Հանրօգուտ միտումների ուրվագիծը


Որքան էլ գերտերությունները մրցակցեն ամենահզոր զենքը ստեղծելու համար, միևնույն է, մոլորակի համար թիվ 1 վտանգը ինքը` մարդն է. առանց կողմնակի` բնական աղետների միջամտության էլ նա ջանասիրաբար գտնում է ինքնաոչնչացման միջոցներ` խաթարելով բնության շնորհած կենսապայմանները: Եվ հիմնավոր է աշխարհում շատերի անհանգստությունը օզոնային շերտի բարակության, արտանետվող թափոններից ջրերի աղտոտման և առհասարակ շրջակա միջավայրի պահպանման համար: Նշյալ գործունեության տեղական դրսևորումներից է վերջերս կառավարության հավանությունը ստացած «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության գործողությունների 2-րդ ազգային ծրագիրը»: Բնապահպանության փոխնախարար Սիմոն ՊԱՊՅԱՆԻ հավաստմամբ. - Սա 5 տարվա ծրագիր է: Բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու ասենք ջերմոցային գազերի կրճատմանը, էներգախնայողությանն ու էներգաէֆեկտիվութ յան բարձրացմանը կամ ջրակորուստների նվազեցմանը, այդ բոլոր ծախսերը 0,5 % ՀՆԱ-ի մեջ պետք է ներգրավվեն: Միջոցառումներից օրինակ` ջրային խնայողության համար պետք է օգտագործվի կաթիլային ոռոգման մեթոդը. և° գոլորշիացումն է նվազեցվում, և° շատ ռացիոնալ են օգտագործվում ջրի ռեսուրսները: Չանտեսելով ջրային պաշարների պահպանման կարևորությունը` հարկ է նշել, որ գերակա է նաև էներգետիկ պաշարների և հատկապես արևային էներգիայի ռացիոնալ օգտագործումը: Անշուշտ, արևի էներգիայի օգտագործումը պետականաշահ է մի քանի տեսանկյունից. էկոլոգիապես մաքուր և անվճար է հումքը (ինչը պետք է շահագրգռեր բնապահպանության նախարարությանը), ամրապնդում է էներգետիկ, ասել է թե` տնտեսական, ռազմավարական անկախությունը: Եվ որոշ դեպքերում հարևան երկրների էներգետիկ լծակները զսպաշապիկ չեն դառնա մեզ համար: Ուստի` ի՞նչ ծրագրեր կան բնապահպանությանը նպաստող արևի` էկոլոգիապես մաքուր էներգիա օգտագործելու ուղղությամբ: - Այս միջոցառումների ծրագրում նաև այդ հարցը կա: Մի քանի պիլոտային ծրագրեր են արվելու: Այնտեղ տեխնոլոգիական որոշակի խնդիրներ ունենք. դա թանկ է ուղղակի: Երբ որ այդ տնտեսական հարցերի լուծումները տրվեն, ինձ թվում է` կլիմայի առումով խնդիրներ չենք ունենա,- պարզաբանում է Ս. Պապյանը: - Իսկ դուք տեղյա՞կ եք Պարիս Հերունու «Արև» կիսավարտ արեգակնային կայանի մասին: - Ես այդքան լավ տեղյակ չեմ, բայց լսել եմ: Մասնագիտական գնահատական չեմ կարող տալ: - Իսկ Պ. Հերունու հետ համագործակցել չե՞ք պատրաստվում: - Այո, այստեղ` այդ միջոցառումների ծրագրերում գրված է նաև դա: Այդ խնդիրը դրված է, որովհետև ընդհանրապես այլընտրանքային էներգիայի աղբյուրների խնդիրը կարևոր է: Մենք ունենք միջճյուղային բլոկ: Բայց, իհարկե էներգետիկայի գիծը հիմնականում բնական պաշարների նախարարությունն է տանում, մենք էլ իրենց աջակցում ենք: Շատ կարևոր ուղղություն է: Նշմարելով այս ուղղության հանրօգուտության գիտակցումը` հուսանք, որ իրոք մեր իշխանությունը ձեռքից բաց չի թողնի հնարավորությունը, և գուցե թե զարկ տրվի հայրենանվեր գիտնականի կիսատ գործը ավարտին հասցնելու նախանձախնդրությանը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ