ԷՔՍ ՆԱԽԱԳԱՀԸ
Սարկոզիի ժամանակը


 

Ընտրություններում պարտվելուց հետո Նիկոլա Սարկոզին սիրելի կնոջ` Կառլա Բրունիի և յոթամսյա Ջուլիա դստրիկի հետ մեկնել էր Մարոկկո` Մոհամեդ VI արքայի անձնական ամառանոցում հանգստանալու: Վերադարձին նա չի թաքցրել ուրախությունը` երբ բազմաթիվ ֆրանսիացիներ դիմավորել են նրան ու ինքնագիր խնդրել:

Սարկոզիի մտերիմներից մեկը` նախկին ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն, հավաստիացրել է, որ Նիկոլան հոգնել է գործերից և մտադիր է հեռանալ քաղաքականությունից:

Պարտվածի հոգեվիճակը, էքս-նախագահի անվան շուրջ տարածվող մեղադրանքները կարող են նաև այդպիսի տրամադրվածություն ստեղծել: Բայց արդյո՞ք հախուռն էությամբ Սարկոզին կնախընտրի անդորրը, ընտանեկան երջանկությունն ու փաստաբանական գործունեությունը: Համենայն դեպս` նա չի մասնակցում հունիսի 10-ին մեկնարկած խորհրդարանական ընտրություններին: Ֆրանսիական «Էքսպրես» շաբաթաթերթի փոխխմբագիր Քրիստիան Մակարյանը նրա մասնակցությունն անիմաստ է համարել: Բայց նաև ընդգծել է, որ անհնար է այդ մարդուն պատկերացնել քաղաքականությունից դուրս:

- Հիմա նրա հարազատ կուսակցությունում, որի առաջնորդն է նա եղել համարյա 10 տարի, իշխանության համար լուրջ պայքար է թեժանում,- հավելել է Մակարյանը` «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում:

Ֆրանսիացի քաղաքագետներն էլ համոզված են, որ Սարկոզիի ժամանակը դեռ գալու է. մեկ-երկու տարուց, երբ ճգնաժամը կահագնանա, և դրա հաղթահարման համար վճռական քաղգործիչներ կպահանջվեն: