ՎՐԱՑԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՎՐԱՑԻՆԵՐԸ


 

Վրաստանում կարծես օրինաչափություն է դարձել` յուրաքանչյուր ամռան սկզբին բարձրացնել նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ազգային պատկանելության հարցը: Ավելի ճիշտ` հայտարարել, թե նա ծագումով հայ է, ինչը վիրավորական է որոշ «ազնվացեղ» վրացիների համար: Վիրավորական, որ իրենց «արիական ցեղը» ղեկավարում է ազգությամբ հայ նախագահը: Այդ ժամանակ շատերը մոռանում են, որ մինչ այդ դրվատել են Միխեիլին, գնահատել նրա ջանքերը Վրաստան-ԱՄՆ հարաբերություններ ձևավորելու, Վրաստան խոշոր ներդրումներ կատարելու, Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու, վրացիների սոցիալական վիճակը բարելավելու համար: Չէ´, կարևորն ազգությունն է, ծագումը, ու վրացիները չեն ներում նախագահին:…

Ոմանք պնդում են, թե նման կեցվածք են ընդունում ազգայնական ուժերը, իսկ ոմանք էլ շշնջում են, թե թուրքերն ու ադրբեջանցիներն են փողեր տալիս մի շարք ուժերի` նման հայտարարություններ տարածելու համար: Սահակաշվիլին էլ քափ ու քրտինք մտած ժխտում է իր հայ լինելու հանգամանքը, երդվում, որ ինքը զտարյուն վրացի է:

Անկեղծ ասած` մեզ չի էլ հետաքրքրում, թե ինչ ազգության ներկայացուցիչ է Սահակաշվիլին, որովհետև նա իր պետության ու ժողովրդի շահերից հանդես եկող նախագահ է, ով շատ հաճախ հակահայկական դիրքորոշում է ներկայացնում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ նպաստում Հայաստանի մեկուսացմանը: Սակայն իր հայրիկի ու մայրիկի արևով երդվող Միխեիլը, որքան էլ չուզենա, իսկապես հայ է: Նրա պապը Վրաստանի նշանավոր գիտնականներից մեկն էր, Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտի երկարամյա ռեկտորը, ՎՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Ազգանունն էլ Սահակյանց էր: Այս մասին գիտեն շատերը, և Սահակաշվիլին չի կարող հրաժարվել իր պապից ու հորից: Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. վրացիներից նրանք, ովքեր վիրավորական են համարում հայազգի ղեկավար ունենալը, չեն ուզում երբևէ հիշել, որ գրերը, որոնցով գրում են ու ստեղծում իրենց պատմությունն ու մշակույթը` ստեղծվել է ազգությամբ հայ Մեսրոպ Մաշտոցի աջակցությամբ: Չեն ուզում հիշել իրենց ազգային հպարտություն հանդիսացող Շոթա Ռուսթավելու, Զաքարե Փալիաշվիլու, Կոտե Մարջանաշվիլու, գեներալ Բագրատիոնի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասո Գոձիաշվիլու մասին, ովքեր նույնպես հայեր էին: 20-րդ դարի վրաց գրականության մեծագույն դեմքերից մեկը` Նոդար Դումբաձեն, մայրական կողմից հայ էր: Հայկական արմատներ ունի Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, մոր կողմից հայ էր առեղծվածային հանգամանքներում սպանված վարչապետ Միխայիլ Ժվանիան: Ըստ էության, Վրաստանի նորոգ պատմության մեջ հեղաշրջում և ժողովրդավարական շրջափոխություն իրականացրեցին ծագումով հայ երեք գործիչ: Բայց այս ամենը մոռանալով` հերքում են միայն Սահակաշվիլու հայ լինելը: Սա էլ հերթական ապացույցն է մեր այն ենթադրության, որ ամեն ինչ արվում է Վրաստանի հարևան երկու երկրի թելադրանքներով:

Իսկ թե ինչու է Սահակաշվիլին երդվում, որ ինքը հայ չէ` պարզ է ու հասկանալի: Հնարավոր է, որ եթե իր հայ լինելու հանգամանքը հրապարակվի` եղբայրներ Էրդողանն ու Ալիևը չկամենան նրա հետ բարեկամություն անել, նույն սեղանի շուրջ նստել: Գուցեև Բաքուն արգելի Սահակաշվիլու մուտքն Ադրբեջան, Վրաստանն էլ զրկվի շատ փողերից: Բայց երևի ժամանակն է, որպեսզի վրացիները հանգստանան ու չհիշեն Սահակաշվիլու հայ լինելու մասին, քանի որ մեզ` հայերիս, դա բնավ չի ոգևորում: Չէ՞ որ հենց Սահակաշվիլու կառավարման շրջանում Վրաստանում մեծացան հակահայ դրսևորումները, նրա թողտվությամբ արշավանք կազմակերպվեց հայկական պատմամշակութային և կրոնական հուշարձանների վրա, Սահակաշվիլու կառավարման շրջանում փակման հասցվեցին Թբիլիսիի հայկական դպրոցները:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Լավ կլինի, որ Միխեիլի ազգային պատկանելությունը անընդհատ հուշող ադրբեջանցիներին էլ վրացիները հիշեցնեն, որ ազերիական գրականության հիմնադիր և լուսավորիչ Միրզա Ֆաթալի Ախունդովը ոչ այլ ոք է, քան 1840-50-ական թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ուսուցիչ Միրզա Ախունդյանցը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ