Խորհրդակցություն Հ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում


ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը խորհրդակցություն անցկացրեց Մարշալ Հ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում` «Ռուբեժ 2008» զորավարժության 3-րդ և 4-րդ փուլերը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար և հրամանատարական կազմը, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից: Ս. Օհանյանը նախ ողջունեց մասնակիցներին` նշելով, որ խորհրդակցության նպատակն է «Ռուբեժ 2008» զորավարժության 3-րդ և 4-րդ փուլերի ընթացքում իրականացվող միջոցառումների վերաբերյալ ցուցումներ տալը, ինչպես նաև վերջնական խնդիրների ամփոփումը: Անդրադառնալով զորավարժության 3-րդ և 4-րդ հիմնական փուլերի նախապատրաստական աշխատանքների արդյունքներին, Ս. Օհանյանը հայտնեց, որ արդեն նախապատրաստվել և հաստատվել են անհատական պլանները. յուրաքանչյուր սպա գիտի իր առջև դրված խնդիրը` որտեղ և ինչի համար է պատասխանատու: Զորավարժության հիմնական փուլերի նախապատրաստական աշխատանքների արդյունքների վերաբերյալ ամփոփ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը` նշելով, որ զորավարժությունը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու հետ կապված առկա խնդիրներ չկան: Ս. Օհանյանը նշեց նաև, որ զորավարժության վերջին փուլի ավարտին կանցկացվի շարային հանդիսավոր քայլերթ` ՀԱՊԿ մասնակից պետությունների զինված ուժերի` «Ռուբեժ 2008» զորավարժության մասնակից ստորաբաժանումների մասնակցությամբ, իսկ զորավարժության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողները կխրախուսվեն և կպարգևատրվեն: Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարեց ամենայն լրջությամբ ավարտին հասցնել զորավարժության անցկացման նախապատրաստական աշխատանքնե րը: