«ԱՆՆԿՈՒՆ» ՎԱՆՅԱՆՆ ՈՒ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆԸ


 

Այնքան էլ ոգևորված չենք, որ երբեմն-երբեմն առիթ է լինում անդրադառնալու մի շարք հասարակական կազմակերպությունների ու նրանց հեղինակած նախաձեռնություններին: Ոգևորված չենք, որովհետև քաղաքացիական ու ժողովրդավարական նախաձեռնությունների անվան տակ ոմանք միայն անձնական-նյութական շահեր են առաջ տանում` փորձելով այլափոխել հասարակությունը, կեղծ արժեքներ ու պատկերացումներ ներարկել, լռեցնել տալ մի շարք խնդիրներ, որոնց լուծումները միայն ու միայն միջազգային կարևորագույն կառույցների գերակայություններն են:

Մեզ համար հաճելի չէ նաև հերթական անգամ առնչվել մի երևույթի, որի անունը գեորգի վանյան է և ով շարունակում է իր գործունեությունը ծավալել` ազգադավ ամեն մի ձեռնարկի համար հերթական գրանտները ստանալով: Առհասարակ, գրանտակերության ու դրա ձևավորած վնասների մասին շատ ենք խոսում, սակայն ոմանք ձև են անում, թե հետևում են ժողովրդավարությանն ու բազմակարծությանը, թե հարգում են ԵԽ-ի առջև ստանձնած մեր պարտավորությունները...

Ադրբեջանական շահերով առավելապես առաջնորդվող վանյան գեորգին ու նրա «քիրվաները» հերթական նախաձեռնությունն են պատրաստվում կյանքի կոչել` այժմ արդեն «սահմանային» քննարկում մտմտալով Վրաստանի Թեկալի գյուղում: Այդ նախաձեռնությունը տեղի է ունենալու վաղը` հուլիսի 21-ին: Կազմակերպիչները բավական փքուն վերտառություն են հորինել իրենց նախաձեռնությանը. «Թեկալյան գործընթաց. շփման գծում իրավիճակի վրա ազդեցության մեխանիզմները»: Ըստ տարածված տեղեկությունների, այս քննարկում-հանդիպմանը մասնակցելու են Աղստաֆայի, Բաքվի, Գյումրու, Գյանջայի, Երևանի, Իջևանի, Ղազախի, Մառնեուլիի, Նոյեմբերյանի, Թովուզի ու Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային գյուղերի բնակիչները: Իբրև նախաձեռնության հեղինակներ, հանդես են եկել «Թեկալի» ընկերակցությունը (Վրաստան), Տարածաշրջանային գործընկերության ու համայնքների զարգացման կենտրոնը (Ադրբեջան), Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան) և Վաշինգտոնում տեղակայված Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED):

Մեզ հաջողվեց ծանոթանալ ներկայացվելիք զեկուցումների թեմաներին ու դրանց հեղինակներին: Զաուր Դարգալին Մառնեուլից, Մագերամ Գոյուշօղլուն Ղազախից և Ոսկան Սարգսյանը Նոյեմբերյանից խոսելու են «Թեկալյան գործընթաց. Մերձսահմանային ռեսուրսները» թեմայով: Զարդուշտ Ալիզադեն Բաքվից և գեորգի վանյանը քննարկման մասնակիցներին ներկայացնելու են «Շփման գծում իրավիճակի վրա ազդեցության մեխանիզմները», իսկ Բերնարդ Օ&undefined;Սալլիվանն ու Սթիվ Յանգը Բրյուսելից կանդրադառնան «Խաղաղապահ ուժեր առանց բռնության. աշխատանքի փորձն ու ծրագրերը Կովկասում» թեմաներին:

Մենք, ինչ խոսք` կողմ ենք, որպեսզի հարավկովկասյան ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, որպեսզի հատկապես Ադրբեջանի հասարակությունն իր միջից հանի հայատյացությունն ու հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն առաջին հերթին իրեն է պետք, քանզի այսօր կազմաքանդվում է ադրբեջանական հանրությունը, շատերը հեռանում են երկրից` վախենալով, որ պատերազմական իրավիճակներում իրենք ընդամենը թնդանոթի միս են դառնալու... Սակայն այս նախաձեռնությունը չի կարող արդյունավետ ու օգտակար լինել միայն ու միայն այն պատճառով, որ ոչ թե ազնիվ մղումներն ու ցանկություններն են հասունացրել դրա պահանջը, այլ` ֆինանսական շահերը, «պլակատային քիրվայությունը», որն արդեն մի քանի տարի հարստացնում է վանյանին ու նրա ազերի բարեկամներին, կեղծ ժողովրդավարներին, ովքեր մարդկային ողբերգությունների վրա իրենց նյութական երջանկությունն են կառուցում:

Ո՞վ է ունկնդիր լինելու սրանց, ովքեր են ուշադրություն դարձնելու սրանց հայտարարություններին ու կոչերին: Ոչ ոք` բացառությամբ այն կազմակերպությունների, ովքեր սրանց գրանտներ են տալիս` «առյուծի բաժինը» պահելով իրենց:

Մեզ զարմացրեց նաև այն, որ զեկուցողների շարքում հայտնվել է ոմն Ոսկան Սարգսյան անուն-ազգանուն: Կարծես մեր հանրային գործիչների շարքում նրա անունը երբևէ չի շոշափվել, ոչ ոք նրան չի ճանաչում իր խաղարար գործունեությամբ: Զանգահարեցինք Իջևան և հետաքրքրվեցինք նրա ով լինելով: Պարզվեց, որ մի կիսագրագետ անձնավորություն է, ով թղթակցում է ինչ-որ թերթերի` իր թղթակցությունների գրագիտությունը թողնելով խմբագիրներին: Ու այս նոր գեորգիվանյանն էլ պիտի ներկայացնի «մեր» խնդիրները...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ