Զինվորը ձգտում է նմանվել լավ հրամանատարին


Լավագույնի կոչումը պատվաբեր է ու նաև` պարտավորեցնող: Նախորդ տարի լավագույնը ճանաչված մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական կազմը ձգտում է պահպանել ձեռքբերումները և հասնել նորանոր նվաճումների: Մեր զրուցակիցն է Բերդի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Աշոտ ՂԱԶԱՐՅԱՆԸ: - Ինչպե՞ս է իրականացվում նորակոչիկների բաշխումը ստորաբաժանումների միջև և, առհասարակ, ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց հետ` նոր միջավայրին հարմարվելու շըրջանում: - Նախևառաջ, անմիջապես առանձնացվում է մեկ գումարտակ` նորակոչիկների ստորաբաժանում: Նշանակվում է հրամանատարական կազմ, որը նախապատրաստում է նրանց: Տարվում են անհատական աշխատանքներ` ծանոթանալ զինվորի հետ, իմանալ, թե ինչո՞վ է զբաղվել նախքան բանակ գալը, ովքե՞ր են նրա ծնողները, ընտանեկան ի՞նչ կարգավիճակ ունի, առողջական խնդիրներ, բողոքներ ունեցե՞լ է, թե ոչ և, իհարկե, կրթական մակարդակը: Նախքան երդման արարողությունը տարվում են նաև դաստիարակչական, ինչպես նաև շարային և ֆիզիկական պատրաստությանը, կանոնադրական պահանջների ծանոթացմանն ուղղված պարապմունքներ: Երդման արարողությունից հետո տեղի է ունենում զինվորների բաշխումը տարբեր ստորաբաժանումների միջև` պարտադիր կերպով հաշվի առնվելով նրանց ունակությունները, գիտելիքները: Մեր դեպքում կարևորվում է այն, որ երիտասարդը գոնե միջնակարգ, եթե հնարավոր է թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթություն ունենա, քանի որ հրետանավորի մասնագիտությունը շատ բարդ է և որոշակի գիտելիքներ է պահանջում. հիմնականում` մաթեմատիկական: Ինչպես ասում են. «Հրետանին պատերազմի Աստվածն է»: Այն բոլոր զորատեսակներից մի աստիճանով բարձր է: Մեր զորամասը` այդ թվում նաև հրետանային դիվիզիոնը, մարտական հերթապահություն իրականացնող է: Մարտական հերթապահության ժամանակ կրկին ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ են տարվում, որպեսզի զինվորն առողջական և այլ խնդիրներ չունենա, քանի որ դա ավելի լուրջ և պատասխանատու ծառայություն է: Հարցում է կատարվում: Հնարավոր է` որևէ մեկը ցանկություն չունի գնալու, պետք է պարզել, թե ինչ պատճառով: Միգուցե ընտանեկան խնդիր կա, որ նրան անհանգստացնում է: Բարոյահոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված զրույցներ ենք վարում նրանց հետ: - Կարգապահության բարձրացմանը միտված ի՞նչ աշխատանքներ են իրականացվում: - Բնականաբար, զինվորը բանակի մասին ամբողջական գաղափար է կազմում միայն ծառայության անցնելուց հետո: Տարբեր ընտանիքներում դաստիարակված, տարբեր միջավայրերից, տարբեր բարքերի տեր մարդիկ են գալիս մեզ մոտ: Հիմնականում նրանք վերադաստիարակվում են ծառայության ընթացքում: Ունենք զինվորներ, ովքեր զբաղվում են նաև ինքնադաստիարակությամբ, ինքնակրթությամբ, որպեսզի երկու տարին հենց այնպես չանցնի: Այսինքն` ֆիզիկապես կոփվելուց բացի մտածում են կարդալու, պատմություն ուսումնասիրելու մասին: Ընդհանուր առմամբ զինվորի դաստիարակությունը, ենթարկվելու աստիճանը հիմնականում գալիս է ընտանիքից, շրջապատից, դպրոցից և «գագաթնակետին» է հասնում բանակում: Դաստիարակությունը նման է եռանկյան, որի 3 անկյուններում դպրոցն է, փողոցը և ընտանիքը: Երեքի ամբողջությունն էլ կրելով իր մեջ, իր աշխարհայացքում` երիտասարդը գալիս է ծառայության: Ճիշտ հերթականությամբ տարվող աշխատանքները ցանկալի արդյունք են տալիս: Զինվորը դառնում է ավելի պատրաստված, խելացի: Նրանց մեջ սերմանում ենք լավին ձգտելու, նմանվելու ցանկությունը` մշտապես խրախուսելով և օրինակներ ցույց տալով, որ ահա այն զինվորը գերազանցիկի կրծքանշան ունի, փորձիր դու էլ նմանվել նրան: Դա շատ հաճախ արդյունավետ է լինում: Կարգապահության բարձրացմանը միտված աշխատանքներից են ամենօրյա ամփոփումները: Պարապմունքներից հետո դասակի հրամանատարը պարտավոր է օրվա ամփոփում կատարել: Նա ունի դասակի մարտական պատրաստության մատյան, որտեղ գնահատում է յուրաքանչյուր զինվորի` ելնելով այդ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունք ներին նրա մասնակցությունից: Բնականաբար, մեկը խրախուսվում է, մյուսը` ենթարկվում տույժի կամ նախազգուշացման: Զինվորն, անշուշտ, արդեն գիտակցում է, որ եթե ամեն ինչ անի ճիշտ ժամանակին, յուրացնի ուսուցանվող նյութը, կխրախուսվի: Շաբաթվա վերջում մարտկոցի ամփոփումն է, ամսվա վերջում ` գումարտակի: Լավագույնները խրախուսվում են պատվոգրերով, գերազանցիկի կրծքանշանով, արտահերթ ազատարձակումով, արձակուրդով, շնորհակալական նամակ է ուղարկվում ծնողներին կամ ուսումնական հաստատություն: Խրախուսանքի արժանացած կամ տույժի ենթարկված զինվորների անունները մենք կարդում ենք շարքի առաջ` բոլորի ներկայությամբ: Պատկերացրեք` նույն այդ շարքում կանգնած կարգազանց զինվորն ինչ է մտածում: Սա կարգապահության բարձրացմանը միտված ամենակարևոր միջոցն է` ի ցույց դնել լավ օրինակը` կարգազանցներին վերափոխելու համար: - Սպան` ավագ ընկերը, խորհրդատուն, հրամանատարը, ի՞նչ հատկանիշներով ու որակներով պետք է օժտված լինի` որպես օրինակ զինվորի համար: - Որպես նախորդ հարցի շարունակություն` ասեմ, որ կարգապահության բարձրացման գործում մեծ դեր ունի նաև սպայի անձնական օրինակը: Ենթական օրինակ է վերցնում սպայի թե´ մասնագիտական գիտելիքների իմացությունից, թե´ ֆիզիկական ունակություններից, թե´ բացատրական աշխատանքներ տանելու եղանակից և այլն: Իսկ եթե նա տեսնի, որ իր հրամանատարը ոչինչ չի կարողանում անել, երբեք չի նայելու կողքի ստորաբաժանման հրամանատարին: Ես ունեցել եմ հրամանատար, ում ձգտել եմ նմանվել: Զինվորն էլ ձգտում է նմանվել լավ հրամանատարին: Ղեկավար-ենթակա փոխհարաբերություններում առաջինը կարևորում եմ վստահությունը, փոխադարձ հարգանքը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ