ԱՓՍՈՍ, ԵՂՆԻԿՍ


ԵՐԲ մտա Շուշանենց վարձակալած նեղլիկ բնակարանը` Քնքուշ մայրիկը ոգևորված օժիտի պատրաստություն էր տեսնում: Արևից թեժացած բուրդը թափահարելով` լցնում էր վերմակի մթելի մեջ: Ավանդույթի համաձայն` հարսի օժիտը միշտ ամուսնությունից հետո էին տանում. չգիտես ինչու` հիմա առաջ էր ընկել: Ինձ տեսնելուն պես առաջ եկավ և ուրախ հրավիրեց նստելու: Մի քանի օրից աղջկա հարսանիքն էր, երջանկությունից փայլում էին աչքերը: Իր մինուճարին կտեղավորի, ընտանիքը կմեծանա, թե Աստված կամեցավ` թոռներով էլ կուրախանա, թե չէ` բախտին հնազանդ կերթա աշխարհից: Քնքուշ մայրիկը սովորության համաձայն, կիսատ թողեց գործն ու պատրաստվեց թանապուր հյուրասիրելու: Նրա ապուրը ողջ գյուղն էր ճաշակել, մի ուրիշ տեսակ էր` փափուկ ձեռքերի համով: Նախապես կանխեցի` ապուրը թողնելով գործի ավարտին: Ես էլ խառնվեցի բրդերին: Փրփրացնելով ճերմակ անկողինը` ասեղնագործ ծաղիկներն ամրացրեցինք բարձերին և տեղավորեցինք միջանցքի թախտին: Ապուրը ճաշակելուց հետո, ախորժակով էլ համբուրեցի Քնքուշ մայրիկի վարդագույն այտերն ու դուրս եկա տանից: Լոռվա ծնունդ էինք` լեռների ծոցից փախած` խենթ ու չենթարկվող` մշտապես հոսանքին հակառակ: Նույն դպրոցն էինք հաճախել, համբերությունից հանել մաթեմատիկայի դասատուին, դասերից փախել, անտառում մոլորվել, գիժ Դեբետում գորտալող սովորել: Նույն տարում էլ համալսարանի դռներին մոտեցանք` երկյուղած: Քննությունների ավարտին` ուսանողների ցուցակը կարդալուց հետո, Շուշանն աչքիս առաջ ուշաթափվեց: Հինգ անգամ ընթերցեցի անունը` մատս սահեցնելով ազգանվան վրա: Նա տնտեսագիտականում էր, ես` բանասիրականում: Երբ բողչեքս կապեցինք քաղաք գալու` մերս, թե. «Եղնիկին տեր կլնես, էդ անջուր ջրաղացը անհեր է մեծացել»: Պեպենոտ թշերի ու մոլոր հայացքի պատճառով Շուշանին եղնիկ էինք կանչում: Մայրս Քնքուշին քրոջից առավել էր սիրում, երբ տանը նրանց մասին խոսում էինք, աչքերը լցնում էր, մեզանից թաքցրած գաղտնիք ուներ` երդվել էր հետը գերեզման տաներ: Լոռվա քարափներից ու ձորերից ոգի առած` խրտնած ձիերս սանձներս կապեցինք համալսարանի հանրակացարանում ու վայրիվերումներով ներքաշվեցինք մայրաքաղաքի բարբարոս օրգիաների հորձանուտը: Շուշանն իր համառ հեզությամբ` գիշերը ցերեկ դարձրած տեղափոխվեց անվճար համակարգ: Ավարտեց գերազանց ու համաձայնեց գռոշներով տքնել համալսարանի տնտեսագիտության ամբիոնում: Իսկ իմ պատանեկության պարզ ու միամիտ բանաստեղծությունները մերվեցին կյանքի իմաստությանն ու ամայի հոգիներ որոնեցին: Ջահելություններս տարիների հետ մաշում էինք սիրո փնտրտուքի մեջ: Շուշանիս համոզում էի, թե սիրահարվում են բնության զարթոնքին` ասենք գարնանամուտին, միամիտ Շուշանս էլ հավատում էր ցնդած պոետիս փիլիսոփայությանը: Հավատաց եղնիկս ու համալսարանն ավարտելուց հետո չորս գարուն բաց թողեց: Հռհռում էի նրա սիրային ձախորդությունների վրա, իմը պահելով գաղտնի: Երկնային որոտից ու հովվերգերից մեր սիրտն այդպես էլ չճաքեց: Օրերից մի օր տեխնիկային գերի Շուշանը քաշեց ինձ համակարգչի մոտ ու ցուցադրեց Լորենս Օլիվիեից էլ գեղեցիկ մի տղամարդու լուսանկար: - Տես` ինչ տղա եմ գտել,- ներկայացրեց հիացած: - Ինտերնետո՞վ: Ի՞նչ համաշխարհային աստղ է,- զարմանքս չթաքցնելով հեգնեցի ես: - Բիզնեսմեն է: Որոշել ենք ամուսնանալ: Աչքերս թռան ճակատիս: Միակ տեղն էր, որ զերծ էի մնում փիլիսոփա խորհրդատուի դերից: Լռեցի` մեջս թաղելով այն անորոշ վախը, որը գալիս էր իմ խաթարված բախտի խորքերից: Տղամարդուց մնացած դառնության համը նորից զգացի բերանումս: Ինչևէ, ես հո չափանիշ չէի: Շուշանս սիրահարված էր աշխարհին... մրջյունն էլ գիտեր: Լուսանկար-փեսացուի հետ ծանոթանալուց հետո Շուշանին չտեսա գրեթե երկու ամիս: Գործերով մեկնեցի Բաթումի: Շնորհակալ եղա Աստծուց, որ ամեն ինչից զատ կարող էի մի քանի օրով Սև ծովը վայելել: Սևանը չէր, որ ասեին. «Էս ափն իմն է, էս ջուրն իմն է...»: Ծովն էլ քեզ, անսահմանությունն էլ...: Ծաղկաձորն ու Սևանը վաղուց գրավված տարածքներ էին: Ազնիվ վաստակով ապրող մարդու համար արգելված գոտի: Կղզի´ն էլ, վանքն է´լ օտարացել էին հավատացյալ քրիստոնյայից: Ծովափին եղնիկիս հիշեցի, բա Ինտերնետով...առանց աչքերի խորքը թափանցելու` լուսանկար-փեսացուի հետ ամուսնանալ կլինի՞: Ինչ էլ լիներ, հայ բիզնեսմենը հին վաշխառուն էր` նոր ձևի մեջ: Վանեցի հեռուն տանող մտքերս, ծղոտե գլխարկով ծածկեցի դեմքս` մտածելով հարսանիքի արդուզարդի մասին: Հաջորդ օրն առավոտյան մոտեցա ծովին` հրաժեշտի: Խենթությունից փոթորկվել էր փրփրաբաշ ծովը` Պոսեյդոնը եռաժանիով ճեղքում էր կուրծքը: ժայռե ալիքները կատաղի դուրս էին շպրտում այն մեծամիտ լողորդին, որը փորձում էր խլել ծովի կուսությունը: Ափսոսանքով հրաժեշտ տվեցի փիրուզափայլ մամռաբույր կույսին: Հարսանիքի օրը, երբ շքեղ հանդերձանքով կանգնեցի հայելու առջև, պարզվեց` սեփական ոչինչ չունեի հագիս, բացի արծաթե ցորենահյուսք թևնոցից: Ընկերուհիներս մեծ ջանքեր էին թափել ինձ զարդարելու համար, բա Անահիտի զգեստը ո˜նց էր սազում: Եկեղեցի մտա այն ժամանակ, երբ զույգերը մոտենում էին խորանին: Նրանց լավ տեսնելու համար տեղավորվեցի եկեղեցու ձախ անկյունում: Շուշանը նկատեց ու լայն ժպտաց ինձ: Փեսացուն շրջվեց իմ կողմը: Բարձրահասակ էր, լայնաճակատ: Առաջին անգամ ներըմբռնումս ինձ ոչինչ չհուշեց: Դա արդեն լավ էր: Արարողությունը երկարեց: Մի տեսակ ճնշվեցի միօրինակ ու ձևական ծիսակարգից, մեղա եկա Աստծուն ու հարսանքավորներին, սպասեցի ձորաբերանին կանգնած: Դալուկ աշունը ներխուժել էր կիրճն ու սնամեջ մշուշով վիրակապել կեչիների ճեղքված կեղևը: Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ազդարարեցին հաջորդ նորապսակների մուտքը: Մերոնք դուրս եկան ծաղկաթերթերի շորորացող նազանքի տակ: Արևն առաջինը համբուրեց Շուշանի կուսական անբիծ կիսամերկությունը: Հելունագործ զգեստը թաքցրել էր ուռի ճյուղից էլ բարակ մերկ մարմինը: Մազերն արձակ էին, զարդարված սպիտակ հակինթներով: Բոտիչելիի փրփրածին Վեներայի վեհատեսիլ կերպարանքը վերակենդանացավ շարժվող լույսի ակնթարթի մեջ: Շուշանս չքնաղ էր: Մեքենաների շքերթը հատեց Պռոշյան փողոցը: Ձորաբերանից էին սկսվում իրար շալակ թառած ռեստորանային համալիրները և շարունակում տարածվել` չխնայելով կանաչ օազիսները: Սևազգեստ հաղթանդամ տերերը սարդոստայն էին հյուսել մուտքերի մոտ: Անկախության «ջատագովները» քսան տարիների ընթացքում հայության համար միայն խաղատներ, բանկեր ու ռեստորաններ կառուցեցին: Քսանմեկերորդ դարի անկուշտ երախը բացվեց և մեզ` հարսանքավորներիս ներս առավ: Ծանոթ ու անծանոթ հյուրերով տեղավորվեցինք զարդարված սեղանների շուրջ: Նկատեցի, որ Շուշանի տատը չկար: Պարզ էր, ռեստորանում տեղերը սահմանափակ էր: Եթե իմանայի...: Յոթ պորտով ու յոթ որդով սեղան նստելը կորսվեց դարերի խորքում: Սրբապատկերին խոնարհված մրմնջացող տատն ամենաարժանավորն էր էստեղ լինելու: Սկիզբը հանդարտ ու կազմակերպված էր` կենացները քաղցր: Գինովցան հյուրերն ու Դիոնիսոսի իշխանությունը սփռվեց սրահով մեկ, կենացներին հաջորդեցին խելահեղ պարերը: Ռեստորանն անակնկալ ուներ նորապսակներին: Բացվեց պարասրահն ու կիսամերկ պարմանուհին ցնցելով կոնքերը` պորտապարով շիկացրեց կրքոտ միջավայրը: Գինու գոլորշին շատերին զրկեց պայծառամտութ յունից` տղամարդիկ հավաքվեցին պարուհու շուրջը: Աղջկա մարմինը դողաց ռիթմիկ մեղեդու տակ, պարեց կրքոտ, ինքնամոռաց ու խելքամաղ արեց ջահելներին: Հալվող երաժշտության տակ հեռացավ` իրենից հետո թողնելով կոնքաշարի զրնգացող զարդերի արձագանքը: Ու՞ր մնացին «Շորորն»-ն ու «Ուզունդարա»-ն: Ծխով ու քրտինքով հագեցած մթնոլորտը տնքաց մարդկության ծանր շնչառությունից: Դուրս եկա պատշգամբ: Ելքի մութ անկյունում տեսա պարուհուն` նորափեսայի գրկում: Բռնված հանցագործի նման մեխվեցի տեղում, արագ փակեցի դուռը: Շունչս կտրվեց: Քայլերս ուղղեցի չգիտեմ, թե ուր: Տեղս գտա գլուխս կորցրած: Նայելով Շուշանի կողմը, բաժակս պռնկե-պռունկ կոնյակ լցրեցի: Շուշանը լուսատիտիկի պես շողում էր ծաղկեփնջերի ծոցում: Կոնյակը քաշեցի գլուխս: Սրահը` խզմզված կերպարներով խառն ու խավար կտավի նմանվեց, թմրությունն իջավ աշխարհի վրա: Ճակատիս հալվող սառույցից բացեցի աչքերս: Քնքուշ մորս վախեցած հայացքին պատասխանեցի ժպիտով: Մշեցի քավորը բարձրացրեց բաժակն ու հնչեցրեց հարսընպարը: Գովընդ բռնեցինք` շրջանը մեծացավ, անսկիզբ ու անվերջ: Մոլորակն էր արևի շուրջը պտտվում, թե հակառակը` գլխի չէի: Գողի պես փախա ռեստորանից, եղնիկիս թողնելով մենակ, էս արատավոր աշխարհի հետ: Անձրևում էր. երկրի տանիքը պատռվել ու անխնա կաթում էր: Խաչմերուկին ոստիկանության մեքենան մեծ արագությամբ անցավ կանաչ լույսի տակով և ցեխաջրով ողողեց ոտքից գլուխ: Անահիտի դարչնագույն զգեստը կորցրեց իր նախկին տեսքը: - Եզի մեկը,- դուրս թափելով ներսում կուտակածս` կորցրի ինքնակառավարումս: Մեքենան ճռալով կանգ առավ և հաղթանդամ ոստիկանապետը ցցվեց դիմացս: - Ափսոս կին ես, թե չէ...: - Թե չէ ի՞նչ..., - գոռացի` պատրաստ էգի կռիվ տալու: Ոտքից գլուխ չափեց, քմծիծաղով նստեց մեքենան ու հեռացավ: - Եզն ափսոս էր, լուծի կապեիր երկրիդ հողը կակոսեր, սրանք ի՞նչ: Ափսո˜ս երկիրս, ափսո˜ս եղնիկս: Անձրևը սաստկացավ, ոտաբոբիկ քայլեցի դեպի ձորը` արհամարհելով ամեն պատահած: Հասա ձորաբերանին ու ցած իջա: Ընկերացա գետին ապավինող անձրևին, լողացա կաթոցի շոյանքով, մաքրվեցի աշխարհիկ կեղտերից ու փաթաթվեցի տերևազգեստ գետափին: Ուռճացած արցունքներիս ազատություն տվեցի: Անձրևացողին խառնված ճնշված կաթիլները դանդաղ ներծծվեցին և ավելացան հողագնդի չապաքինված վերքերին: