Հաշվեհարդար «Նոր կտակարանի» հետ


 

Եվ ոչ այլուր, քան Իսրայելում ու այն էլ` օրենսդիրի ներկայացուցչի ձեռքով` լուսանկարչական խցիկների առջև:

Խորհրդարանական Միխայել Բեն-Արին ոնց որ թե կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, երբ փոստով ստացել է քրիստոնյաների համար նվիրական Նոր Կտակարանը: Ճշմարիտ քրիստոնյաները կարո´ղ են ենթադրել, թե ում և որ պարագայում Հիսուսի ու նրա աշակերտների պատգամաբեր գիրքը կհանի ափերից: Բայց` մենք չդատենք, միայն փաստն արձանագրենք:

Գիրքն ստանալով` Բեն-Արին լրագրողներ է հրավիրել և տեսախցիկների առջև «հանդիսավորությամբ» պատռել այն ու նետել աղբադույլ: Անհեթեթության բերումով` նա Կնեսեթում ներկայացնում է «Ազգային միասնություն» աջ կրոնա-սիոնիստական կուսակցությունը: Ողջ աշխարհում կուսակցություն ասվածը քաղաքական ուժ է, իսկ թե կրոնն ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ` դարձյալ մենք չքննենք:

Հիսուսադավ իր արարքը խորհրդարանականը պատճառաբանել է, թե իբր Նոր Կտակարանի անունով միլիոնավոր հրեաներ են ոչնչացվել և հիշեցրել է միջնադարյան հավատաքննիչների (ինկվիզիցիա) դաժանությունները:

Պատգամավորի այդ քայլը դատապարտել է Կնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը:

- Ժողովրդավարություն նշանակում է արտահայտվելու ազատություն, բայց ոչ թե ուրիշ հավատքների հետևորդների զգացմունքներն արհամարհելու ազատություն… Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենար` եթե ուրիշ երկրում խորհրդարանականն այրեր հրեական սուրբ գրվածքները,- խոսնակի հանդիմանանքը մեջբերել է «Արուց 7» ռադիոկայանը: