ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ


 

Վերջերս ինչ-որ հասարակական կազմակերպություն, հավանաբար հերթական գրանտը ստանալու ակնկալիքով, աղմուկ բարձրացրեց, թե մայրաքաղաքի Աբովյան փողոցի նախկին բուտիկների տեղում իշխանությունները գաղտնի շինարարություն են սկսել: Հասարակական բողոքի նոր ալիք պիտի բարձրանար, սակայն պարզվեց, որ կառուցվում է… հասարակական զուգարան: Գրանտը կորավ, ոմանց ամառային հանգստի ծրագրերը հօդս ցնդեցին: Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ շատ շինարարներ խախտում են քաղաքաշինության խորհրդի որոշումն ու շինարարական օբյեկտների վրա ցուցանակներ չեն փակցնում: Գուցե այս դեպքում ամաչե՞լ էին ցուցանակ տեղադրել զուգարանաշինության մասին: Բայց պետք չէ ամաչել, պիտի իմանալ, որ եվրոպական շատ երկրներում զուգարանաշինությունն ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն է: Ֆրանսիայի ամենահարուստ գործարարներից մեկն իր միլիոնները դիզել է զուգարանաշինության և զուգարանային բիզնեսի շնորհիվ: Այնպես որ, հայ գործարարներից ոմանք էլ չպետք է բարդույթավորվեն և գովազդեն իրենց բիզնեսը. չէ՞ որ, ինչպես ռուսներն են ասում` փողերից հոտ չի գալիս…