«ՆԱ ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է»


Այսօր հայ շոուբիզնեսում, մասնավորապես` երգարվեստում, կայուն տեղ ունենալը դժվար է: Ամեն օր համալրվում է երգիչների շարքը, բայց ցավալի է, որ նրանցից քչերի մոտ է նկատվում ինքնատիպություն: Ահա այդ քչերից է Միստր X-ը, ում առեղծվածային անունն իսկ (ու անունից ծնված կերպարը) նորություն ու թարմություն բերեցին մեր շոուբիզնեսում: Նրա տաղանդի մասին մեկ անգամ չէ, որ խոսել են մեր մշակույթում և հատկապես երգարվեստում արդեն ճանաչում ունեցող մարդիկ: Վերջիններիս և Միստր Իքսի երկրպագուներին ևս մեկ այդպիսի առիթ էր ընձեռվել. «Disk Planet» (Աբովյան) խանութ-սրահում կայացած նրա ձայնասկավառակի շնորհանդեսի ժամանակ: Խանութի մենեջեր Սուրեն Թումանյանը նշեց, որ շնորհանդեսը ոգևորել էր շատերին. ինչը կարելի էր դատել նաև հյուրերի թվով: Երգիչը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ ունեցել է 2 մենահամերգ` Լոս Անջելեսում` Ալեքս թատրոնում և Բևեռլի Հիլզում` Ուիշլեր թատրոնում: Վերջին համերգի ժամանակ նա հանել է այդքա¯ն առեղծվածային դիմակը: Ինչպես նշեց «Միստր Իքս» բարեգործական հիմնադրամի տնօրեն և կազմակերպչական մասի ղեկավար Արմեն Ադամյանը, հայ հանդիսատեսի համար նա «կդիմակազերծվի» արդեն մոտ ապագայում Երևանում նախատեսվող համերգի ժամանակ, իսկ մինչ այդ նա համերգներով հանդես կգա մեր հանրապետության տարբեր մարզերում: Շնորհանդեսին, բնականաբար, ներկա էր «Արձագանք» ստուդիայի տնօրեն Եղիշե Պետրոսյանը, ով առաջինն է ողջերթի խոսք ասել շոուբիզես մտնող երգչին: Նրա համար Միստր X-ը «...այն երիտասարդ յուրահատուկ ստեղծագործողներից է, ովքեր արժանի են շատ ավելի մեծ բարձունքների: Նա թե° տաղանդով (ունի յուրահատուկ ձայն, հրաշալի կատարողականություն), թե° բովանդակությամբ (ընդամենը երգելով չէ. մարդը բովանդակություն էլ պետք է ունենա. նա ունի այդ գիտելիքները) առանձնանում է»: Եղիշե Պետրոսյանը այսօր չի զբաղվում նրա պրոդյուսինգով, բայց հնարավորության սահմաններում աջակցում է նրան, որովհետև գնահատում է: Իսկ պարարվեստի անվանի գործիչ Կարեն Գևորգյանը Միստր X-ին համարում է բոլոր ժամանակների երգիչ, որովհետև «նա կարողանում է իր ձայնով արթնացնել բոլոր զգացմունքներն ու զգացողությունները, որոնք կան մարդու երևակայության մեջ»: Նրա կատարումներից Կարեն Գևորգյանը առանձնացնում է «Կիլիկիա»-ն. «Իմ երկրի կարոտը, սերն է հիշեցնում ինձ»: Այդ կատարումը համարում է երգի լավագույն մեկնություններից: Հյուրերի թվում էին նաև Արաբկիրի թաղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, երիտասարդ կատարողներ Գուրգեն Դաբաղյանը և Սիլվան: …Նրանք բոլորն էլ ջերմորեն ընդունեցին նոր ձայնասկավառակի լույս ընծայումը: Միանանք բոլոր ներկաների բարեմաղթանքներին և սպասենք առեղծվածային, բայց մշտապես կատարելության ձգտող, երգարվեստի անախարտությամբ մտահոգ երգչի նորանոր ձեռքբերումներին…

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ