ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅԱՍՏԱՆ

Նրանք դառնում են մեր խոսնակները


 

ՀՀ Սփյուռքի նախարարության` արդեն բոլորիս հայտնի «Արի տուն» ծրագրի շրջանակներում կրկին մեր երկրում հյուրընկալվել են սփյուռքահայ մեր հայրենակիցները: Նրանք եկել են զորանալու` հայրենիքով, տեսնելու, ճանաչելու և ավելի առարկայորեն սիրելու Մայր հայրենիքը:

«Արի տուն 2012»-ն իրականացվելու է 8 փուլով, իսկ օրերս մեկնարկած երկրորդ փուլին մասնակցում է ավելի քան 100 երիտասարդ` հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և այլ երկրներից: Ընթացիկ տարում ակնկալվում է 1000 երիտասարդի այցելություն: Ինչպես և նախորդ տարիներին, ծրագիրը խիստ հագեցած է և ճանաչողական: Կրկին երեխաները ջերմությամբ են պարուրվելու հյուրընկալող ընտանիքներում: Երկշաբաթյա այցելության ընթացքում նրանք կլինեն Օշականում, Սարդարապատում, Զվարթնոցում, Գառնիում, Գեղարդում, այլուր: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան այցելել Եռաբլուր փառքի պանթեոն` ծանոթանալով Արցախյան գոյապայքարում իրենց կյանքը զոհաբերած մեր մարտիկների գործի մեծությանը: Իսկ ՊՆ զորամասերից մեկում Սփյուռքից եկած պատանիներն ու աղջիկները կծանոթանան հայ զինվորի առօրյային: Վերջին 4 ճամբարային օրերը երեխաները կհամախմբվեն Աղավնաձորում` ըստ նախասիրության առանձին խմբակներում ամրապնդելով իրենց հմտությունները երգի, պարի, հայագիտության ոլորտներում:

Մեր խնդրանքով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ ամփոփեց ծրագիրը` խոսելով նաև արդյունքների մասին.

- Ես կարծում եմ` հայապահպանությանն ամենամեծ նպաստ բերող ծրագիրն «Արի տունն» է: Նախ կցանկանայի ասել, որ այս ծրագիրը ոչ թե հայրենադարձություն է, ինչպես շատերն են շփոթում և փորձում են քննադատել, այլ հայրենաճանաչողական ծրագիր է: Տարբեր երկրների մեր համայնքներից Հայաստան այցելած երեխաները ծանոթանում են միմյանց հետ, և արդեն ստեղծվել է համահայկական ցանց: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ «Արի տուն» ծրագրի մասնակիցների մի մասն ընդունվում են հայաստանյան բարձրագույն ուսհաստատություններ: Ինձ համար հատկապես շատ կարևոր և ուրախալի մի փաստի մասին ևս խոսեմ` արդեն 4 ամուսնություն ունենք «Արի տուն» ծրագրի շրջանակներում: Եվ վերջապես սա ալիքավորվում է, տարածվում, և այս ոգևորությունը մեծ տեղ է գտնում հայկական Սփյուռքում: Երեխաները շատ ոգևորված են վերադառնում և իրենց միջավայրում կարողանում են բոցավառել, ոգևորել բոլոր հասակակիցներին: Ես կարծում եմ` նրանք դառնում են մեր բանբերները, խոսնակները, մեր դեսպաններն իրենց համայնքներում: Այն համայնքներից, որտեղից մենք մասնակիցներ ենք ունենում, հաջորդ փուլում ավելանում է Հայաստան այցելել ցանկացողների թիվը: Մեզ համար մեծ դժվարություն է ստեղծում այն հանգամանքը, որ շատ երեխաներ ուզում են նորից գալ Հայաստան, իսկ մենք ցանկանում ենք, որ այլ երեխաներ ևս մասնակցեն ծրագրին: Մեծ ցավ եմ ապրում, երբ փորձում եմ մերժել այն երեխաներին, ովքեր ուզում են նորից գալ հայրենիք:

ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ ևս մեր խնդրանքով ներկայացրեց նախորդ տարիների արդյունքները:

- Նախ պետք է ասեմ, որ մասնակիցների թիվն է կրկնապատկվել, նույնիսկ եռապատկվել` եթե համեմատենք 2009-ի հետ, երբ մեկնարկեց այս ծրագիրը: Նաև աշխարհագրությունն է ընդլայնվել: Մեծ ակնկալիքներ ունեինք և այսօր տեսնում ենք նաև արդյունքները: Առաջին հերթին դա երիտասարդներին մեկընդմիշտ Հայաստանին կապելն է: Նրանք կապվում են նաև միմյանց հետ, և այդ կապը` հայաստանյան ընտանիքների ու սփյուռքյան իրենց հասակակիցների հետ շարունակվում է: Հայկական բարեգործական ընդհանուր միության վիրտուալ համալսարանի առանձին խմբեր ստեղծվել են հենց «Արի տան» մասնակիցների ուժերով: Ամենաթարմ օրինակը` Ռոստովից հյուրընկալվողները հաջորդ տարի 16 հոգիանոց դասարան ստեղծեցին, որն անմիջապես դարձավ վիրտուալ համալսարանի ուսանողական խումբը: Ունենք մեկ այլ արդյունք, որը մեզ շատ է ուրախացնում: Այս երիտասարդները, որ այսօր մեծանում են Սփյուռքում, ամեն վայրկյան տեղի լեզվամշակութային առանձնահատկությունների ազդեցության տակ են և ձուլման վտանգի պայմաններում երիտասարդները վերագտնում են իրենց արմատները: Բավական մեծ արձագանքներ ունի այս ծրագիրը: Սփյուռքում հավատում են, որ հայրենիքը միշտ կանգնած է սփյուռքահայի թիկունքին:

Սփյուռքի նախարարությունում հյուրընկալված երիտասարդները ևս մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց տպավորություններից: Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում և անշուշտ, կվերադառնան` սրտերում տանելով մի ողջ Հայաստան, մայր հայրենիքի թեժ արևի ու հյուրընկալ ընտանիքների ջերմությունը: Կգնան` անշուշտ վերադարձի սպասումով: Ուկրաինայի Խարկով քաղաքից եկած աղջիկները սիրով զրուցեցին մեզ հետ.

- Ես Հայաստանում եմ երկրորդ անգամ: Այստեղ ամեն ինչ այնքան լավ է, այնքան գեղեցիկ են տեսարժան վայրերը: Ես եկել եմ Ուկրաինայի Խարկով քաղաքից, եթե համեմատենք Ուկրաինայի հետ, Հայաստանը շատ ավելի գեղեցիկ է: Կուզենայի այստեղ ապրել,- ասում է Լուիզա Հովհաննիսյանը:

- Ես նույնպես Խարկովից եմ եկել և հիացած եմ Հայաստանով: Առաջին անգամ եմ այստեղ: Այստեղ մարդիկ շատ բարի և քաղաքավարի են: Այդպիսին են նրանք, ում հանդիպել եմ: Ես նույնիսկ ընդմիշտ կմնայի Հայաստանում,- հավելում է Լաուրան:

Իսկ Աննան Հայաստանում հարազատներ ունի, և անհամբեր է սպասել այս այցելությանը.

- Ինձ ամեն օր կանչում է Հայաստանը: Ես հայ եմ և հպարտ եմ դրա համար:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ