Ճշմարտությունը ժողովրդին ավելի շատ է պետք


Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է իր ուսումնասիրությունները: Հանձնաժողովի անդամները հավաստիացնում են, որ իրենց գերխնդիրը տեղի ունեցածը բացահայտելն ու ըստ էության պարզաբանելն է: Հանձնաժողովի հանդեպ թերահավատության դրսևորումները հանձնաժողովականները համարում են ոչ արդարամիտ: ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԱԺՄ - Կարծում եմ` հանձնաժողովի աշխատանքները փոքր-ինչ դանդաղում են` փորձի պակասի պատճառով: Ցանկալի և առավել արդյունավետ կլիներ աշխատել միջազգային փորձագետի խորհրդատվությամբ: Նշեմ, որ մեր աշխատանքի ընթացքում լինում են հակընդդեմ տեսակետների բախումներ, լինում են անհամաձայնություններ, սակայն արդյունքում դրանք ուղղորդված են մի ընդհանուր նպատակի` կատարել ճիշտ եզրահանգում: Իսկ այն թերահավատությունը, որ հնչում է հանձնաժողովի հասցեին, որոշակի քաղաքական խնդիր է հետապնդում, ինչը, բնականաբար, խանգարում է մեր աշխատանքներին: ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ՀՅԴ - Այս պահի դրությամբ կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս այսպիսի պատկերացում կազմել. ոստիկանության և ընդդիմության կողմից կատարվել են ոչ համաչափ գործողություններ: Ոստիկանության գործողությունները օրենքի պահանջներին չի համապատասխանել, ոտիկանները պատշաճ վարքագիծ չեն դրսևորել: Ըստ տեղազննության արդյունքների` հայտնաբերված զենք-զինամթերքի քանակը չի արդարացնում այն լայնամասշտաբ գործողությունները, որ իրականացրել է ոստիկանությունը: Այս պահի դրությամբ նախնական դիտարկումները ցույց են տվել, որ սխալներ եղել են նաև ընդդիմության կողմից: Այնքանով, որքանով անցկացվող գործողությունն ի սկզբանե գործող օրենքի շրջանակներում չէր, մյուս կողմից էլ հնարավոր չի եղել կանխել կեղծ լուրերն ու կեղծ տեղեկատվությունը, ինչը հետագայում հիմք է հանդիսացել ցուցարարների կողմից առավել ագրեսիվ պահվածք դրսևորելու համար: Այս երևույթը հավի ու ձվի պատմությանն է նմանվում. այսինքն, մինչև վերջ ընկալելի չի դառնում, թե խորքային առումով ո՞ւմ կոնկրետ գործողությունների արդյունքում ձևավորվեց այդպիսի ագրեսիա: Իսկ հանձնաժողովի աշխատանքներին թեական գնահատական հնչեցնելը համարում եմ ոչ իրատեսական: Հանձնաժողովը փորձում է գործողություններ ծավալել բազմաթիվ ուղղություններով: Բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են ճշմարտության բացահայտմանը և ոչ թե նեղ անձնական կամ քաղաքական շահ են հետապնդում, պետք է նպաստեն հանձնաժողովի գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու համար: Ի վերջո, ճշմարտության բացահայտումն առաջին հերթին մեր ժողովրդին է պետք: ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ «Ազգային վերածնունդ» - Հանձնաժողովն ամեն ինչ անում է` իր լիազորությունների շրջանակներում համակողմանի ուսումնասիրություններ կատարելու համար: Մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե ներկա լիներ առաջին Նախագահը կամ նրա լիազոր ներկայացուցիչը և պատասխաներ առաջացած հարցերին: Այդ կերպ կարելի էր զերծ մնալ ապատեղեկատվությունից և հնարավոր կլիներ ավելի ճշգրիտ եզրահանգումներ կատարել: ԱՐՏՅՈՒՇԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ. ՀՅԴ - Մեր խնդիրն անաչառ և օբյեկտիվ լինելն է, և տեղի ունեցածի իրական պատկերը վերարտադրելը: Հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են ճիշտ հունով, իսկ թերահավատներին (դիցուք` Դավիթ Շահնազարյանին) հակադարձում ենք` որպեսզի այսպես ասած «կոծկումներ» չլինեն, ներկայացրեք փաստեր և պարտադրեք, որպեսզի հաշվի նստենք այդ փաստերի հետ: Էլ չենք խոսում համագործակցության մասին: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ որոշ մարդկանց ձեռնտու չէ հանձնաժողովի աշխատանքը, որի արդյունքում կատարված բացահայտումները կարող են շրջվել ի վնաս իրենց:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ