Հիմա էլ եզդինե՞րը


 

Օրեր առաջ հայ հանրության մի հատվածի ուշադրությունը գրավեց ֆեյսբուքյան մի նոր նախաձեռնություն` բավական ամբարտավան վերտառությամբ` «Չվերացնենք փոքր ազգերի մշակույթը. Գյովնդը եզդիական պար է»:

Ի՞նչ է սա. հերթական անգամ մեր արժեքները նենգափոխելու փո՞րձ, արհեստածին վեճի հրահրո՞ւմ, թե՞ հակահայկական ակցիա` բավական խղճուկ ու թույլ, քանի որ էջին հավանություն է տվել ընդամենը 34 ֆեյսբուքյան օգտատեր միայն:

Էջի վրա կարդում ենք. «Հայ և եզդի ժողովուրդները դարավոր բարեկամ և դաշնակիցներ են: Համոզված ենք` այս խնդիրն էլ կլուծվի և նորից մենք շարունակելու ենք եզդի և հայ ժողովուրդների բարեկամական լավագույն ավանդույթները: Հարգելիներս, պետականություն չունեցող ժողովրդի ազգապահպանության կարևորագույն միջոցը մշակույթն է, ուստի ձեռք մի տվեք եզդիական մշակույթին»:

Այո, դարավոր դաշնակից ու բարեկամ ենք` առավելապես հայ ժողովրդի հանդուրժողականության շնորհիվ: Հիմա մեզ մշակութային անհանդուրժողականության մե՞ջ եք մեղադրում: Ինչո՞ւ միայն հիմա հիշեցիք ձեր «արժեքները» պահպանելու մասին:

Ոչ ոք երբեք չի ժխտել, որ իրականում գոյություն ունեն պարի թե´ հայկական` «Գյոնդ», թե´ եզդիական` «Գյովնդ» տարբերակները, այն էլ` իրարից բավական տարբեր: Եվ կուրծք ծեծել, թե այն մաքուր եզդիական է ու ժխտել մյուս տարբերակների գոյությունը, մեղմ ասած տգիտություն է: Մտքով կույր պետք է լինել չհասկանալու համար, որ դարավոր բարեկամ ու դաշնակից ժողովուրդների մշակույթների միջև մշակութային փոխազդեցությունը բացառել հնարավոր չէ: Եվ տարբերակների գոյությունն օրինաչափ է: Իսկ դրանց առանձնահատկությունները մասնագետների քննարկելիք խնդիրն է:

Փառք Տիրոջը, մեր պարային մշակույթն այնքան հարուստ է, որ երբեք աչք չենք ունեցել ուրիշի արժեքների վրա:

Բնականաբար այս հայտարարությունը քննարկումների տեղիք է տվել: Նախաձեռնության հեղինակները ներկայացրել են գրականության ցանկ, որոնք իբր հաստատում են իրենց պնդածը: Նշված հեղինակները, սակայն, նման վկայություն չեն տվել: Ի հակակշիռ այս անհիմն հայտարարության` «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը բավական ընդարձակ վերլուծություն է ներկայացրել` հանգամանորեն ու բոլորի համար մատչելի լեզվով ներկայացնելով պարը` սկսած բառի ստուգաբանությունից և վկայակոչելով ոչ միայն հայ հեղինակների: Այս առումով գնահատելի է հայերիս պահանջատիրությունը: Իր պատասխանում դիպուկ է արտահայտվել Գ. Գինոսյանը.

- Որևէ մեկը ձեր ձեռքից ձեր «Գյովնդը» չխլեց, բայց և թույլ չի տա մեր «Գյոնդը» մեր ձեռքից խլելու, եզդիական մեկնաբանելու և մեզ էլ արգելելու պարել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ