ՍԻՍԻԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՎԵՐԱԿ ԳՅՈՒՂԻ


 

Սիսիանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, ապա «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի հնչեցրած մտահոգությունը Սիսիան քաղաքի մասին, մեզ անտարբեր չթողեց.

- Իսկ հիմա, երբ շուտով բոլորելու է իր 40-ամյակը, Սիսիանը միայն կոչումով է քաղաք: Նրա տեսքը նկարագրելու համար պետք է ընդամենը անցնել որևէ փողոցով (իհարկե` բացի քաղաքապետարանին և քաղաքապետի առանձնատանը հարող փողոցներից): Աղբակույտեր, գոմաղբի բլուրներ, աթարի մայթեր, գարշահոտ և ճահճահոտ ջրափոսեր, ջրագծեր և ջրաչափեր տեղադրելուց հետո առաջացած նստվածքներ, քանդված հիմնապատեր և այլն: Քաղաքում ոչ մի արտադրական ձեռնարկություն չկա: Միայն անայցելու կրպակներ են, բաց սրճարաններ: Պարապ մարդիկ հավաքվում են կամարակապ բնակելի շենքի, նախկին կինոթատրոնի մոտ, թղթախաղի «ճակատամարտ» տալիս` բազմաթիվ հանդիսատեսներով:

Դե ժողովուրդն էլ այդ տարածքները կնքել է «ավանակահրապարակ» անունով: Այդպես, անկախություն հռչակելուց հետո հզոր և գողտրիկ քաղաքը դարձավ քաղաքակրթության նորմերում չտեղավորվող խառնափնթորություն: Մի քանի հարուստների մերսեդեսական ու ջիպական նորագոյացումների կողքին հարբեցողների ստվար ամբոխ է առաջացել և պարտքերի տակ ճռռացող անօգնական զանգված:

Անհնար է առանց ցավի ու անհանգստության կարդալ այս տողերը և չհիշել, որ ժամանակին Սիսիանը մեր ամենաբարեկարգ ու զարգացած քաղաքներից մեկն էր, որն ուներ արդյունաբերություն, ուներ մտավորականություն. բարեկարգ ու գեղեցիկ փողոցները հաճելիորեն զարմացնում էին մարդկանց, ուրախություն պատճառում:

Հիմա էլ զարմանալու բան կա, սակայն այդ զարմանքը բնավ էլ հիացումից ծնունդ առնող զգացում չէ: Այսօր տանջալիորեն զարմացնում է այն, որ ամեն ՏԻՄ ընտրությունների նախօրյակին ակտիվանում են ոմանք, քաղաքապետի կատաղի ընտրություններ կազմակերպում, մի քանի թեկնածուի հանում մրցասպարեզ... Պայքարում են, կռիվներ տալիս, բազմում քաղաքապետի աթոռին ու մոռացության մատնում ավերակ գյուղի վերածված երբեմնի քաղաքի խնդիրները: Մենք ծանոթացանք վերջին մի քանի տարիների ընտրութ յուններին ներկայացված ծրագրերին, հիացում ապրեցինք` տեսնելով երևակայության այն թռիչքները, որոնք արձանագրել էին բազմաթիվ թեկնածուներ: Ընտրվելուց հետո` որևէ քաղաքապետ չի կատարել իր խոստումները, իրականություն չի դարձրել իր ծրագրերը: Իհարկե, այստեղ հացի տոն են նշում, ինչ-որ քաղաքային միջոցառումներ են կյանքի կոչում, բայց ահա քաղաքի նկարագրի, նրա սոցիալական ու տնտեսական պատկերի փոփոխման մասին ոչ ոք չի մտածում: Այդ է պատճառը, որ Սիսիանից ևս արտագաղթում են մարդիկ, հեռանում: Հատկապես հեռանում են երիտասարդները, որոնց համար այստեղ որևէ հեռանկար չկա: