Մակքարտնին 70 տարեկա՞ն


 

Անհավատալի´ է: Մանավանդ լիվերպուլյան հրաշք համարվող «Բիթլզ» խմբի երկրպագուների համար դժվար է 70-ականների լեգենդ դարձած տղաներին այդ տարիքում պատկերացնել: Բայց բրիտանացիների սիրելի Պոլը, ում փաղաքշանքով «Մակկա» են կոչում, արդեն 70 տարեկան է:

- Այդ օրը ես ընտանիքիս հետ կլինեմ,- հայտարարել է երգիչը:- Ծննդյան օրերը ես սիրում եմ տոնել հարազատներիս հետ: Ես չեմ սիրում մեծ տոներ, երբ հավաքվում է մարդկանց բազմություն: Այնպես որ` մեզ սպասվում է ընտանեկան փոքրիկ հանդիսություն:

Բայց նրա հոբելյանը պատրաստվում են նշել աշխարհի տարբեր ծագերում:

Չնայած հառաջացած տարիքին, Պոլ Մակքարտնին համերգային ու ստուդիական ակտիվ գործունեություն է ծավալում: Հենց միայն վերջերս` նրա ելույթով եզրափակվեց Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի գահակալման 60-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը: Իսկ հուլիսի 27-ին նա ելույթ կունենա լոնդոնյան Օլիմպիադայի բացման արարողությունում:

Պոլի անձնական կյանքը ևս հարուստ է իրադարձություններով: Անցյալ հոկտեմբերին նա ամուսնացավ (3-րդ անգամ), իսկ փետրվարին լույս տեսավ նրա երգերի նոր ալբոմը, որն իսկույն տեղ գտավ բրիտանական լավագույն կատարումների եռյակում:

Տաղանդն, իսկապես չի ծերանում, եթե նույնիսկ այն կրողը 70-ամյա հոբելյան է նշում:

Նիկոտին` բանջարեղենում

Ասում են` ծխելը վտանգավոր է: Այդպես էլ կա: Բայց ասում են նաև, որ բանջարեղենը օգտակար է: Ոչ միայն օգտակար, այլ կենսական անհրաժեշտություն է: Ուրեմն նիկոտինն էլ առանձնապես վնասակար չէ` չչարաշահելու դեպքում: Հիշեցնենք, որ ծխախոտի մեծագույն վտանգը դրանում պարունակվող խեժերն են:

Միչիգանի համալսարանի երեք գիտնականներ արտասովոր եզրահանգում են հրապարակել: Հետազոտությունների արդյունքում նրանք համոզվել են, որ շատ բնամթերքներ նիկոտին են պարունակում. օրինակ` լոլիկը, կարտոֆիլը, բադրիջանը (մորմազգի բոլոր բույսերը):

Մասնավորապես, 10 գրամ բադրիջանում առկա է 1 միկրոգրամ նիկոտին: Ճիշտ այդքան նիկոտին ներշնչում է 3 ժամ ծխողների շրջապատում գտնվող չծխող մարդը:

Սովորաբար սիգարեթը պարունակում է 1 միլիգրամ նիկոտին: Իսկ դա նշանակում է, որ 10 կգ բադրիջանում առկա այդ ալկոլոիդը համարժեք է 1 գլանակում եղածին:

Ասում ենք` միչիգանցի գիտնականները եզրահանգել են: Բայց պարզվում է, որ նրանք նոր «աշխարհամաս» չեն հայտնագործել. նրանք ընդամենը ճշգրտել են բանջարեղենում գոյություն ունեցող նիկոտինի չափը: