Ովքե՞ր են մեր եթերային «հերոսները»

Հիմնականում` բութ, տգետ մարդիկ  կամ հանցագործներ


 

Հայկական հեռուստաեթերն անորակ արտադրանքից մաքրելու պահանջը մեզանում վաղուց է հասունացել և օրավուր լայն թափ է առնում: Իրենց բուն առաքելությունից հեռացած և հասարակությանն աղտեղություն հրամցնող հեռուստաալիքների եթերային քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունն այսօր ամենաքննարկվող և հրատապ խնդիրներից է: Առանձին խմբեր ակտիվ նախաձեռնություններով են հանդես գալիս, սակայն տաղտկալի, արհեստականորեն ձգվող սերիալները շարունակում են մնալ «ամենառեյտինգայինը» և ամեն օր 3-4 անգամ «զարդարել» եթերը:

Հետևանքները կարող են լինել ամենադառնագինն ու ցավոտը, քանի որ այս քաղաքականության զոհը, ամենախոցելի թիրախը մատաղ սերունդն է: Ի՞նչ է այսօր մատուցում հեռուստատեսությունը, որի հիմնական դերերից մեկը դաստիարակչականն ու ուսուցողականն է: Ո՞ւմ է ձեռնտու հոգեպես խեղված, մերժելի արժեքներ կրող սերունդ մեծացնել: Ցավալի է, բայց ամեն օր ու ամեն ժամ քարոզվող ագրեսիան ու բռնությունն այլ բանի հանգեցնել չեն կարող:

- Հեռուստատեսությանը ոչ թե որոշակի դեր է վերապահված կրթական համակարգում, այլ ամբողջությամբ կրթական ինստիտուտ է: Խնդիրն այն է, թե ինչպես ենք այն օգտագործում: Մեր դեպքում հասարակության մի հատվածն ընկալում է, նրա համար ակնհայտ է, թե ինչ նշանակություն կարող է ունենալ քրեական մշակույթի, ագրեսիայի, տարբեր ենթամշակույթների տարածումը: Սակայն այդ ակնհայտությունը բավարար չէ, պետք է ամբողջովին գիտակցենք, թե ուր ենք հասնելու: Հետազոտությունները հաստատում են, որ այսօր արդեն տեսանելի են բացասական հետևանքները: Խնդիրը բոլորովին էլ այն չէ, թե սպանության տեսարան դիտելով ինչ-որ մեկը կարող է նույն պահին գնալ և հանցագործություն կատարել: Վտանգն իրականում ավելի մեծ է. հանցագործ կենցաղը, քրեական բարքերը ներկայացվում են որպես սոցիալական մշակույթ: Դա ավելի երկարաժամկետ ազդեցություն է և առավել վտանգավոր: Պետք է ասեմ, որ այս խնդրին բախվում է ամբողջ աշխարհը: Տարբեր երկրներում տարբեր կերպ են պայքարում, մեզանում սակայն այս պահին չկա այնպիսի լծակ, որ պայքարի այս երևույթի դեմ: Կան իհարկե կամավորներ, ովքեր ցանկություն ունեն որևէ բան փոխել, սակայն ինստիտուցիոնալ մոտեցումը բացակայում է,- իր մտահոգությունն է հայտնում «Մաքուր եթերի պահանջ» նախաձեռնող խմբի անդամ, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆԸ:

Ովքե՞ր են մերօրյա «հերոսները»: Խղճուկ ու ապիկար կերպարներ, ովքեր բռնություն գործադրելով են ինքնահաստատվում, սրբություն չեն ճանաչում և զուրկ են բարոյականությունից, ովքեր դավաճանում են, ստում, դավում, սպանում, լքում երեխային: Դարեր շարունակ հայկական ընտանիքը պաշտամունքի առարկա է եղել: Ամուր ընտանիքը` խարսխված առողջ փոխհարաբերությունների վրա: Այսօր ի՞նչ է քարոզվում: Ոմանք կասեն` դա է իրականությունը, որը և արտացոլվում է սերիալներում: Ամենասարսափելին սակայն այն է, որ դրանք շատ արագ իրենց ճիրանների մեջ են վերցնում հեռուստադիտողին, հատկապես մանկահասակ: Ցավալիորեն նրանք սկսում են ապրել այդ «հերոսներով», տառապել նրանց ցավով: Ո՞վ է պատասխան տալու գալիք սերնդի համար, ինչո՞ւ ենք խարխլում մեր իսկ տան հիմքերը:

Օրեր առաջ մի խումբ մտավորականներ ստեղծված իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունն էին ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահի արձագանքը չուշացավ. նրա հանձնարարությամբ Հանրային խորհրդում քննարկումներ են ընթանում հայկական հեռուստաալիքների եթերային քաղաքականության փոփոխման ուղղությամբ: Հուսանք` գործնական քայլերն ու արդյունքները ևս երկար սպասեցնել չեն տա:

Հ. Գ. Օրեր առաջ մանկապարտեզահասակ մի երեխա բակում խաղացող ընկերոջը «համբալ» անվանեց: Պատասխանն իհարկե չուշացավ` «համբալը տատդ ա»` ծանոթ սերիալի նմանակմամբ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ