոչնչով չէր զիջում մասնավորապես էլեկտրոնային լրատվամիջոցներով մղվող քարոզչական պատերազմը, որտեղ գործում է «ճիշտ և հաղթող է նա, ով առաջինը կասի» սկզբունքը: Դիվանագիտական պատերազմում, որից հաղթանակած դուրս գալու համար կողմերից ոչ մեկը ոչինչ չի խնայում, դրսևորվեց և շարունակում է դրսևորվել աշխարհի հզորների երկակի ստանդարտների քաղաքականությունը: Ռուսները շեշտում և քարոզչության հնարավոր բոլոր միջոցներով ապացուցում են, որ Ցխինվալիում վրացիները ցեղասպանություն են կատարել, և դրանից հետո Հարավային Օսեթիան ու նրան աջակցող Աբխազիան այլևս չեն կարող Վրաստանի հետ միևնույն պետության կազմում մնալ: Սակայն Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը մերժում են Հարավային Օսեթիայի կարգավիճակի մասին հարցի միջազգային քննարկումը և պնդում են տարածքային ամբողջակա նության պահպանման սկզբունքը: Նրանք կարծես «մոռանում» են, որ ընդամենը մի քանի տարի առաջ անտեսելով նախ այդ սկզբունքը, ՆԱՏՕ-ի զինուժի գործադրմամբ Սերբիայից բռնությամբ պոկեցին Կոսովոն: Բալկաններում Արևմուտքը դիմեց նման քայլի` նպատակ ունենալով Եվրոպայում թուլացնել Ռուսաստանի ներկայությունը: Այդ պարագայում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը չէր բխում արևմտյան պետությունների շահերից: Ավելին, այսօր պատրաստվում են սերբերի առաջնորդ Կարաջիչին Հաագայում դատել որպես պատերազմի հանցագործ` Կոսովոյում հազարավոր ալբանացիների ոչնչացնելու համար: Հարավային Օսեթիայի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով միայն Ցխինվալիում զոհերի թիվը գուցե և գերազանցում է երկու հազարը: Ականատեսների վկայությամբ, նրանց զանգվածաբար ոչնչացրել են` ազգությամբ վրացի չլինելու պատճառով. այսինքն` ցեղասպանություն է կատարվել: Բայց ինքնին հասկանալի է, որ չնայած Ռուսաստանի ջանքերին, Արևմուտքը երբեք չի համաձայնի Սահակաշվիլուն մեղադրել էթնիկական զտում իրականացնելու մեջ. վերջինս կատարում էր Ռուսաստանին Կովկասից հնարավորինս դուրս մղելու Արևմուտքի պատվերը: Հատկանշական է, որ այս պատերազմում Ռուսաստանի հետ բանավեճում շատ ավելի զգուշավոր էր արտահայտվում Եվրամիությունը: Դա նույնպես հասկանալի է. եվրոպական երկրները մեծ չափով կախված են ռուսական էներգակիրներից: Մի խոսքով, այս` վրաց-օսական պատերազմը հերթական անգամ ապացուցեց, որ աշխարհը ղեկավարվում է, ոչ թե միջազգային ինչ-ինչ սկզբունքներով, այլ պետական շահերով, ավելի ստույգ` աշխարհի հզորների պետական շահերով: Հատկանշական է, որ վերոհիշյալ իրադարձությունների առնչությամբ կազմակերպված ասուլիսում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը նշեց, որ Վրաստանի օրինակը կարող է դաս լինել հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու մասին երազողների համար: Խոսքը, ակնարկը Ադրբեջանին էր վերաբերում: Սակայն, հարկ է նշել, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում, ի տարբերություն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, չի շեշտադրում ԼՂՀ անկախության անխուսափելիությունը: Այս պարագայում նույնպես գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ: Ռուսաստանը չի ցանկանում Ղարաբաղի պատճառով հարաբերությունները սրել Ադրբեջանի հետ… Այդպիսին է ՌԴ պետական շահը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ