ԱՊՐԻԼԻ 1¬Ը` ԳԱԶԱՅԻՆ ՆՇԱՁՈՂ


Ստացվեց այնպես, որ միանգամից բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված տեղեկատվությունը հերքելու գործը «Հայռուսգազարդի» փոխարեն Էներգետիկայի նախարարը ստանձնեց: Գազի գործող սակագինն, ըստ Արսեն Մովսիսյանի, մինչև առաջիկա ապրիլի 1¬ը չի թանկանա: Այն, որ ավանդական գնաճն այս տարի «Հայռուս գազարդին» շրջանցեց, ինչ խոսք, որքան անսպասելի, նույնքան էլ զարմանալի էր: Այսուհանդերձ, կասկածից վեր էր, որ անկախ ամեն ինչից` սակագնի շուրջ մշտառկա անորոշությունը պահպանվելու ու մինչև անգամ խորանալու էր: Եթե հավելենք, որ «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը հատկապես վերջին ամիսներին հաճախ է խոսում Հայաստանին մատակարարվող երկնագույն վառելիքի գները շուկայական դարձնելու մասին, ապա գազային պայթյուն կարելի էր սպասել նույնիսկ ամռան ամիսներին: Ինչպես հայտնի է, Հայաստանի սահմանին 1000 խմ ռուսական գազը մեր հանրապետությունը 180 դոլարով է ձեռք բերում, իսկ, ասենք, մայրաքաղաք առաքելով` վաճառում է անտրամաբանական բարձր գնով: Եվ եթե նույնիսկ Միլլերի շուկայական «սպառնալիքն» իրականանա, միևնույն է` «Հայռուսգազարդը» կարող է նաև պահպանել գործող սակագինը: Իհարկե` իր գեր¬գերշահույթները փոքր¬ինչ համեստացնելու հաշվին: Սակայն մեր միջնորդ կազմակերպության կողմից բաժանորդների վրա գնային ճնշումներն հիշելով` դժվար չէ ենթադրել, որ նման բարի կամք երկար չի կարող դրսևորվել: Ուստիև բոլորովին էլ պատահական չէ, որ էներգետիկայի նախարարը, որպես անփոփոխ սակագների վերջնաժամկետ, ընդամենն ապրիլի 1¬ն է մատնանշում: Այսինքն` «Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» համատեղ գնաճային գրոհին ավելի երկար դիմադրելու ներուժ մեր էներգետիկները չունեն... Իր հերթին «Հայռուսգազարդի» այս օրերի լռությունը բոլորովին էլ չարժե ինչ¬որ խորհրդավորության վերագրել: Եթե այս կառույցը նույնպես հաստատի սահմանի վրա ձեռք բերվող վառելիքի գնի թանկացման մասին տեղեկատվությունը, ապա կվերահաստատի իր` որպես մինչև հիմա կեղեքելով շահույթներ կորզող կառույցի ոչ բարի համբավը: Իսկ լռել կարելի է, քանի որ առաջիկա ամիսներին նրա կորցնելիքն էլ առանձնապես շոշափելի չի կարող լինել: Այնպես որ, տարվա այս հատվածն օգտագործվելու է նորանոր թանկացումներին հանրությանը հոգեբանորեն նախապատրաստելու համար: Այս առումով պատահականորեն չի շրջանառվում սահմանային վճարաչափի և արդեն խիստ կասկածելի դարձած 180 դոլարանոց սակագնի խնդիրը: Ավելին, միտումնավոր է ընդգծվում, որ «Գազպրոմը» նույնատիպ պայմանագրերի հիման վրա Բելառուսին 1000 խորանարդ մետր գազը վաճառում է 230, Ուկրաինային` 290, իսկ Մոլդովային` 293 դոլարով: Ասել կուզեն` մենք մյուսներից լավը չենք, որպեսզի «անհարկի» զիջումներ արվեն, իսկ սոցիալական վիճակը նշված հանրապետություններում հայկականից քիչ է տարբերվում: