Կոյուղաջրերը` ոռոգման աղբյուր


 

Հայաստանում բուսաբուծական մթերքների ավելի քան 80 տոկոսը ստացվում է ոռոգելի հողատարածքներից: Ասել է թե` ոռոգումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը Հայաստանի ամբողջ տնտեսության կարևորագույն խնդիրներից է:

Հայաստանի տարածքում ոռոգում իրականացվել է դեռևս երեք հազար տարի առաջ: Այգիներն ու դաշտերը ջուր հասցնելու համար օգտագործել են կավե խողովակներ, որոնց առանձին հատվածներ պահպանվում են մինչև օրս: 4-րդ դարում ոռոգելի հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում էր 100 հազար հեկտար, իսկ 1988թ.` մոտ 316 հազար հեկտար:

Ներկայումս ոռոգվող հողատարածությունները շուրջ 286 հազար հեկտար են: Ոռոգելի հողատարածքների նվազման պատճառը մի կողմից 1988թ. երկրաշարժն էր, որն ավերեց այդ տարածքների զգալի մասը, իսկ մյուս կողմից` անցումային ժամանակահատվածին հատուկ տնտեսական իրավիճակը:

Ոռոգելի հողատարածքների 12%-ի դեպքում ոռոգման ընթացքում օգտագործվում են ստորերկրյա ջրերը: Մնացած մասը ոռոգվում է ջրամբարներից և գետերից ջրառման կամ պոմպերով մղման միջոցով: Մակերեսային ջրերի վերականգնվող պաշարները կազմում են տարեկան 7.2 միլիարդ խորանարդ մետր:

 ՀՀ քաղաքների, գյուղական վայրերի կոյուղաջրերը հիմնականում լցվում են գետերը և ջրամբարները, որոնց մաքրման կայաններ չունենք, և որոնք ոռոգման աղբյուր են հանդիսանում: Կեղտաջրերը վերգետնյա ջրերի մեջ լցվում են առանց մաքրման, իսկ այդ ջրերով չի կարելի ոռոգել հողը, քանի որ դա վտանգավոր է մարդկանց առողջության համար: Քաղաքակիրթ բոլոր երկրներն ունեն ինչպես խմելու ջրի, այնպես էլ ոռոգման ջրի նորմեր:

Այսօր ի՞նչ որակի ջրով ենք ոռոգում դաշտերը: Այս հարցը անչափ կարևոր է, քանի որ շուկայական հարաբերությունների պայմաններում շատ դեպքերում մոռանում են գյուղմթերքների որակի մասին: Օրինակ, Գյումրու տարածաշրջանի որոշ հողատարածքներ «ոռոգվում» են Գյումրի քաղաքի կոյուղաջրերով: Այս ձևով աճեցնում են կարտոֆիլ, որն էլ վաճառվում է շուկայում և մենատնտեսներին օգուտ բերում: Մինչդեռ բնակչությունը ստանում է անորակ, առողջության համար վտանգավոր կարտոֆիլ: Այս մասին պարտավոր ենք մտածել այսօր, որպեսզի վաղը չկանգնենք էլ ավելի դժվարին խնդիրներ լուծելու ճանապարհին: Հարկ է նշել նաև, որ այս դեպքում զգալի վնաս է հասցվում հողի որակին. դրա մեջ են անցնում թունավոր նյութեր: Այնպես որ` անհրաժեշտ է մշակել և կիրառել ոռոգման ջրի որակի խիստ նորմեր:

Կարևոր նշանակություն ունի նաև փոքր և միջին տարողության ջրամբարների նախագծումը և կառուցումը, ինչը հնարավորություն կընձեռի լուծելու ոռոգման տարաբնույթ հարցեր:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ