ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ


 

Վրաստանի արտգործնախարարից հետո` մեկ-երկու օրվա տարբերությամբ, Երևանը ընդունեց մյուս հարևան երկրի` Իրանի պաշտոնական պատվիրակությանը: Գրիգոլ Վարշաձեի այցի վերաբերյալ տեղեկատվությունը սուղ էր, բայց ռուսական լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցից իմացանք, որ խոսք է եղել Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղին վերաբացելու մասին: Հայտնի է, որ Վրաստանի արտգործնախարարն ասել է, թե դա ավելի շատ հարկավոր է Ռուսաստանին` Հայաստանում տեղակայված ռազմաբազայի մատակարարման համար:

Գրեթե նույն ժամանակահատվածում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հայտարարությամբ, ասելով թե Բաքվի հետ համաձայնեցրել են Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռների անվտանգության հարցերը: Սակայն դրանից ընդամենն օրեր անց Բաքուն կրկին հայտարարեց, թե դեպի Ստեփանակերտ թռիչքներն ինքը կհամարի իր օդային տարածքի խախտում: Սակայն այս պարագայում Բաքվի հերթական սադրիչ հայտարարությունը չէ ուշադրության արժանի, այլ օդանավակայանի վերաբերյալ համանախագահների հայտարարությունը: Այն թույլ է տալիս մտածել, որ ՄԽ համանախագահող երկրները շահագրգռված են օդանավակայանի գործարկմամբ: Արևմուտքը գուցե ցանկանում է այն օգտագործել Աֆղանստան ռազմական բեռների տեղափոխման նպատակով, իսկ Ռուսաստանին անհրաժեշտ է իր զորքերի մատակարարման համար: Բոլոր դեպքերում, ինչպես երևում է` Բաքվին այդ հեռանկարը, մեղմ ասած, չի հետաքրքրում, և դրանով պետք է բացատրել համանախագահների հայտարարությանը գրեթե անմիջապես հաջորդած նրա թունավոր արձագանքը:

Այնուամենայնիվ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի շրջափակումը վերացնելու հարցում: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները լոբբի է իրականացնում Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, Կարս-Ախալքալաք երկաթուղու վերագործարկման ուղղությամբ: Թերևս պատահական չէր հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներով վերջերս ծավալված այն խոսակցությունը, թե Թուրքիայի Տրապիզոնի նավահանգիստը կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի համար: Հատկանշական էր, որ այդ մասին սկսեցին բարձրաձայնել նաև Թուրքիայի գործարարները: Ակներև է, որ Ռուսաստանը և Արևմուտքը պայքարում են, թե ով առաջինը կհաջողի բացել Հայաստանի շրջափակումը: Այսպիսով, հերթական անգամ մեր երկիրը հայտնվում է միմյանց հակակշռող ուժային կենտրոնների մրցակցության օբյեկտի վիճակում, ինչը կարող է և´ նպաստավոր լինել տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում նրա դերակատարության համար, և´ վտանգավոր լինել` մրցակցող կողմերից որևէ մեկին առավելություն տալու դեպքում:

Այս ամենն է´լ ավելի է հետաքրքրական դառնում Իրանի ակտիվացմամբ: Հնարավոր է` զգալով, որ Սիրիայի խնդիրը լուծելուց հետո Արևմուտքի ձեռքերը կազատվեն` իր նկատմամբ քայքայիչ գործողություններ սկսելու համար, Թեհրանը Հայաստանը դիտարկում է որպես Արևմուտքի հետ հարաբերությունները հարթելու միջնորդ երկիր: Համենայն դեպս, Իրանի հետ հսկայածավալ նախագծերի, մասնավորապես Արաքսի վրա ՀԷԿ-ի կառուցման, Հայաստան-Իրան երկաթուղու մասին պայմանավորվածությունները կարծես սկսում են խոսակցությունների մակարդակից գործնական փուլ տեղափոխվել: Այս ամենը վկայում են Հարավային Կովկասում իրականացվող մեծածավալ նախագծերի և դրանց կենտրոնում Հայաստանի գտնվելու մասին: Անշուշտ, շրջափակման ճեղքումը և ընդհանրապես տարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավումը միանշանակ բխում են մեր երկրի թե´ տնտեսական զարգացման, թե´ անկախության ամրապնդման շահերից: Միայն թե Հայաստանն ավելի զգույշ ու աչալուրջ պետք է լինի տարածաշրջանում կատարվող և կատարվելիք մեծ փոփոխություններում, որոնք արդեն անկասկած մոտ ապագայում իրականություն կդառնան: