ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ հարաբերություններում մոտալուտ զարգացում չի սպասվում


 

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս հայտարարեց, որ Անկարան մտադիր չէ ճանաչել Կիպրոսի Հանրապետության նախագահությունը Եվրամիությունում: Նա մասնավորապես նշեց, որ իր երկիրը կշարունակի համագործակցությունը Եվրամիության հետ, սակայն չի մասնակցի ոչ մի միջոցառման, որը կղեկավարվի Կիպրոսի կողմից: Թեմայի շուրջ «Ավանգարդ»-ը զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դովութօղլուի` ԵՄ-ի հետ շփումները ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարությունը: Սպասելի՞ էր, որ Թուրքիայի կողմից նման հայտարարություն կհնչի:

- Ըստ էության, այդ հայտարարությունը կամ նմանատիպ մի դեմարշ սպասելի էր, քանի որ Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, հատկապես վարչապետը և արտգործնախարարը, դեռևս ամիսներ առաջ ուլտիմատումային տոնով ասել էին, թե  մինչև Կիպրոսի նախագահության ստանձնումը, եթե այդ խնդրում լուծում չլինի, ապա նրանք կանեն որոշակի քայլեր կամ կհրաժարվեն շփումներից, ինչը և եղավ: Սա ուղղակի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին ցույց է տալիս մի շատ պարզ իրողություն, որ Թուրքիան նախևառաջ օկուպանտ երկիր է և օկուպանտ մտածողության կրող պետություն, որը փոխանակ ընդունի իր սխալը և Կիպրոսի հարցի լուծման մեջ որդեգրի ավելի ռացիոնալ մոտեցում, շարունակում է զավթողական վերաբերմունքը: Մյուս կողմից, Թուրքիան առաջնորդվում է երկակի ստանդարտներով, այսինքն` եթե Կիպրոսի մասին է խոսքը, ապա նա պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, ասել է թե` Կիպրոսի թուրք համայնքի իրավունքը: Իսկ երբ խոսքը վերաբերում է, ասենք, Արցախին, ապա նա կտրուկ դեմ է հանդես գալիս այդ իրավունքին: Սա ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարան երբևէ չի կարող որպես անկախ միջնորդ հանդես գալ տարածաշրջանային որևէ կոնֆլիկտի լուծման ժամանակ:

- Ինչո՞ւ է միջազգային հանրությունը մշտապես աչք փակում Թուրքիայի պահվածքի վրա:

- Միջազգային հանրությունն այս անգամ ևս ցույց տվեց, որ քաղաքական առևտրի մեջ բարոյական սկզբունքները միշտ ստորադասվում են: Քանի որ վերջին շրջանում Թուրքիան կարողացել է տարածաշրջանում բավական մեծ դեր ստանձնել` մասնավորապես կապված Մերձավոր Արևելքի զարգացումների հետ: Հետևաբար, իր դերն ու նշանակությունը նա, փաստորեն, կարողանում է թանկ գնով վաճառել: Իսկ քանի որ Արևմուտքի և ԱՄՆ-ի համար այս լարված Մերձավոր-արևելյան տարածաշրջանում այդ երկիրը բավական մեծ կարևորություն ունի, սա նպաստում է, որպեսզի թուրքական իշխանություններն է´լ ավելի սանձարձակ ու լկտի պահվածք որդեգրեն և ոտնահարեն ցանկացած միջազգային սկզբունք: Սակայն այդ ամենը նրան ներվում է. կարծում եմ` միջազգային հանրությունը շարունակելու է աչք  փակել, քանի դեռ Թուրքիան Մերձավոր Արևելքում նման մեծ կարևորություն ունի: Մենք տեսնում ենք նաև, որ հետևելով արևելյան առևտրի ավանդույթներին, Թուրքիան կարողանում է իր աշխարհագրական դիրքն ու իր քաղաքականությունը շատ լավ օգտագործել սեփական շահերի համար:

- Իսկ այս իրավիճակից ենթադրվո՞ւմ է, որ Անկարան հարցականի տակ է դնում ԵՄ-ի հետ իր հարաբերությունները:

- Կարծում եմ, որ այս պահին Թուրքիայի` Եվրամիության հետ նրա հարաբերությունները երկուստեք բավական սառը վիճակում են: Թուրքական հասարակության մեջ գնալով ավելի է մեծանում այն մարդկանց թիվը, ովքեր դեմ են արտահայտվում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցությանը. դա են վկայում նաև սոցիոլոգիական հարցումները: Բացի այդ, այսօր Թուրքիա-ԵՄ հարաբերությունները գտնվում են որոշակի փակուղային վիճակում, և որևէ կոնկրետ մոտալուտ զարգացում չի սպասվում: Այնպես որ, Թուրքիայի այս հայտարարությունն, ըստ էության, որևէ լուրջ ազդեցություն չի ունենա: Մյուս կողմից, Անկարան իր արտաքին քաղաքականության մեջ երբեմն օգտագործում է գիտակցված և հաշվարկված զոհողության սցենարը: Մասնավորապես, եթե հիշում եք` Իսրայելի պարագայում նա բավական սրեց հարաբերությունները, ինչն իմ կարծիքով հաշվարկված զոհողություն էր, որի արդյունքում արաբական աշխարհում մեծ հեղինակություն ձեռք բերեց: Կարծում եմ` այս «զոհողությունը» ևս հաշվարկված է քաղաքական մեքենայի կողմից: Լարելով իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, նման կոշտ հայտարարություններ անելով, Թուրքիան, ըստ էության, շահող է դուրս գալու:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ