Ծառայողական 35 բնակարաններ


Ընթացիկ շաբաթը բնակարանամուտով սկսեցին Հայոց բանակի 35 սպաներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Հայաստանի հարավարևելյան սահմանային շրջան և մասնակցել 35 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` նախարարը նշել է, որ պետությունն անում է հնարավորինս ամեն ինչ սպաների կենցաղային խնդիրները լուծելու համար, որպեսզի նրանք մտածեն միայն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու և զինվորական գործին ամբողջությամբ նվիրվելու մասին, ինչն էլ կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը: Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալեցին պաշտպանության նախարարին: Ծանոթանալով բնակարանային պայմաննե րին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով: Նախարարն այցելել է նաև սպայական նորակառույց ակումբ` հագեցած մարզական գույքով, համակարգիչներով և ժամանցի համար անհրաժեշտ այլ պարագաներով: