Ռեկորդակիր պետքարտուղարը


 

Ամերիկյան իր պաշտոնակիցներից Հիլարի Քլինթոնն առանձնանում է` ծառայության բերումով տարբեր երկրներ կատարած ամենից ավելի շատ շրջայցերով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավարը 2009 թ. պաշտոնը ստանձնելուց հետո եղել է 102 պետություններում: Դիվանագիտական ուղևորություններում նա անցկացրել է 352 օր (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Պետդեպարտամենտի հաշվարկներով` Հ. Քլինթոնը կտրել-անցել է առնվազն 1.357.414 կմ, այսինքն` իր Boeing-757-ով ավելի քան տասն անգամ նա պտույտ է տվել Երկիր մոլորակի շուրջ:

Մինչ Քլինթոնը` գործնական ճամփորդությունների հաճախակիության դափնիները պատկանում էին Մադլեն Օլբրայթին: Նա Միացյալ Նահանգների առաջին կին-պետքարտուղարն էր և եղել էր աշխարհի 98 երկրներում (պաշտոնավարել է 1997-2001 թվականներին):

Հուլիսի 17-ին ավարտած երկշաբաթյա համաշխարհային շրջագայությունների փուլը, ԱՄՆ-ի 67-րդ պետքարտուղարը հասցրեց իր առաքելություններն իրագործել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Այցելություններ կատարեց Ֆրանսիա, Աֆղանստան, Ճապոնիա, Մոնղոլիա, Վիետնամ, Լաոս, Կամբոջա, Եգիպտոս և Իսրայել:

Ամերիկայի երբեմնի Առաջին տիկին և սենատոր, 64-ամյա Հիլարի Քլինթոնը վերջին շրջանում բազմիցս հրապարակավ խոստովանել է, որ ներկա պաշտոնն իրենից մեծ եռանդ է պահանջում: Նա բարձրաձայնել է, որ մտադիր է հանգստի անցնել` այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: