ՏԽՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿ


 

Ինչպես հաղորդեցին բուհից` այս տարի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ է ընդունվել 122 առաջին կուրսեցի: Գերակշռող մեծամասնությունը` դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներ: Բայց ահա թատերագիտական և կինոգիտական բաժիններում թափուր տեղերը շատ են: Սա մտահոգող խնդիր է, որի ակունքները պետք է փնտրել հենց նույն բուհում թատերագիտության և կինոգիտության հանդեպ ձևավորված բացասական վերաբերմունքի, ինչպես նաև մասնագիտությունների արհամարհվածության մեջ: Կինոգետներն ու թատերագետներն այսօր չեն կարող գտնել համապատասխան աշխատանք, իսկ լավագույն դեպքում` թատերագետներից ոմանք կարող են աշխատել թատրոններում գրական մասի վարիչի պաշտոնով` ամսական ստանալով... 36 հազար դրամ աշխատավարձ: Աշխատավարձի խայտառակորեն ցածր լինելու մասին բազմիցս է խոսվել, տեղյակ է պահվել կառավարությանը, սակայն մեր իշխանությունները մտածում են, որ արվեստի մարդիկ պիտի ծայրահեղ աղքատ ապրեն, որպեսզի մտածեն միայն ու միայն արվեստի մասին: Դե, մեր գիտության մարդիկ էլ ըմբռնումով են վերաբերվում ու... հրաժարվում գիտությունից և գնում դեպի դերասանական արվեստ. գոնե սերիալներում մի քիչ ավելի լավ են վճարում: