1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Այսպես կոչված էլիտար շենքերի և էլիտարաշինության վարկն առաջիկայում ավելի է ընկնելու. Հյուսիսային պողոտայում գտնվող նորակառույցներից մեկի վրա ճաքեր են առաջացել: Մասնագետները հավաստիացնում են, որ տեղի ունեցածն անորակ շինարարության հետևանք է, և առաջիկայում ոչ մասնագիտական մոտեցումների, ցածրորակ շինանյութի և կառուցապատման արագության հետևանքները բազմաթիվ նորակառույցներ են զգացնել տալու: Հայաստանում, իհարկե, շինարարության բումը վաղուց է ավարտվել, բայց այս դեպքում խնդիրն այն չէ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը վերջակետ դրեց էլիտարաշինարարության մինչ այդ անվերջ թվացող գործընթացին: Բնակարանաշինությամբ տարված օլիգարխ-գործարարները պարզապես հաշվի չառան հանգամանքը, որ այդչափ մեծ քանակությամբ բնակարանների կարիք Երևանը չունի: Իսկ հիմա խիստ օրինաչափ է, որ ամսեամիս (ընդ որում` քաղաքի բոլոր հատվածներում) տների գները նվազում են, իսկ մասնագետներն էլ նորանոր գնանկումներ են կանխատեսում… Ընդունենք, թե մեր լավատես գործարարներն արտագաղթը կամ մարդկանց անմխիթար սոցիալական պայմանները հաշվի չէին առել և ցանկալին այս անգամ էլ էին շփոթել իրականության հետ: Փոխարենն իրենց անելիքը ճշգրիտ էին հաշվարկել նրանց գործընկերները` շինանյութի բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր միգուցե այդ գործընթացքում ամենաշատը շահեցին: Նախօրեին հայտնի դարձավ, որ հակառակ համատարած թանկացումներին` շինարարության սեզոնը որոշակի գնանկմամբ է սկսվել, ինչը, բնականաբար, պահանջարկի կտրուկ անկմամբ է պայմանավորված: Հարկ է նկատել, որ այս առումով ամեն ինչ սկսվել էր դեռևս ճգնաժամային 2008¬ից, բայց նախորդ տարիներին գները կա´մ անփոփոխ էին մնացել կա´մ աննշան էին նվազել: Եթե գոնե գնային հեռանկարները փոքր¬ինչ լավատեսորեն ուրվագծվեին, ապա, օրինակ, ցեմենտ արտադրող հայկական ընկերություններն արտասահմանյան շուկաներ գտնելու ուղղությամբ չէին մտածի: Այսինքն, թե´ շինանյութի, թե´ շինարարական բիզնեսի ներկայացուցիչներն իրենց անելիքը մեծամասամբ ավարտված են համարում: Լճացած շուկայի և կասկածելի որակի բնակարանների առատության պայմաններում նոր գնանկումն, իհարկե, անխուսափելի կարելի է համարել: Սակայն չի բացառվում, որ հատկապես նորակառույցների պատերին հայտնված ճաքերից հետո երևանյան էլիտարներն ավելի մեծ դժվարությամբ գնորդներ գտնեն: