ՇԱՐԱՄԸ, ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍՆ ՈՒ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ը


 

Գյումրու Վարդանանց հրապարակի և Շահումյան 188 շենքի միջնամասում գտնվող կանաչ տարածքը, որտեղ մոտ քսան տարի գտնվել է «Պինգվին» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի վաճառքի կետը, Գյումրու քաղաքապետարանը խլել է նրանից: Պատճառն այն է, որ ժամանակին Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը հայտարարել է, որ այն խանգարում է Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետական տեսքին: Հիմա քաղաքապետարանը այս տարածքը, առանց մրցույթի, տրամադրում է Ամերիաբանկին, որն այստեղ իր մասնաճյուղն է կամենում կառուցել: Իսկ հոգևոր առաջնորդն էլ տվել է իր համաձայնությունը:

- Էն ժամանակ, որ քաղաքապետը ինձ էդ տարածքից վռնդում էր, պատճառաբանում էր, թե Աստծո տանը խանգարում ենք: Էդ ո՞նց եղավ, որ հիմա չի խանգարում,- զայրացած ասում է «Շարամը»` Ռուդիկ Խոջոյանը:

Քաղաքապետարանն, իսկապես, ծածուկ գործարք է իրականացրել` կանաչ տարածքը տրամադրելով բանկային շինարարությանը: Գյումրու բնապահպաններն ու «Քաղաքը մերն է» շարժման ակտիվիստները խիստ զայրացել են այս ամենից և պատրաստվում են ոտքի հանել քաղաքի բնակչությանը: Գուցե Հայաստանում էլ «սեպտեմբերյան գարունը» Գյումրիից սկսվի...