ՍԵՐԳՈՆ ԽԱԲԵ՞Լ Է «ՖԼԵՇԻՆ»


 

Վառելիք ներկրողներին մեծապես հիասթափեցրել է օրերս հրապարակված վիճակագրությունը, համաձայն որի` մեր հանրապետության հողատարածքների ավելի քան մեկ երրորդը շարունակում է անմշակ մնալ: Ասում են, թե նշված փաստից ամենաշատը «ֆլեշ Բարսեղն» է զայրացել, ով ամիսներ առաջ հավատալով ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանի խոստումներին (թե չմշակվող հողատարածքներ հանրապետությունում չեն մնալու)` մինչև անգամ պայմանագիր կնքեց` զեղչված գնով գյուղտնտեսություններին վառելիք մատակարարելու համար:

«Ֆլեշին» մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ մինչև հիմա ինչ-որ քանակությամբ վառելանյութ մարզեր իսկապես առաքվել է, բայց դրանք բացարձակապես չեն արդարացրել հայտնի օլիգարխի հաշվարկներն ու պայմանավորվածությունները: Վերջինս շարունակում է խիստ դժգոհ մնալ Սերգո Կարապետյանից ու մասնավոր զրույցներում նրան «նախշում» է ամենավերջին խոսքերով:

Ըստ տեղեկությունների` մի քանի օր առաջ տեղի ունեցած` բենզինի և դիզվառելիքի գների այս էլ երկրորդ տասը դրամանոց անկումը մեծաքանակ ներկրումների ու նախատեսված ծավալների իրացման անհնարինությամբ է պայմանավորված: Ինչպես հայտնի է` բոլոր ժամանակներում դոլարի սահուն վերելքի պայմաններում, հայրենի օլիգարխները թանկացրել են վառելանյութը: Մինչդեռ այս օրերին նրանց նույնիսկ դոլարի փոխարժեքը չի հետաքրքրում, ու գերխնդիրը, թեկուզև գներն աննշան չափով իջեցնելով, առկա պաշարներն ինչ-որ կերպով իրացնելն է դարձել: