ՀՈԲԵԼՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՐԾԱՆՔԸ


 

«Արարատ-73»-ի մեկ այլ լեգենդ` Հովհաննես Զանազանյանը մի առիթով ասաց, որ Մարգարովն իսկական ֆուտբոլային կախարդ է:…

Այսօր այդ կախարդը դառնում է 70 տարեկան: Հենց այսօր: Գուցե չիմանայինք նրա հոբելյանի մասին, եթե չհուշեր նրա պատանության տարիների ընկերը` Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը` կամենալով հաճելի անակնկալ մատուցել իր բոլոր տարիների Ընկերոջը, ով նաև բոլորիս հպարտությունն է: Ու հիմա Ռ. Հակոբյանցի հետ «Ավանգարդն» էլ, իր ընթերցողների անունից ասում է`

- Շնորհավոր հոբելյանդ, թանկագին Էդուարդ Մարգարով: Հայ ժողովրդին Ձեր պարգևած հաղթանակի բերկրանքը չի´ խամրել տարիների փոշուց: Ձեզ նորանոր հոբելյաններ ենք մաղթում, առողջություն, երջանկություն:

«Արարատ-73»-ը մեկընդմիշտ մտավ մեր սպորտի պատմության մեջ: Սակայն դա միայն մարզական նվաճում չէր: Խորհրդային կայսրապետության տարիներին ամեն ինչ կենտրոնացած էր Ռուսաստանի և սլավոնական հանրապետությունների շուրջ, ժամանակ առ ժամանակ «առաջին պլան» էին գալիս Վրաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը: Իսկ ահա Հայաստանը` չնայած իր ունեցած ահռելի տնտեսական և գիտական, մշակութային ներուժին, միշտ գտնվում էր «մոռացվողների» շարքում` այսպես ակնհայտ դարձնելով խորհրդային պետության և կոմունիստական առաջնորդների ընդգծված շովինիզմը: Շատ հաճախ տարբեր մարզաձևերում անգամ հաղթանակները որոշվում էին ԽՄԿԿ Կենտկոմի որոշումներով և ցուցումներով: Բայց Նիկիտա Սիմոնյանի գլխավորած «Արարատը» ջարդեց բոլոր կարծրատիպերը, բոլոր արգելքներն ու հաղթեց Կիևի «Դինամո» թիմին:

Այդ պատմական հաղթանակն անհնար էր պատկերացնել առանց Էդու-արդ Մարգարովի` հայկական ֆուտբոլի պատմության ամենաերևելի դեմքերից մեկի, ում կարելի է այսօրվա եզրաբանությամբ գերաստղ համարել:

Ֆուտբոլային այս հրաշալի դիրիժորն էլ, ինչպես ուրիշներ, վերջին տարիներին գրեթե մոռացության է մատնվել. քիչ է երևում հանրային միջոցառումների ժամանակ, նրան մասին գրեթե չեն գրում, ինքն էլ առանձնակի ջանք չի թափում հանրությանը երևալու և իր ծառայությունները ներկայացնելու համար: Մարդկային տեսակն այնպիսին է, որ չի սիրում աղմուկ ու ծափահարություններ, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում:

1942-ի հունիսին է ծնվել Էդուարդ Մարգարովը: Ծնվել է Բաքվում, պատերազմի դժվարին օրերին: Արդեն դպրոցական տարիներից որոշել էր ֆուտբոլիստ դառնալ, մանավանդ որ մասնակցում էր ֆուտբոլային խաղերի, դառնում սիրողական առաջնությունների հաղթող: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Բաքվի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում: 1960-1966 թվականներին հանդես է եկել սկզբում «Լոկոմոտիվ», ապա արդեն «Նեֆտյանիկ», հետագայում` «Նևֆթչի» թիմերում: Որքան էլ ադրբեջանական հանրության մեջ արդեն իսկ ձևավորված լիներ հայատյացությունը, այնուհանդերձ մասնագետներն ու ֆուտբոլասերներն անզոր էին չնկատել Մարգարովի բացառիկ կարողություններն ու հմտությունները: Նա համարվում էր «Նևֆթչիի» լավագույն խաղացողներից մեկը, ադրբեջանական ֆուտբոլի աստղը: Սակայն Էդուարդ Մարգարովը երկար չէր կարող մնալ Բաքվում, քանզի նրան մշտապես կանչում էին Հայաստանի հանդեպ հոգում անթեղված սերն ու կարոտը, մղում հանդես գալ «Արարատ» թիմում, որն այդ տարիներին համարվում էր հետնապահ թիմերից մեկը: Մարգարովին ոգևորում էր նաև մարզիչ Արտյոմ Ֆալյանը, ով հիացած էր Մարգարովի խաղով: Եվ 1966-ին Մարգարովը եկավ Երևան ու դարձավ իր հայրենիքի քաղաքացին` նշանավոր ու հերոսացած քաղաքացին: «Արարատը» տարի առ տարի նոր նկարագիր էր ձեռք բերում, աստիճանաբար դառնում էր ժամանակի լավագույն թիմերից մեկը, որին միշտ առանձնացնում էին որպես տեխնիկապես գրագետ և տակտիկական ճկունություն ունեցող ակումբ: Այս գնահատականների և առանձնացումների մեջ, անշուշտ անգնահատելի էր Էդուարդ Մարգարովի վաստակը: Հենց «Արարատի» կազմում էլ 1971-ին նվաճեց ԽՍՀՄ առաջնության արծաթե, իսկ 1973-ին` ոսկե մեդալ, 1973-ին և 1975-ին դարձավ ԽՍՀՄ գավաթակիր, ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականի կազմում: Ի դեպ, նա ԽՍՀՄ հավաքականի անդամ էր դեռևս 1966 թվականին, և հենց այդ հավաքականի կազմում էլ մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը: Ես այդ ժամանակ տասներկու տարեկան էի, ամռան արձակուրդներ էին, թաղի տղաներով ամեն երեկո մեր ոչ մեծ փողոցում ֆուտբոլ էինք խաղում` «ընդօրինակելով» առաջին հերթին խորհրդային ֆուտբոլիստներին: Ես միշտ «Մարգարով» էի խաղում, ու հենց դրա համար էլ ինձ հետ կռվում էին ընկերներս, նրանցից ամեն մեկն ինքն էր ուզում «Մարգարով» լինել և գնդակ խփել «Բրազիլիայի» ու «Անգլիայի» դարպասներին:

Գնդակ խփել... Ո՞վ կարող էր գնդակ խփելու հարցում մրցակցել լեգենդար ռմբարկու Էդուարդ Մարգարովի հետ: Նա հայկական ֆուտբոլի պատմության մեջ այն եզակի անհատականությունն է, ով դարձել էր Ֆեդոտովի խորհրդանշական ակումբի անդամ` ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփելով 157 գնդակ: Ակտիվ ֆուտբոլը թողնելուց հետո` Էդուարդ Մարգարովը դարձավ «Արարատի» ավագ մարզիչ, երկրորդ մարզիչ, ապա` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ... Իսկ հետո արդեն լռություն տիրեց նրա անվան շուրջ:

Հիմա, նրա ծննդյան 70-ամյակի օրը, ուզում ենք հետ տանել լռության վարագույրն ու շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլի կենդանի առասպելին այն բանի համար, որ նա շա˜տ երկար ժամանակ բոլորիս ապրեցրեց ֆուտբոլով, որ մեզ ազգային հպարտություն և արժանապատվություն պարգևեց: Ուրեմն, Էդուարդ Մարգարովը մեր ֆուտբոլում արեց այն, ինչ արեցին մեր սպորտում Ալբերտ Ազարյանը, Հրանտ Շահինյանը, Տիգրան Պետրոսյանը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ