ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ


 

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ասում են` վերջին օրերին չափազանց զայրացած է և կառույցների ղեկավարներից պահանջում է վերադարձնել այն փողերը, որոնք տրվել են որպես ընտրակաշառք բաժանելու համար: Ճիշտ է, աննկուն Բիշարյան Հեղինեն հերթական անգամ հայտարարություններ է տարածում, թե այդ ամենը հորինված է, և իրականությանը չի համապատասխանում, սակայն ուզում ենք հարցնել արտադրության նախկին առաջավորին, թե ինչ՞ու աղմուկ չէր բարձրացնում այն ժամանակ, երբ թերթերը գրում էին ՕԵԿ կողմից բաժանված հեռախոսների մասին…

Եթե չէին հերքում, ուրեմն հերքելու բան չկար, իսկ հիմա հուզվել են, որ խոսում են փողերի մասին: Բայց երևի Բիշարյանը պատասխան չգտնի այն հարցին, թե ինչո՞ւ է զբաղեցրած պաշտոնից հեռացել Մադաթյան Էդիկի եղբայրը, ում Արթուր Բաղդասարյանն աշխատանքի էր տեղավորել Արտակարգ իրավիճակների նախարարությունում… Այս մարդը, պարզվում է, ինքն էր որոշակի գումարներ ներդրել, դրանք բաժանել ընտրողներին, ու հիմա, երբ ՕԵԿ-ը չի ստացել համապատասխան ձայները, սկիզբ է առել կոնֆլիկտային իրավիճակը: Ասում են, որ Արթուր Բաղդասարյանը շատ էր կամենում Մարգարյան Հովիկին նախարար դարձնել նաև այն պատճառով, որ սեփական ջրաղաց ու այլ օբյեկտներ ունեցող Մարգարյանը ևս «մուծվել» էր կուսակցությանը: Ու հիմա, երբ Մարգարյանը նախարար չդարձավ, հավանաբար, նա էլ է պահանջելու իր գումարները:

Հուսով ենք, որ Բիշարյանը չի շտապի հերքել այս, քանի որ մի փաստին կարող է մյուս հաջորդը հետևել, ինչը հազիվ թե ՕԵԿ-ի օգտին լինի…