ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է


- Կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առջև: Ընդունելությունը գրեթե ձախողվել է, չենք կարողանալու գոնե մի արվեստանոց ձևավորել: Բայց դրանից զատ հառնում է նաև ֆինանսական խնդիրը. ինչպե՞ս ենք վճարելու մեծ թվով դասախոսների,- մեզ հետ զրույցում ասաց Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը` նկարագրելով այն վիճակը, որը ստեղծվել է ինստիտուտում: Մասնաճյուղը, ուր միշտ մեծ մրցույթներ են եղել, այսօր հազիվ 6 դիմորդ ունի, իսկ սա նշանակում է, որ մի շարք մասնագիտությունների գծով արվեստանոցներ չեն ձևավորվելու, մոտ 15 դասախոս մնալու է առանց աշխատանքի: Բուհի ֆինանսավորման մոտ 70 տոկոսը կազմում են արտաբյուջետային միջոցները, որոնք էլ ձևավորվում են վարձավճարներից: Ամեն տարի առաջին կուրսերում 16 վճարովի տեղ է հատկացվում, իսկ ահա այս տարի վճարովի տեղերը թափուր են մնալու, որովհետև անվճար տեղերն անգամ չեն լրացվում: Գրեթե նույն վիճակն է տիրում Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Կոնսերվատորիայի տեղական մասնաճյուղերում, որոնք յուրաքանչյուր տարի ընդունում են մոտ 20-ական առաջին կուրսեցի, մինչդեռ այս տարի յուրաքանչյուր մասնաճյուղում դիմորդների թիվը չի անցնում 5-ից: Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նկատեց Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Վարդևան Գրիգորյանը, հայտնվել են փակուղային վիճակում: Մանկավարժական ինստիտուտը յուրաքանչյուր տարի ընդունում է մոտ 200 առաջին կուրսեցի, մինչդեռ այժմ դիմորդների թիվը չի անցնում 40-ը, իսկ սա նշանակում է, որ ամեն մի ֆակուլտետում ունենալու են 2-3 առաջին կուրսեցի: Ինչպե՞ս են լուծելու ֆինանսական հարցերը, ինչպե՞ս են կազմակերպելու ջեռուցումը, էներգաապահովումը` չգիտեն, որովհետև կորուստները շատ մեծ են: Բուհն ավարտել են 200-ից ավելի շրջանավարտներ, և գրեթե նույնքան թափուր տեղեր են առաջացել, ուրեմն, իսկապես ծագելու են անլուծելի խնդիրներ, որոնց լուծման ուղիներն այստեղ չեն գտնում: Լուծման ուղիներ չեն գտնում նաև Հայաստանի պետական ճարտարագիտական և Տնտեսագիտական համալսարանների տեղական մասնաճյուղերում: ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Շահբազյանը մեզ տեղեկացրեց, որ մասնաճյուղը կանգնած է լուծարման շեմին, որովհետև վերջին տարիներին մեծ թվով թափուր տեղեր են ունեցել, որոնք կրկնապատկվել են այս տարի` այսպես քաղաքից աստիճանաբար դուրս մղելով տեխնիկական կրթությունը: Հավատարմագրված «Պրոգրես» և «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանների ռեկտորները ևս բառացիորեն անհույս վիճակում են: Շատերը սպասում էին, որ բուհեր կդիմեին նախորդ տարիներին բանակից զորացրվածներ, սակայն նրանց մոտ, ինչպես պարզվում է, բարձրագույն կրթության հանդեպ հետարքրություն չկա: Վիճակը ծանր է ողջ հանրապետությունում, սակայն հատկապես Գյումրին հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում, որովհետև բարձրագույն կրթության հարուստ ավանդույթներ ունեցող այս քաղաքի բուհերում ստեղծված կացությունը խթանում է արտագաղթին: Ավելի քան 100 բարձրագույն կրթություն ունեցող մասնագետ տարեսկզբից հեռացել է Ռուսաստանի Դաշնություն` ստալինյան տարիներին «հայկական գերեզմանոց» համարվող Ալթայի երկրամասում աշխատանք ստանալու հույսով: Այս օրերին ՌԴ գլխավոր հյուպատոսին են դիմել մեծ թվով երիտասարդ գիտնականներ, բարձրագույն դպրոցի աշխատողներ` Ռուսաստան մեկնելու խնդրանքով: Քաղաքում արդեն տագնապով են խոսում այն մասին, որ անհնար է դարձել արտագաղթի կանխումը, ու քաղաքն օրավուր դատարկվում է: Քաղաքում գործող հասարակական տարբեր կազմակերպությունների ղեկավարներ անհրաժեշտ են համարում կառավարության արտահերթ ու արտագնա նիստի գումարումը Գյումրիում, որպեսզի հնարավոր լինի տեղում քննարկել ստեղծված կացությունը, ուղիներ որոնել: Շատերը համոզված են, որ համակողմանի քննարկումների արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ քայլեր մշակել, գտնել իրավիճակը հաղթահարելու «դեղատոմսերը», այլապես հետագայում անհնար կլինի արդեն փրկել քաղաքը, օրըստօրե պակասում են աշխատատեղերը, և որտեղ երիտասարդությունը հեռանկարներ չի տեսնում: Հիմա «գնդակը կառավարության դաշտում է», իսկ կառավարությունն այլևս չպետք է հապաղի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ