Ծխողներին ճիպոտահարում են


 

Մինչ քաղաքակիրթ աշխարհը հորդորում է հրաժարվել արատավոր այդ սովորույթից` դրա վտանգավոր հետևանքների ամենասահմռկեցուցիչ փաստեր թվարկելով, Մալիում իսլամիստներն իրե´նց ոճով են պայքարում ծխողների դեմ:

Իսլամիստական «Աթ-Թաուհիդ վալ-Ջիհադ» («Միաստվածություն և ջիհադ») շարժման անդամներն անցյալ ուրբաթ բոլոր կրպակներից հավաքել են բոլոր սիգարեթները և այրել (տեղեկացրել է Ֆրանս Պրեսը): Մալիի հյուսիսային Գաո մարզի Բուրեմ քաղաքում այրելով առգրավվածը, իսլամիստները հայտարարել են, որ իրենք արգելում են ծխել, իսկ ով կհանդգնի չկատարել իրենց պահանջը` ճիպոտահարվելու է:

Ներկայանալ չցանկացող տեղաբնակներից մեկը պատմել է.

- Ես 40 ճիպոտահարված ստացա ծխելու համար և այն պատճառով, որ շարունակել եմ ծխել` նրանց արգելելուց հետո:

«Միաստվածություն» և «ջիհադ»-ի գրոհայինները նույն օրը նաև կանգնեցրել են Բուրեմ մտնող ու այնտեղից դուրս եկող բեռնատարները և խուզարկել` ծխախոտով բեռնված արկղերը տեղում այրելով:

Եվ ընդհանրապես, շատ ինքնատիպ է այս խմբավորման ձեռագիրը: Այս տարեսկզբին էլ նրանք հարձակվել էին Գաո քաղաքում գտնվող Ալժիրի հյուպատոսարանի վրա, հափշտակել էին աշխատակիցներին ու հետո 15 միլիոն եվրո գլխագին պահանջել:

Զինվորական հեղաշրջումից հետո ապստամբած տուարեգների ցեղախումբն ակտիվացել է երկրի հյուսիսում: Նրանք իրենց հսկողության տակ են առել խոշորագույն Տիմբուկտու, Գաո և Կիդալ քաղաքները: Իսկ Մալիի իշխանությունները կորցրել են ազդեցությունը երկրի հյուսիսում, որտեղ մի շարք շրջաններում (մասնավորապես` Գաոն) կտրուկ մեծացել է իսլամիստական խմբավորումների ազդեցությունը: