ՎԱՆՈՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ


 

«Հանուն մեծատաղանդ գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի» նախաձեռնությունը, պարզվում է, օրավուր նոր համակիրների է ներգրավում: Հիմա էլ այդ նախաձեռնությանը միացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որն անգամ հայտարարություն է տարածել:

Անկախ իր շնորհներից և երկրին մատուցած ծառայություններից` Վանո Սիրադեղյանը հայ է ու հայաստանցի և իրավունք ունի Հայաստանում ապրել: Սակայն խնդիրը միանգամայն այլ է. նրան մեղադրանք է առաջադրվել: Գլխավոր դատախազը ժամանակին խորհրդարան է ներկայացրել մի «մեղադրական», որն այնքան էլ անմեղներից չէ: Ուրեմն, ինչո՞ւ հենց Վանո Սիրադեղյանն ինքը չի հանդես գալիս հայտարարությամբ` ապացուցելով իր անմեղությունը, հերքելով այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են Ազգային ժողովի ամբիոնից` առիթ տալով, որ ԱԺ պատգամավորն ու գրողը հեռանա հայրենիքից: Այս ողջ պատմության մեջ ամենատարօրինակն ու զարմանալին այն է, որ դատախազությունը հանդես չի գալիս որևէ հայտարարությամբ ու մեկնաբանությամբ, չի հակադարձում այն գնահատականներին, թե դատախազությունը «կեղծ մեղադրանք» է ներկայացրել: Ուրեմն` հիմնավորում չունի: Ինչպես ասում են, այս պատմության մեջ կան «առեղծվածներ», որոնց պատասխանները հնչեցնելու ժամանակը վաղուց է եկել...