ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱ´Ն ԽՆԴԻՐ Է


 

Հայտնի փաստ է` 89-րդ հայկական հրաձգային Թամանյան, եռակի Կարմրադրոշ դիվիզիան, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ Հյուսիսային Կովկասի, Թամանյան թերակղզով, Ղրիմով, Լեհաստանով, Գերմանիայով դաժան կռիվներով մտել է Բեռլին և հայ զինվորներն այնտեղ պարել են Քոչարին: Բայց մեր ազգային դիվիզիայի դրոշը կամ դրա կրկնօրինակը մինչև օրս չկա Մոսկվայի ԶՈՒ թանգարանում, որտեղ լինում են ավելի շատ երկրների ներկայացուցիչներ: Չկա նաև մեր մեծ հայրենասեր Հովհաննես Բաղրամյանի նկարը` «Հաղթանակած մարշալների» շարքում: Երևանում Գայի անվան Սպայի տնից մնացել են միայն հիշողություններ: Մինչդեռ նման կենտրոններ պետք է գործեն բոլոր մարզկենտրոններում և սահմանամերձ շրջաններում:

Մոսկվայում բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնում մի հավաքի ժամանակ ոմանք պնդում էին, որ այդ հիասքանչ կառույցի գլխավոր ճարտարապետը ազգությամբ մոլդովացի է: Ես ստիպված էի ապացուցել, որ Կարո Սիմոնի Հալաբյանը ազգությամբ հայ է, ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի իսկական անդամ, արվեստի վաստակավոր գործիչ, որ նրա հեղինակությամբ կառուցվել են շատ շենքեր (Երևանի Ստանիսլավսկու և Սունդուկյանի անվան թատրոնները, Սոչիի ծովային կայարանը, Նյու Յորքի ԽՍՀՄ միջազգային ցուցահանդեսի տաղավարը, Վոլգոգրադի վերականգնման նախագիծը և այլ նշանավոր շինություններ) և Երևանում նրա անվամբ փողոց կա: